Նյարդային արթնանալուց վատ բան չկա... Ուզում եմ նամակ գրել, բայց չգիտեմ` խոսքս ո՞ւմ հասցեագրեմ, որ հա՛մ հասկանալի լինի, հա՛մ էլ տեղ հասնի: Րաֆֆի և Բաբաջանյան փողոցների հատման խաչմերուկում` բազմաբնակարան շենքերին շատ մոտ տեղակայված գազալցակայանն արդեն գործում է իմ առողջության ու հանգստի հաշվին... Այս գիշեր, խախտելով հասարակական կարգը և համապատասխան օրենքը, մինչև գիշերվա 4-ը սարսափելի բարձր ձայնով երաժշտություն էր միացրած... Ոռնում էր, մեկը հո չէր տառապում, հո չէր տառապում... Հա լավ, ես չեմ հասկանում, ինչի՞ պիտի էդ ամենն իմ առողջության, հանգստի ու նյարդերի հաշվին լինի: Ինչի՞ չեն հարցնում` այ մարդ, դու ուզո՞ւմ ես այդ ոռնոցը լսել, թե՞ ոչ: Կամ ո՞վ է այդ գազալցակայանի գրողի տարած տեր ու տիրակալին, ինչպես նաև աշխատակիցներին էդքան բարոյական իրավունք տվել մարդկանց հանգիստը խանգարելու: Կամ, որն ավելի կարևոր է, այդ ո՞ր օրենքով է գազալցակայանը բազմաբնակարան շենքերին այդքան մոտ կառուցվել... Հարցեր շատ կան, բայց, ցավոք, այդ հարցերին պատասխանողներ չկան: Փորձեցի կապվել քաղաքապետարանի թեժ գիծ: Մեջբերում եմ. «Հարգելի քաղաքացի, այդ հարցերով դիմեք ձեր համայնքային թաղապետարան, իսկ օրենքը թույլ է տալիս մինչև 00 ժամը բարձր երաժշտություն հնչեցնել» (պադումայեշ, կարելի էր կարծել, որ այդքանը չգիտեինք): Զանգեցի թաղապետարան: Մի տեղ պատասխանեցին, որ պիտի գնամ իրենց մոտ, դիմում գրեմ և դիմումի մեջ պարտադիր նշեմ, որ իմ հանգիստը խանգարում են (շատ ծիծաղելի էր)... Իսկ թաղապետարանի առևտրային չգիտեմ ինչ բաժնից էլ պատասխանեցին, մեջբերում եմ. «Մենք կզանգենք իրենց և կզգուշացնենք»... Հիմա չգիտեմ` լա՞մ, թե՞ խնդամ այս կառույցներում աշխատող մարդկանց մասնագիտական «կարողությունների» վրա... Ինչևէ, շարունակեմ:
Վերը նշված խաչմերուկը ևս մեկ խնդիր ունի: Չգիտես ինչի, քաղաքի բոլոր խաչմերուկներում տեսախցիկներ կան տեղադրված, իսկ այստեղ ոչ: Ի՞նչ կլինի, որ պատկան մարմիններն այդ հարցը շատ արագ լուծեն: Թե չէ ով ոնց ասես մեքենան վարում է (ավելի ճիշտ ճըռռացնում է), ու դու քեզ զգում ես auto rally-ում ու քո կամքից անկախ ներկա ես գտնվում չստացված Schumacher-ների սուտի մրցարշավներին...
...Բա մա՞րդ էլ չկարողանա գլուխը հանգիստ դնել սեփական բարձին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել