Ինքնասպանությունը մարդկության հավերժական խնդիրներից մեկն է, քանի որ գոյություն ունի այնքան, որքան Երկրի վրա ապրում է մարդը: Սա այն երևույթներից է, որը մանրամասն ուսումնասիրման կարիք ունի, քանի որ ինքնասպանության կանխման համար անհրաժեշտ է խոր գիտելիքներ ունենալ տվյալ երևույթի վերաբերյալ: Ինքնասպանությունը` իբրև երևույթ, իբրև անձի ինքնաարտահայտման ձև, վարքային դրսևորում, ախտաբանական վիճակ, գոյություն ունի այնքան ժամանակ, որքան երկրի վրա ապրում է մարդը: Հասարակության զարգացման արդի փուլը հատկանշվում է սոցիալական լարվածության կտրուկ աճով, որն ուղեկցվում է անձի ներհոգեկան լարվածությամբ և դեզադապտացիայի տարբեր դրսևորումներով, որոնք էլ հանգեցնում են ինքնասպանության աճի: Մեր իրականության մեջ վերջիններիս այժմեականությունը դառնում է ավելի ընդգծված, երբ նկատի ենք ունենում ներկայումս ազգաբնակչության համատարած նևրոտիզացիայի մեջ գտնվելու իրողությունն ու այն, որ սուիցիդը, շատ հաճախ մեր ժամանակներում լինելով դեպրեսիայի դրսևորման ձևերից մեկը, ավելի վաղ տարիքի անձանց լայն շերտերն ընդգրկելու հակվածություն է ցուցաբերում: Աշխարհումս տարեկան ինքնասպանություն է կատարում 500000-ից ավելի մարդ, իսկ ինքնասպանության փորձերի թիվը հասնում է միլիոնների: Դեռևս լիովին պարզաբանված չէ այն հարցը, թե ինչն է պատանիներին մղում ինքնասպանության, որոնք են այն սոցիալական գործոնները և հոգեկան հատկությունները, որոնց ազդեցության տակ անձը դիմում է ինքնասպանության և այն, թե արդյոք ինքնասպանությունն ունի գենետիկական պայմանավորվածություն: Սույն աշխատանքն ուղղված է այն հարցերի պարզաբանմանը, թե ինչ դեր ունեն սոցիալական միջավայրի անբարենպաստ ներգործությունները պատանիների սուիցիդալ որոշման կայացման վրա, և թե որոնք են այդ գործոնները: Պետք է նշել, որ ինքնասպանության մակարդակը 3 անգամ ավելի բարձր է, քան սպանության մակարդակը, ընդ որում այս հարաբերությունը գործնականում չի փոփոխվում: Ինքնասպանության վիճակագրական վերլուծությունը հանգեցնում է հետաքրքիր արդյունքների: 1987 թվականին նախկին ԽՍՀՄ-ում զոհվել է 54000 մարդ, որը կազմում է բոլոր դժբախտ դեպքերից զոհվածների 22%-ը: Առողջապահական համաշխարհային կազմակերպության տվյալներով` եթե յուրաքանչյուր 100.000 բնակչին ընկնում են 20-ից ավելի ավարտված սուիցիդի դեպքեր, ապա իրավիճակը գնահատվում է ճգնաժամային, այնինչ Ռուսաստանի մի շարք տնտեսական շրջաններում` հեռավոր արևելյան, ուրալյան, արևելա-սիբիրական, այդ ցուցանիշը կազմել է 65-81, իսկ Ուրդմուտիայում և Կոմի հանրապետությունում այն եղել է 150-180, որը լուրջ խորհելու առիթ է տալիս: 2000-2005 թվականներին ՀՀ-ում արձանագրվել է 2396 ինքնասպանության և ինքնասպանության փորձի դեպք: Նշված դեպքերից ամենաշատը ինքնասպանության են դիմել Շիրակի մարզում` 306, Արարատի մարզում` 200, Լոռիում `185: Կատարված վերլուծությունը հնարավորություն է տալիս կատարելու մի շարք եզրակացություններ.

1. Ինքնասպանության և սպանության ցուցանիշները ընդհանուր ձևով արտացոլում են սոցիալական իրավիճակի ոչ բարենպաստ քաղաքների տարբերակումը և կարելի է այդ մոտեցումն օգտագործել որպես սոցիալական ախտաբանության մակարդակի որոշման միջոց:

2. Ռուսաստանի մարզային կենտրոններում սոցիալական իրավիճակը որոշակիորեն առավել բարենպաստ է, քան այլ քաղաքներում, որտեղ համապատասխանաբար ինքնասպանությունների թիվը ցածր է:

3. Սոցիալական ախտաբանության ցուցանիշը համեմատաբար ցածր է արդյունաբերական բարձր զարգացած շրջաններում:

4. Սոցիալական ախտաբանության ցուցանիշը համեմատաբար ցածր է նաև այն շրջաններում, որտեղ ավանդույթների ուժն առավել մեծ է:

5. Սոցիալական ախտաբանության ցուցանիշը մեծ կախվածություն ունի քաղաքների տնտեսական մակարդակից և աշխարհագրական դիրքից:

6. Հետազոտվող քաղաքներում սպանությունների հետ համեմատած ինքասպանության ցուցանիշը երեք անգամ բարձր է:

7. Ինքնասպանության մակարդակը գտնվում է հակադարձ համեմատական կախվածության մեջ քաղաքի բնակչության մեջ երեխաների գրաված բաժնով:

8. Հետազոտվող քաղաքներում ինքասպանության մակարդակի և սպանության միջև նկատելի կորելյացիոն կապ չի հայտնաբերվել: Ինչպես տեսնում ենք, ինքնասպանությունը իրենից ներկայացնում է մեծ պրոբլեմ աշխարհի գրեթե բոլոր երկրների համար: Այս հանգամանքով էլ պայմանավորված է թեմայի արդիականությունը: Պատանիների շրջանում սուիցիդի իրականացման մեջ սոցիալական միջավայրի դերը որոշելու նպատակով անցկացվել է հետազոտություն Աբովյանի Քրեակատարողական Հիմնարկում 2006թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Նախ և առաջ հայտնաբերվել են պոտենցիալ սուիցիդենտները, այնուհետև հետագա աշխատանքները տարվել են վերջիններիս հետ:

Հետազոտության ընթացքում կիրառված մեթոդներն են դիտումը, հոգեբանական զրույցը, «Ծառ» պրոյեկտիվ տեստը, Շնեյդմանի հոգեկան ցավի գնահատման մեթոդիկան, անձի տագնապը, դեպրեսիան, ինչպես նաև սուիցիդալ մտքերի առկայությունը, սուիցիդալ ռիսկի աստիճանը որոշող թեստեր («Դեպրեսիայի գնահատման Բեկի սանդղակը», «Անձի ընկճվածության (դեպրեսիայի) մակարդակի որոշումը», «Դեպրեսիայի և տագնապի հոսպիտալային սանդղակը (Ա.Ս.Զիգմունդ և Ռ.Դ. Սնայթ)», «Թեյլորի տագնապախռովության չափման մեթոդիկան», «Սուիցիդալ ռիսկի որոշման Լյուբան-Պլոցցի հարցարան», «Սուիցիդալ մտքերի սանդղակ»:

Հետազոտությունն անցավ հանգիստ պայմաններում, ընդ որում պատանիներն իրենք էին շահագրգռված հետազոտական աշխատանքում ներգրավվելու մեջ: Առաջ էր քաշված այն վարկածը, որ պատանիների` ինքնասպանության դիմելու որոշման մեջ առավել ազդեցիկ դերը պատկանում է սոցիալական միջավայրին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել