« Եթե խոսենք ծրագրի զուտ բովանդակային կողմի մասին, ապա ակնհայտ է, որ խմբագիրներն ու հաղորդավարը թերացել են «տնային աշխատանք» կատարելիս »

ՀՌԿԿ-Հայաստանի տնօրեն, տնտեսագետ Հեղինե Մանասյանը այն եզակի մարդկանցից է, ում խոսքը հաճելի է լսել՝ անկախ նրանից՝ համաձայն ես նրահետ, թե ոչ։ Նա գրեթե միշտ հանդես է գալիս անսպասելի ու հետաքրքիր մասնագիտական մոտեցումներով, եւ այդ էր պատճառը, որ որոշեցի դիտել «Կենդանի մատյան» հաղորդումը (մայիսի 22-ին) նրա մասնակցությամբ։ Հաղորդաշարը եթեր է գնում «Արմենիա» հեռուսաընկերությամբ. իմ դիտած թողարկումը նվիրված էր միգրացիային։

Նախ ասեմ, որ վերոհիշյալ ծրագիրը նայեցի առաջին եւ, ըստ երեւույթին, վերջին անգամ։ Այն, ինչ տեղի էր ունենում էկրանին, ավելի մեղմ, քան «ոճական մածնաբրդոշ», չես անվանի։

Պարզից էլ պարզ է, որ ամեն մի ծրագիր պիտի ունենա բովանդակային կոնցեպտ ու գոնե որոշակի պատկերացում, թե ինչ ժանրի է այն պատկանում (լրատվական, վերլուծական, մշակութային, ժամանցային, սպորտային եւ այլն), ինչ խնդիրներ է դնում իր առջեւ եւ ինչ գաղափարներով է ներկայանում հեռուստադիտողին։

Այդ կոնցեպտուալ եւ բովանդակային մոտեցումներն են, որ, ըստ էության, ձեւավորում են ծրագրի ամբողջական ոճը, դրանցով է պայմանավորված հաղորդավարի ընտրությունը՝ ներառյալ արտաքինը, հագուստը, առոգանությունը, փորձառությունը, տաղավարի դիզայնը՝ սկսած աթոռների ձեւից ու դասավորությունից, վերջացրած՝ պատերի ու հատակի գույներով, երաժշտական լուծումները, «շապկաները», «բլյումերը» եւ այլ տեխնիկական հնարքները։

«Կենդանի մատյան» հաղորդաշարում խառնված է ամեն ինչ։ Ծրագիրը սկսվում է տագնապալի երաժշտական մուտքով ու գրաֆիկական լուծումներով, որոնք իմ մանկության 02-ի ու մի քիչ էլ «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»-ի հետ անմիջական ասոցիացիաներ են առաջացնում։

Այնուհետեւ գիշերային Երեւանի ֆոնին մեզ է ներկայանում արեւմտյան քոլեջի համազգեստ հիշեցնող կոստյումով, դոնկորլեոնյան հավակնություններով ու «լավ տղայի» շարժուձեւով մի տղամարդ, ով դանդաղ, հատիկ-հատիկ արտասանում է հետեւյալ նախադասությունը՝ «Եթե շեքսպիրյան Համլետը գրվեր այսօր Հայաստանում, ապա հայտնի մենախոսությունը կհնչեր հետեւյալ կերպ՝ գնա՞լ, թե՞ չգնալ. այս է խնդիրը»։ Արտասանում է այնպես, որ այդ պահին ուզում ես մեջ ընկնել ու ասել՝ «а теперь, внимание, вопрос»:

Հաղորդման հյուրերին ներկայացնելուց հետո հետուստադիտողներիս վերջապես հրավիրում են տաղավար։ Եվ, օ՜ հաճելի հայտնություն, տաղավարը եւս՝ հին, բարի ու ծանոթ «Ուգոլնիկով-Ուրգանտ երեկոյան շոու» ոճի մեջ է։ Ձախ անկյունում չգիտես ինչու տեղակայված է սեւ ռոյալ։ Սկզբից մտածում ես՝ երեւի ինչ-որ ժամանցային ծրագրից ժառանգություն մնացած ռեկվիզիտ է կամ էլ ուղղակի «պատահաբար դաշնամուրը հետն էր»։ Սակայն մի քանի վայրկյան հետո դաշնամուրի մելամաղձոտ հնչյունները ցրում են բոլոր կասկածները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել