Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը Սուրբ Խաչ դպրեվանքին հիմնադրամի կարգավիճակ է տվել: Այս մասին տեղեկացնում է ստամբուլյան «ՀայԹերթը»:
Սուրբ Խաչ դպրեվանքն 80-ական թվականներից պայքարում է, որպեսզի վարժարանին տրվի հիմնադրամի կարգավիճակ:

Այսօր կայացած Թուրքիայի հիմնադրամենրի գլխավոր վարչության նիստում որոշվել է բավարարել հայկական վարժարանի դիմումը և նրան շնորհել հիմնադրամի կարգավիճակը, ինչը, թուրքական օրենքների համաձայն, զգալի ընդլայնում է կառույցի իրավասությունները:
Նույն նիստի ժամանակ որոշվել է նաև Ստամբուլի Քընալըադա կղզու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հիմնադրամին վերադարձնել գերեզմանատունը, որն անցել էր պետությանը:
Հիշեցնենք, որ 2011 թվականի օգոստոսի 28-ին Թուրքիայի կառավարությունն ընդունել էր ժամանակավոր 11-րդ հոդվածը, որով պետությունը պարտավորվում էր հետ վերադարձվել 1936 թվականին խլված կրոնական համայնքների գույքը կամ դրանց դիմաց փոխհատուցում վճարել:
Այս որոշման միջոցով Պոլսո հայոց պատրիարքարանին ու Թուրքիայում գործող հայկական հիմնադրամներին հաջողվել է հետ ստանալ թուրքական պետության կողմից խլված գույքի ու տարածքների մի փոքր մասը:

Գևորգ Պետրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել