Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի 2012 թվականի տարեկան հաշվետվությունից հետո վերջինին արժանիորեն կարելի է պարգեւատրել «Արշակ Սադոյան» քաղաքական ամենաընդդիմադիր գործչի կարգավիճակ խորհրդանշող պայմանական շքանշանով: Բայց եթե  հանրությունը, շարքային քաղաքցիները ծափերով ընդունեցին իշխանության ներկայացուցչին՝ իշխանությունը մերկացնող հայտարարությունից հետո, ապա իշխանական որոշ շրջանակներ այդ քննարկումներից հետո արմատականորեն տրամամադրվել են  Իշխան Զաքարյանի  դեմ:
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի նկատմամբ ներիշխանական ու կուսակցական դժգոհություն է հասունանում: Այս դժգոհությունը հիմնականում վարչապետ Տիգրան Սարգսյանի թիմակիցներն են խմորում: Ինչպես հայտնի է վերահսկիչ պալատի 2012թ հաշվետվության արդյունքում պարզվեց, որ բյուջեի 70 տոկոսը ռիսկային գոտում է, ինչպես նաեւ հայտարարվեց ավելի քան 700 մլն բյուջետային չարաշահումների մասին: Այժմ այս օղակներում նախաձեռնում են  ստուգել  Վերահսկիչ պալատի գործունեությունը եւ նույն կերպ, ինչպես Իշխան Զաքարյանը վարվեց, հրապարակայնացնել ՎՊ-ի  կատարած խախտումները, որոնք տեղի են ունեցել ուսումնասիրության ընթացքում: Ի դեպ, ՎՊ նախագահը տարաձայնություններ ունի նաև իր ենթակաների հետ, որոնք ստուգումների գործընթացում լուրջ խոչընդոտներ են առաջացնում և ինֆորմացիայի արտահոսք ապահովում:Թե ինչ զարգացում կունենա հասունացող այս դժգոհության ալիքն ու արդյունքում ինչ խախտումներ կբացահայտվեն՝ ժամանակը ցույցը կտա, սակայն փաստ է, որ ՎՊ-ի ոչ թափանցիկ գործունեության մասին մի քանի անգամ որոշ պատգամավորներ հենց իշխանության ներկայացուցիչներից բարձրաձայնել են ԱԺ բարձր ամբիոնից: Կարծիքներ են հնչել, մասնավորապես, որ Իշխան Զաքարյանը որեւէ մարմնում ստուգում կատարելիս առաջ է քաշում կոմպրոմիսի հարցը, որը շատ դեպքերում ըստ ամենայնի ավարտվում է գործարքով: Նշենք նաեւ, որ  լրատվական կայքերից մեկի հրապարակման համաձայն,  ՎՊ-ի 2008թ. գործունեության մեջ հայտնաբերել է մոտ 8 միլիարդ դրամի խախտում, որից վերականգնման ենթակա է եղել մոտ 5,9 միլիարդ դրամը, սակայն գումարով վերականգնվել է ընդամենը 2,4 միլիարդ դրամը, իսկ 852 հազար դրամը վերականգնվել է աշխատանքով, անարդյունավետ ծախս է համարվել մոտ 1,8 միլիարդ դրամի ծախսը: 2009թ. արձանագրվել է 7,7 միլիարդ դրամի խախտում, որից վերականգնման ենթակա է եղել մոտ 6,5 միլիարդ դրամը, այս դեպքում էլ գումարով վերականգնվել է 3,2 միլիարդ դրամը, 2,6 միլիարդն էլ վերականգնվել է աշխատանքով, իսկ 1,3 միլիարդ դրամի ծախսը համարվել է անարդյունավետ: Հենց վերականգնման ենթակա ու վերականգնված գումարների կամ աշխատանքների մեջ եղած տարբերությունն էլ, վկայում են,  ՎՊ-ի եւ որեւէ գերատեսչության միջեւ կայացած գործարքի հանգամանքը:
2012 թվականին Վերահսկիչ պալատն արձանագրել է  մոտ 1.3 միլիարդ դրամի ֆինանսական խախտումներ ու թերացումներ, որից վերականգնման ենթակա է եղել մոտ 374 միլիոն դրամը, անարդյունավետ է համարվել 918 հազար դրամի ծախսը: Չի բացառվում,սակայն,  որ շահագրգիռ օղակների հակագրոհը Իշխան Զաքարյանի ուղղությամբ կունենա այն հանգուցալուծումը, ինչին, փաստորեն, ականատես եղանք ՎՊ հաշվետվությունից հետո: Եւ որ դա կլինի ընդամենը ներիշխանական պայքարի հերթական ռաունդը, որը ընդամենը նպատակ կհենտապնդի կոմպրոմատներ  հավաքել նաեւ բոլոր նրանց դեմ, ովքեր հանդգնել են սրբի պսակով ներկայանալ:
Այդուհանդերձ, չի բացառվում նաեւ, որ ներիշխանական հերթական ինտրիգների արդյունքում թույլ օղակ ճանաչվի հենց Իշխան Զաքարյանը ու   մեծ գլուխներ պատժելու Սերժ Սարգսյանի թմբկահարած ծրագրի շրջանակներում առաջ քաշվի նաեւ ՎՊ նախագահի պաշտոնանկության հարցը: Ի վերջո, չմոռանանք, որ աշնանը լրանում է նրա առաջին պաշտոնավարման ժամկետը:
Անի Սահակյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել