Հայաստանում  և առհասարակ աշխարհում իմացան ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական առևտրի մասին: Այդ տեղեկատվությունը Հայաստանում հասարակական դժգոհություն առաջացրեց, սակայն պաշտոնական` պետական մակարդակով… Հայկական կողմից պաշտոնական դիրքորոշում արտահայտող չեղավ  Փոխարենը ռուսական վերլուծական շրջանակները շարունակում են այդ գործարքի վերաբերյալ  մեկնաբանություններ ներկայացնել, թե միևնույն է, եթե ռուսները չվաճառեին այդ զենքը, ուրիշներն էին վաճառելու,  մի բան, կրկնում են նաև որոշ հայ վերլուծաբաններ: Սակայն այս թեզը բնավ տրամաբանությանը չի ենթարկվում: Դա նույնն է, թե մեր բարեկամներից ինչ-որ մեկը մեր նկատմամբ ինչ-որ մի վատ գործողություն անի, օրինակ` խփի մեզ կամ մեր տնից գողություն անի ու հետո էլ ասի` եթե ինքը չաներ, միևնույն է, ուրիշ մեկն էր անելու: Այդպես չեն վարվում դաշնակիցները: Առավել ևս մեզ նման դաշնակցի նկատմամբ, որ բավականին հավատարիմ ենք եղել Ռուսաստանին և այդ իսկ պատճառով` կորուստներ  ունեցել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական համագործակցության դաշտում: «Ինչպե՞ս կընկալեր Ռուսաստանը, եթե օրինակ` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իր դաշնակից երկրներից որևէ մեկը զենք վաճառեր ֆաշիստական Գերմանիային` ասելով, թե միևնույն է` Գերմանիան ուրիշից կառնի: Հիշենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիան Գերմանիային հումք էր վաճառում, և Ռուսաստանը դա չներեց: Երբ պատերազմից հետո Թուրքիայի դեմ ուզում էին ռազմական գործողություններ սկսել, պատճառաբանված էր հենց դրանով, որ չի պահել չեզոքությունը: Հիմա մեր դաշնակիցը մեր դեմ հստակ գործողություններ է կատարում, որոնք դատապարտելի են»,-  ասում է «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն, նախկին դեսպան Արա Պապյանը: Կամ ինչպե՞ս կընկալվեր Ռուսաստանում, եթե մի օր զարթնեին ու իմանային, որ Հայաստանում, բացի ռուսական 102-րդ ռազմաբազայից, որոշել ենք տեղակայել նաև, օրինակ, ՆԱՏՕ-ի ռազմաբազա` պատճառաբանելով, թե եթե մենք նման ռազմաբազա մեր երկրում տեղակայելու հնարավորություն չտայինք ՆԱՏՕ-ի ուժերին, միևնույն է` նրանք այդ բազան կտեղակայեին Թուրքիայում կամ Վրաստանում… Չէ՞ որ Հայաստանը Ռուսաստանին առանց որևէ վարձավճարի է թույլատրում տեղակայել ռուսական ռազմաբազան` այն ընկալելով որպես սեփական անվտանգության գրավական: Եվ ինչպես նշեց Արա Պապյանը, քանի՜ երկիր կերազեր մեր երկրում ռազմաբազա ունենալ, նույնիսկ դրա համար բավականին լուրջ գումարներ վճարել մեզ, որով էլ կկարողանայինք նաև զենք գնել շուկայական գներով:  «Առաջին` հստակ պաշտոնական դիրքորոշում պետք է արտահայտվի զենքի այս խմբաքանակի մասին, որ սա մեզ համար անընդունելի է և վայել չէ դաշնակիցներին: Երկրորդ` Հայաստանը պետք է հետևողականորեն զարգացնի այլընտրանքները` տնտեսական, քաղաքական և այլն»,- ասաց Արա Պապյանը: Պաշտոնական տեսակետ մեր երկրի բարձրագույն, նույնիսկ միջին օղակի ղեկավարության կողմից չի հնչել: Միակ պետական պաշտոնյան, որ այս հարցի կապակցությամբ որևէ տեսակետ է հայտնել, ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունն է. «Ադրբեջանի սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումներն ընդհանրապես չեն գնահատվում խնդրահարույց և հայտնի են ՀՀ համապատասխան ծառայություններին դեռևս պայմանագրերի կնքման պահից: Վաճառվող արտադրանքի տեսակներն ու քանակը չի խախտում ուժերի հավասարակշռությունը և նախադրյալներ չի ստեղծում Ադրբեջանի ղեկավարության համար, իհարկե խելամտության դեպքում, ՀՀ և ԼՂՀ դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու համար: ՀՀ պաշտպանության նախարարությունը զերծ կմնա որևէ հայտարարություն անելուց կամ դիրքորոշում հայտնելուց` հաշվի առնելով լրահոսում տեղ գտած որոշակի ապատեղեկատվության տարրերի հանգամանքը»,- նշել էր Հովհաննիսյանը: Սա, իհարկե, խիստ մասնագիտական, ռազմական բնագավառի խնդիր է, քանի որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինության այդպիսի մեծ խմբաքանակ տրամադրելուց հետո հարց է առաջանում, թե այժմ Անդրկովկասում ուժերի ինչպիսի՛ հարաբերակցություն է ստեղծվել:  Կարևորը ուժերի հարաբերակցությունը չէ, այլ դաշնակցի վերաբերմունքը «Ուժերի հարաբերակցության փոփոխության մասին հնարավոր կլիներ խոսել, եթե մենք մատչելի գներով ռուսական արտադրության ժամանակակից զենք ձեռք բերելու հնարավորություն չունենայինք: Իհարկե, եթե չլիներ այն ռազմատեխնիկական համագործակցության մակարդակը, որն այսօր առկա է Ռուսաստանի հետ, ապա այդ սպառազինությունների մատակարարումն իսկապես ուժերի հավասարակշռությունը կխախտեր ի վնաս մեզ: Ես չեմ կարող մանրամասներին տրվել և ասել, թե մենք ինչ և ինչ քանակով ենք ձեռք բերել,  բայց ակնհայտ է, որ վերջին տարիներին մենք թույլ չենք տվել, որ ադրբեջանական կողմը մեզ գերազանցի: Սպառազինությունների մատակարարման մասին խոսելիս պետք է մի բան հաշվի առնել: Այստեղ վտանգը, ըստ էության, այն չէ, թե Ադրբեջանը մեր նկատմամբ գերազանցություն ձեռք կբերի. այդ առումով վտանգ չկա: Խնդիրն այն է, թե ինչու ռուսական կողմը գնաց նման քայլի` ի հաշիվ իր ստրատեգիական դաշնակցի շահերի»,- ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը` նշելով, որ սա, իհարկե, լուրջ խնդիր է, և այս առումով մենք մտահոգվելու տեղ ունենք զուտ այն առումով, որ չպետք է թույլ տանք, նաև ապագայում, որ ռուս-ադրբեջանական փոխհարաբերությունները կառուցվեն ի հաշիվ մեր կենսական շահերի: Դրա համար, ըստ ռազմական փորձագետի, շատ կարևոր է, որ մեր ռուս գործընկերներն առաջին հերթին խորապես ընկալեն ու հասկանան, որ անցել են այն ժամանակները, երբ հայաստանյան հասարակությունն անվերապահ ռուսական կողմնորոշում ուներ, երբ հայ-ռուսական դաշինքն անայլընտրանք էր ընկալվում մեզանում: «Մենք հիմա, հատկապես մեր երիտասարդության շրջանում, պարբերաբար հայ-ռուսական դաշնակցային  հարաբերությունների անհրաժեշտությունը հիմնավորելու կարիք ենք ունենում: Եվ մեր ռուս գործընկերները պետք է հստակ իմանան, որ նման  յուրաքանչյուր քայլ Հայաստանում հակառուսական դիրքորոշումների խթան է դառնում: Իսկ նման դիրքորոշումների տարածումը Հայաստանում հենց իր` Ռուսաստանի շահերից չի բխում»,- նշեց Դ. Ջամալյանը: Մեզ այդպես էլ չէր հաջողվել ՌԴ դեսպանատնից այս գործարքի մասին որևէ տեսակետ ստանալ: Սակայն «Կենտրոն» հեռուստաընկերությունը նամակ է ուղարկել ՌԴ դեսպանատուն` ճշտելու զենքի վաճառքին վերաբերող որոշ տեղեկություններ ու պարզելու ռուսական կողմի տեսակետը: Սակայն դեսպանատնից պատասխանել են. «Չի կարելի դիվանագիտական ներկայացուցչությունից նման պատասխան պահանջել, ու նաև դա Հայաստանում ՌԴ դեսպանության կոմպետենտության մեջ չի մտնում»: Դեսպանատնից նաև «խորհուրդ են տվել» դիմել մեր արտգործնախարարությանն ու պաշտպանության նախարարությանը: Զարմանալի է դեսպանատան պատասխանի առաջին մասը: Դեսպանատունը` դեսպանությունը, պետության քաղաքական ներկայացուցչությունն է այլ պետության մեջ: Եվ դեսպանը կոչվում է արտակարգ և լիազոր դեսպան, քանի որ նա ունի արտակարգ լիազորություններ:  Ուրեմն ո՞վ, եթե ոչ դեսպանատունը պետք է նման հարցերի պատասխան տա: «Վստահաբար պետք է դեսպանատունը պատասխան տա, քանի որ դա պետական մակարդակի մատակարարում է: Դա չի եղել մի ինչ-որ մասնավոր ընկերության կողմից երկու արկղ փամփուշտի վաճառք, որ պետությունն ասեր` մասնավոր ընկերությունն է արել: Ռուսական պետական ընկերությունն է իրականացնում զենքի վաճառքը: Դեսպանատները` որպես քաղաքական բարձրագույն ներկայացուցչություն, պարտավոր են պատասխան տալ քաղաքական հարցերին»,- այս  կապակցությամբ ասաց Արա Պապյանը: Բայց ուշագրավ է երկրորդ մասը` Ռուսաստանի դեսպանատան «խորհուրդը», այն է` դիմել ԱԳՆ ու ՊՆ: Այսինքն` մենք նման հարցով մեր գլուխը ցավի տակ չենք դնի, ձեր ղեկավարությունը լավ «ջոկող» է, ինքը մի բան մեր փոխարեն կբստրի… «Մեր խնդիրը կեցվածքի խնդիրն է ` ամենատարբեր մակարդակներով: Շատ կարևոր եմ համարում հենց հանրային  մակարդակը, որ մեր ստրատեգիական դաշնակիցը մեր թշնամու հետ հարաբերությունները կառուցելիս չպետք է ոտնահարի դաշնակցի շահերը: Որպեսզի նաև հետագայում մենք հնարավորինս զերծ մնանք նման իրավիճակներից, կարևոր է, որ ռուսական կողմը տեսնի այն խլրտումը, որ Հայաստանում առաջացավ: Մենք հիմա չպետք է խնդիր դնենք կոծկել հակառուսականությունը, որ ռուսական կողմը չտեսնի այս հակառուսականության ալիքը, որ երկրում բարձրացավ. իրենք ստիպեցին, որ բարձրանա, իրենք էլ պետք է տեսնեն ու հետևություններ անեն»,- նշեց Դավիթ Ջամալյանը:  Իսկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ իշխող կուսակցության` ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանը նշեց. «Մենք չենք պատրաստվում գնալ ու ասել, որ իրենք մեր ռազմավարական գործընկերներն են, ինչո՞ւ են այսպես անում և այլն, բայց մենք այդ ճանապարհով չենք գնալու, քանի որ Ռուսաստանը մեր տերը չէ, այլ ընդամենը մեր ռազմավարական գործընկերն է»: Այսինքն` պաշտոնական կոշտ դիրքորոշում սպասելը, մեղմ ասած, միամտություն կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել