1935 թվականի վերջին ես Լոնդոնում էի և մի անգամ լեդի Լեսլիի մոտ կայացած ճաշկերույթի ժամանակ հանդիպեցի Ուինստոն Չերչիլին, որն այդ կնոջը զարմիկ էր գալիս: Երբ բոլորը վեր կացան սեղանից, Չերչիլն ինձ թևանցուկ արեց ու տարավ մի փոքրիկ հյուրասենյակ:
-Հիմա, պարոն Մորուա,-կտրուկ ասաց նա,-վեպեր գրելու ժամանակ չէ: Այո: Եվ ոչ էլ կենսագրություններ գրելու ժամանակը:
Ես տագնապով նայեցի նրան:
-Այժմ պետք է միայն մի բան գրել` ամեն օր մի հոդված... Եվ յուրաքանչյուր հոդվածում պետք է բոլոր ձևերով կրկնել նույն բանը` Ֆրանսիական ավիացիան, որը մի ժամանակ ամենալավն էր աշխարհում, անշեղորեն կորցնում է իր հզորությունը և այսօր գրավում է չորրորդ կամ հինգերորդ տեղը... Գերմանական ավիացիան, որը նախկինում առհասարակ գոյություն չուներ, ուր որ է առաջինը կդառա աշխարհում... Վերջ... ուրիշ ոչինչ... Եթե Դուք ամբողջ ձայնով բղավեք այդ մասին և ստիպեք ֆրանսիացիներին լսելու Ձեզ, Դուք ձեր երկրին շատ ավելի մեծ ծառայություն կմատուծեք, քան եթե նկարագրեք կնոջ սերն ու տղամարդու փառասիրությունը:
Ես պատասխանեցի, որ, ցավոք, շատ քիչ եմ հասկանում ավիացիայից և բարոյական ոչ մի իրավունք չունեմ դատողություններ անելու այդ մասին, որ եթե ես ձեռնամուխ լինեմ ոչ իմ գործին, ինձ ոչ ոք չի լսի, ուստի ավելի լավ է չհետևեմ իր խորհրդին և առաջվա պես վեպեր ու կենսագրություններ գրեմ:
-Իզուր,-պատասխանեց Չերչիլն իր վստահ, հեգնական ձայնով, որին հազիվ նկատելի ակցենտն առանձնահատուկ յուրօրինակություն ու անկրկնելի հմայք էր տալիս,- իզուր... Այժմ միակ թեման, որը պետք է իսկապես հուզի ֆրանսիացիներին, այն վտանգն է, որ իրենից ներկայացնում է գերմանական ավիացիան...քանզի գերմանական ինքնաթիռները կարող են կործանել ձեր երկիրը... մշակույթը, գրականությունը` այդ ամենը հիանալի է, պարոն Մորուա, սակայն առանց ուժի օգնության մշակույթը դատապարված է կործանման:
Ես չգրեցի այն հոդվածները, որոնք պահանջում էր ինձնից Ուինստոն Չերչիլը, և հիմա դառնորեն ափսոսում եմ դրա համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել