Ազատության հրապարակում այսօր՝ հունիսի 28-ին, հանրահավաք է հրավիրել Նախախորհրդարանը: Իր ելույթում Նախաձեռնության անդամներից Սարգիս Հացպանյանն անդրադարձավ օֆշորային գոտու ազդեցությանը երկրների վրա: Նա հիշեցրեց, որ նախկինում շատ էին խոսում օֆշորային փողերի մասին, սակայն հետագայում այդ թեման քիչ-քիչ դարձավ «փակ», քանի որ օֆշորային գոտիներ կան «զարգացած եվրոպական» երկրներում, և դրանք անհրաժեշտ են համաշխարհային ռազմավարության համար: «Օֆշորները պետք են, որպեսզի աշխարհում փողերը վերաբաշխվեն ցանկալի ուղղությամբ»,- նշեց նա:

Ըստ նրա՝ Հայաստանի «շատ կարևոր ձեռնարկությունները օֆշորից են»՝ նրանցից է «Արմենթել»-ը, որի մասին խոսակցությունները սկսվել են տարիներ առաջ:

Այդ գոտին, ըստ նրա, անհրաժեշտ է նաև, որպեսզի ֆինանսական հոսքերը ուղղեն տարբեր երկրներում ստրատեգիկ ձեռնարկությունների ձեռքբերմանը: «Եվ եթե նման բան է լինում, նշանակում է, շատերը զրկվում են ազդելու քաղաքականության վրա: Սա, փաստորեն, ֆինանսական հոսքերի վերաբաշխման միջոցով նոր գաղութային պետություն է ստեղծվում: Եվ այստեղ շատ դժվար է պահանջել օֆշորից հետ բերել: Կան փորձեր. պետությունը օֆշորին տալը տևում է ամենաշատը մոտ մեկ ամիս, իսկ հետ բերելը՝ նվազագույնը մեկուկես տարի»,- ասաց Հացպանյանը:

Նրա խոսքով՝ այս արատավոր համակարգի դեմ հնարավոր է պայքարել, սակայն դա չի կարող անել ներկայիս իշխանությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել