Ծնողի, մեծի նկատմամբ տածած հարգանքը դարեր իր վեր կազմել է հայ ժողովրդի  արեժհամակարգի կարևորագույն բաղադրիչը: Ցավոք, այսօր այդ արժեհամակարգում շատ բան է աղավաղվել՝  այդ թվում նաև դա:Մեր ներկայացրած պատմությունները դրա վառ վկայությունն են:

Հարևանուհու պատմածից

«Ուզում եմ պատմել իմ հարևանուհու՝ մի ծեր ու բարի կնոջ մասին, որին անընդհատ նեղացնում են հարսը և թոռները: Ամբողջ հոգով խղճում եմ նրան: Շաբաթը մի քանի անգամ լսում եմ նրա աղեկտուր լացի ձայնը: Հեկեկալով ինչ-որ բաներ է ասում, բայց բառեչը չեն հասկացվում, որովհետև ամեն բառն ասելիս նրան հարվածում են: Մի անգամ այլևս չդիմացա, աղմուկի ժամանակ դուռը ծեծեցի: Դժվարությամբ բացեցին: Տատիկին հասցրել էին թաքցնել լոգարանում և դուռը փակել: Իմ հարցին, թե ուր է նա, հարսը պատասխանեց, թե տանը չէ, տեղ է գնացել: Այդ պահին լսվեցին տատիկի տնքոցները: Նա աղաչում էր դուռը բացել: Ես բացեցի լոգարանի դուռը և տեսա նրան գետնին ընկած: Երբ հարցրեցի, թե ինչ է պատահել, նա իրեն ծեծողներին չմատնելու համար ասաց, թե սայթաքել, ընկել է: Հետո իմացա, որ այդ անգամ հատակը մաքրելու փայտով էին ծեծել: Նա երկար ժամանակ կաղում էր: Այդ օրվանից նրա ընտանիքի անդամներին չեմ բարևում»:

72 տարեկան

«14 տարով մեծ եմ եղբորիցս: Միշտ շատ հոգատար եմ եղել նրա նկատմամբ, մայրություն եմ արել, մեծացրել ձեռքերիս վրա: Սակայն եղբորս կյանքը չդասավորվեց: Նա բռնադատված է եղել, երջանկություն չգտավ նաև ընտանիքում: Կինը հեռացել է նրանից՝ թողնելով յոթամյա որդուն: Մինչ այդ եղբայրս վաճառել էր իրենց երևանյան բնակարանը, որպեսզի տեղափոխվեին Ղազախստան: Սակայն բաժանվելով՝ նա ստիպված էր որդու հետ վերադառնալ Երևան, և քանի որ տուն չունեին, բնակվեցին ինձ մոտ: Այժմ՝ ծերության օրերին, հայտնվել եմ անելանելի վիճակում: Եղբայրս ծայրահեղ ցինիկ է, ծաղրում է ինձ, մարդկանց ներկայությամբ ստորացնում, իսկ խմած ժամանակ ծեծում է: Ստիպված եմ լինում փախչել տնից և շաբաթներով ապրում եմ տարբեր մարդկանց տներում՝ նրանց ևս նեղություն պատճառելով: Հոգնել եմ թափառելուց: Նաև նեղվում եմ այս խայտառակությունից: Ես միշտ հարգված եմ եղել իմ շրջապատում, աշխատավայրում (աշխատել եմ մշակույթի նախարարությունում): Դիմում եմ ոստիկանություն և այլ ատյաններ, սակայն ելքը չեմ գտնում: Խղճում եմ եղբորս, չեմ կարող տնից դուրս հանել, քանի որ գիտեմ, որ դա նրա համար կործանում կլինի»:

Բարեկամուհու պատմածից

«Գրում եմ ինձ հարազատ և շատ մտերիմ  մի բարի ու լավ ընտանիքի մասին: Ազգակցական կապեր չեմ ունեցել, բայց երկար տարիներ մտերիմ ենք եղել: Երջանիկ ամուսիններ էին, միայն թե երեխա չունեին: Որոշեցին Երևանի մանկատներից մեկից երեխա որդեգրել: Որդեգրեցին աղջիկ ու տղա՝ երկու տարվա տարբերությամբ: Վեց տարի հետո Վրաստանում ապրելուց հետո տեղափոխվեցին Երևան՝ իրենց փոքրիկների ծննդավայրը: Շատ էին սիրում երեխաներին: Լավ ու վատ օրերով մեծացրեցին, բարձրագույն կրթության տվեցին: Աղջիկն ամուսնացավ: Մեծ էր ծնողների ուրախությունը: Շատ հաջող ընտրություն էր արել ու երջանիկ էր: Ծնվեց այնքան սպասված թոռնիկը: Տղան բանակում ծառայելուց հետո վերադարձավ տուն և շուտով նա էլ ամուսնացավ; Թվում էր, թե ամուսինները երջանկության գագաթնակետին են, քանի որ կատարել էին իրենց ծնողական պարտականությունները և արդեն պետք է վայելեն իրենց ծերությունը: Բայց կարճ ժամանակ հետո հարսն իմացել էր, որ իր ամուսինն ու նրա քույրը ծնողների հարազատ զավակները չեն, նաև այն, որ նրանք հարազատ քույր ու եղբայր չեն: Այստեղից էլ սկսվեցին համերաշխ ընտանիքի անախորժությունները: Հարսը տալին արգելեց տեսակցության գալ իր ծնողներին, նույնիսկ եղբորը չէր թողնում հանդիպել քրոջը: Տարեցների համար դժվար էր այդ ամենի հետ հաշտվելը, բայց հանուն իրենց երեխաների՝ լռում էին: Հարսը դաժանորեն արգելում էր նրանց իրենց միակ որդու հետ խոսել: Այս տողերը գրելիս անչափ հուզվում եմ՝ հիշելով հարազատներիս այդքան բարի լինելն ու հարսի դաժանությունները: Վերջինիս հաջողվեց Երևանի ծայրամասում մեկսենյականոց բնակարան ստանալ և ծերերին տեղափոխել այնտեղ: Նրանց խնամում էր աղջիկը, որն այդ ամենից հետո հավատարիմ էր մնացել ծնողներին: Այնինչ որդին հնազանդվեց կնոջ պահանջներին: Նա ամուսնուն սպառնացել էր, որ եթե ծնողներին հանդիպի, ինքը կբաժանվի, և ամուսինը կզրկվի երեխային տեսնելուց: Ծնողները մահացան՝ որդու կարոտը սրտներում: Ապերախտ որդին չմասնակցեց նույնիսկ ծնողների հուղարկավորությանը»:

75 տարեկան

«Ամուսինս Խորհրդային Միության տարիներին բավականին բարձր պաշտոն, անուն ու դիրք ուներ: Վատ չէր վաստակում: Ամեն ինչ անում էր մեր մինուճար որդու ապագան ապահովելու համար: Տղաս ինստիտուտն ավարտեց, պատվով ամուսնացրինք: Բայց հանկարծահաս հիվանդությունը ամուսնուս կյանքը խլեց: Դրանից հետո ամեն ինչ փոխվեց: Տղաս, որի համար առանձին բնակարան էինք գնել, պահանջեց, որ վաճառեմ մեր սեփական տունը և փողն իրեն տամ՝ ինչ-որ գործի մեջ դնելու համար: Իմ հարցին, թե այդ դեպքում ես որտե՞ղ պիտի ապրեմ, պատասխանեց, որ կօգնի՝ տեղափոխվեմ Արմավիրի մարզում բնակվող քրոջս մոտ: Ես հասկանում էի, որ նա այդ փողերը պարզապես մսխելու է: Առանց այն էլ շատ էր խմում, օրերով հարբած էր: Մի օր էլ, երբ չհամաձայնեցի նրա պահանջին, դաժանաբար ինձ ծեծեց: Ամբողջ դեմքս ուռել էր, կապտել: Դա սկիզբն էր: Դրան հաջորդեցին նաև հարսիս, թոռանս սպառնալիքները: Վերջինս էլ մի քանի անգամ ծեծեց ինձ: Այլևս չդիմանալով այդ հալածանքներին՝ դիմեցի դատարան: Այնտեղ զարմացան, որ որդիս այդքան շտապում է այդ տանը տիրանալու համար. չէ՞ որ նա իմ մինուճարն է, և այսպես թե այնպես այդ տունն իրեն է մնալու: Ոստիկանություն կանչեցին, թուղթ վերցրին, որ ինձ այլևս չի նեղացնի: Բայց տղաս ու թոռս ոստիկանություն դիմելու համար ինձ մի լավ դաս տվեցին՝ վախեցնելով, որ եթե փորձեմ մի անգամ էլ բողոքել, սաղ-սաղ կթաղեն ինձ: Ես սկսվեցի, բայց էլի չէի համաձայնում տունը վաճառել: Քոռանամ ես…տղաս թոքերի հիվանդություն ուներ, խմիչքն էլ ավելի հյուծեց նրան. կորցրի որդուս…Տանջվում էի, ինձ մեղավոր էի զգում: Բայց դեռ տղայիս քառասունքը չլրացած՝ հարսս, թոռս ու նրա կինը նոր հարձակումներ սկսեցին՝ սպառնալով, որ կթունավորեն ինձ կամ կենդանի կթաղեն: Փորձեցի ընդառաջ գնալ: Առաջարկեցի տեղափոխվել ինձ մոտ: Թոռս համաձայնեց, բայց դրանից հետո սպառնալիքները չվերացան: Հիմա իմ տան մեջ բռնավոր եմ, գիշերները վախենում եմ քնել»:

76 տարեկան

«Տասնհինգ տարեկան էի, երբ այրիացա: Երեխաներս առանց հոր մեծացան: Շատ զրկանքներ եմ տարել, որ երեխաներս ինչ որ բանի կարիք չզգան: Կատարել եմ նույնիսկ ամենաչնչին քմահաճույքները: Գուցե դա էր պատճառը, որ տղաս սկսեց ինձ ղեկավարել: Երբ ինչ որ հարցում իր հետ չէի համաձայնում, նա մեծ աղմուկ էր սարքում, լեզուն կուլ էր գնում: Հետո սկսեց ձեռքերին ազատություն տալ: Ես ստիպված լռում էի ու համակերպվում. մտածում էի` կմեծանա, խելքը գլուխը կհավաքի: Անցան տարիներ: Որդիս նոր էր վերադարձել բանակից, երբ նրա ականջին հասավ, որ գյուղի տղամարդկանցից մեկին, ում կինը մահացել էր` որբ թողնելով երկու անչափահաս երեխաների, ծանոթները խորհուրդ էին տվել ամուսնանալ ինձ հետ: Ասել էին, որ առաքինի, որբի դարդը իմացող կին եմ: Ես անտեղյակ էի, տանը լվացք էի անում: Հանկարծ տղաս գազազած ներս ընկավ ու սկսեց ինձ ծեծել: Ամեն հարվածի հետ կրկնում էր. «Քեզ տղամարդ ա, հա՞, պետք: Բա ես ի՞նչ եմ…»: Հողը երերաց ոտքիս տակ: Ես հասկացա, թե ինչ հրեշ եմ մեծացրել: Մի կերպ հանգստացրեցի նրան, նա հավատաց, որ իմ մտքով նման բան երբեք չի անցել ու չի էլ անցնի: Հիմա արդեն մեծացնում եմ ծոռներիս, շատ լավ հարս ունեմ (միակ մխիթարությունս կյանքում): Բոլորից թաքուն միասին լաց ենք լինում մեզ բաժին հասած բախտի համար»:

Պատմությունները տրամադրել է «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպությունը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել