Ինչպես գիտենք, 2011թ.-ից «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ռեկրեացիոն գոտում ստեղծվեցին հանրային լողափեր, որոնք հարմարավետ են, անվճար ու ապահովված են հանգիստը կազմակերպելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններով: Այս փաստը իհարկե ողջունելի ու գոհացուցիչ է, քանզի սևանցիները և հանրային լողափից օգտվող ցանկացած ոք գոհունակությամբ է արտահայտվում այս ծրագրի ու սպասարկման գործընթացի վերաբերյալ: Սակայն մի խնդիր, այնուամենայնիվ, մնում է: 
Հանրային առաջին լողափը, որը կառուցվել է նախկին քաղաքային լողափի տարածքում, ամենամոտն է գտնվում Սևան քաղաքին, այսինքն` սևանցին ու Սևանում ժամանակավորապես հանգիստ անցկացնող քաղաքացին հանրային լողափ հասնում է ոտքով` հատելով քաղաքային այգին ու հանրային լողափը իրարից բաժանող Երևան-Սևան մայրուղին: Այստեղ էլ հենց կայանում է խնդիրը: Հետիոտնի անցում կամ գծանշումներ գոյություն չունեն, չկա վերգետնյա կամ ստորգետնյա անցում, որից քաղաքացին կարող է օգտվել ու անվտանգ հասնել հանրային լողափ կոչվող հանգստի գոտի: 
Անհերքելի փաստ է նաև, որ ամառվա այս օրերին մայրուղու` Սևան քաղաքից մինչև Թերակղզի հատվածը հագեցած է, իսկ սլացող մեքենաներն էլ «լուսային արագությանը» մի քիչ զիջող ընթացքով են անցնում: Այնպես որ հանրային լողափ ոտքով գնալը, այլ կերպ ասած, կարող է վտանգավոր լինել կյանքի ու առողջության համար: Ուստի առաջարկում եմ ՊԱՏԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ հարմարավետություն ստեղծել նաև այդ տեսանկյունից: 

Առաջարկում եմ` մայրուղու վերը նշված հատվածում սահմանված 90 կմ/ժամ արագությունից դարձնել 60կմ/ժամ և տեղադրել արագաչափ: 
Գծանշումներով առանձնացնել կոնկրետ հատված, որտեղով հետիոտնը կհատի մայրուղին: 
Կարծում եմ առաջարկված այս տարբերակն ավելի պրակտիկ ու քիչ ծախսատար է, ինչպես նաև ժամանակային առումով շուտ իրականանալի: 

Հ.Գ. Մեծ առումով մայրուղու նշված հատվածում գետնանցում կամ վերգետնյա անցում կառուցելը անհրաժեշտություն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել