Մէկից աւելի անգամ դժբախտութիւն եմ ունեցել լսելու ազգային պատմութիւն դասաւանդող հայ ուսուցչին եւ խորապէս ցաւել եմ մեր աշակերտող սերունդի համար: Մի կենդանի մեռել, մեռեալ շեշտերով խօսում է մեռելների մասին: Պատմութիւնը նրա համար անհոգի կմախք է եւ ո՛չ թէ բաբախուն սիրտ: Նա հետեւակ գիտելիքներ ունի մեր պատմութեան այս կամ շրջանի մասին. գիտէ ցամաք անցքեր, թուեր, անուններ, այսքանը միայն: Նա սիրտ չունի եւ սիրտ չէ՛ դնում իր դասերի մէջ: Միեւնոյն տրամադրութեամբ նա խօսում է ե՛ւ Տիգրան Մեծի եւ Վեստ Սարգիսի մասին:
Հպարտանքից չեն դողում, չեն լայնանում նրա ռունգերը, երբ պատմում է, թէ ինչպէ՛ս պարսից արքան, հայ սպարապետի անօրինակ քաջագործութիւններից հիացած, ամեն անգամ երբ գինու բաժակը շրթունքներին կը մօտեցնէր՝ կը դժուարանար չբացագանչել՝ «Ճերմակաձին գինի խմէ»:
Ամօթի զգացումը չէ՛ այրում նրան, երբ իր խօսքը հայ խռովասէր նախարարի չարագործութիւնների մասին է:
Սեղմ ասած՝ ստեղծագործ վերապրում չէ՛ նրա աւանդած պատմութիւնը, այլ՝ անհոգի հնախօսութիւն, քանզի իրեն կը պակսի ազգային հպարտանքի նուիրական զգացումը:
Գերազանցօրէն հայրենապաշտ - ահա՛ թէ ինչպիսի՛ն պիտի լինի պատմութեան դասատուն: Այդպիսին չէ՞ - ասել է՝ նրա տեղը դպրոցը չէ: Ասել է՝ բարոյապէս ազատ չէ իր ձեռքն առնելու մեր ցեղի կեանքի սրբազան գիրքը:

Գարեգին Նժդեհ, «Արաքս», 1930թ., թիւ 25, 26, 27

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել