Լույս է տեսել ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանի «Զիյա Գյոքալփը և «Թյուրքականության հիմունքները»» վերտառությամբ մենագրությունը:


Հեղինակը համակողմանիորեն ներկայացրել և նորովի լուսաբանել է «թյուրքչուլուքի» (թյուրքիզմի ու պանթյուրքիզմի) ամենանշանավոր գաղափարախոսի` Զիյա Գյոքալփի «Թյուրքականության հիմունքները» աշխատության մեջ «օսմանյան մոդելի» քննադատության մոդուսը, Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի սկզբունքների ձևավորման վրա գյոքալփյան զգալի ազեդեցության ֆենոմենը, «դասական օսմանյան» ու թուրք «ազգային» դարաշրջանների գրականության, կրթության և դաստիարակության, «ազգային տնտեսության» մասին գաղափարները:

Նշենք, որ այդ գաղափարները նախկին խորհրդային, ինչպես նաև ներկայիս ռուս կամ հայ գիտնականների աշխատություններում, որպես կանոն, հպանցիկ կամ թերի են ներկայացված, իսկ թուրք հետազոտողների աշխատանքներում` խստագույն միտումնավորությամբ:

Ընդ որում` տասնամյակներ շարունակ հայաստանյան հեղինակների կողմից հիմնականում օգտագործվել է «Թյուրքականության հիմունքների»` ՀՀ ԳԱԱ Արևելագիտության և պատմության ինստիտուտներում պահվող Գ.Հ. Սանթուրչյանի «աշխատանքային» թարգմանությունը, որը գիտականորեն խմբագրված չլինելու պատճառով այդպես էլ չի հրատարակվել:

Այսօր արդեն ընթերցողների դատին է հանձնվում «Թյուրքականության հիմունքները» աշխատության առավել խրթին ամբողջական հատվածների հայերեն թարգմանությունն ու վերլուծությունը պարունակող մի գիրք, որը կարող է օգտագործվել նաև որպես ուսումնական ձեռնարկ:

«Կարծում եմ` այս գիրքը կարող է հետաքրքրել արևելագետներին, պատմաբաններին, լրագրողներին, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակներին»,-նշում է աշախտության հեղինակ Ալեքսանդր Սաֆարյանը:

Հավելենք, որ աշխատությունը հեղինակ շուրջ երկու տասնամյակի գիտական պրպտումների արդյունքն է: Պրպտումներ, որոնք հոդվածների կամ միջազգային մի շարք գիտաժողովներում ներկայացված զեկույցների տեսքով տարբեր լեզուներով հրապարակվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, մասնավորապես, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Կանադայում, Նիդեռլանդներում, Գերմանիայում, Լեհաստանում, Իրանում, Թուրքմենստանում և Ղազախստանում:

Աղբյուր` «Երևանի համալսարան»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել