Կարդալով վերնագիրը՝ «Մտավորականների բաց նամակը Սերժ Սարգսյանին, Բակո Սահակյանին և Ամենայն հայոց կաթողիկոսին», ապա նայելով այն ստորագրողների պատկառելի քանակը (350 հոգի)՝ անկեղծորեն ուրախացա. վերջապես հայ մտավորականները լեթարգիական քնից զարթնել են, հասկացել են, որ Հայոց երկիրը սրընթաց ու անշեղորեն սլանում է դեպ կործանում։ Քրեաօլիգարխիկ անօրինություններն ու ավերածությունները, սարսափելի չափերի հասած արտագաղթը, դրան գումարած՝ Արցախի հարցում մեր «ռազմավարական դաշնակցի» ադրբեջանանպաստ հայտարարությունները, 1 մլրդ դոլարի հասնող ռուսական տեխնիկայի վաճառքը մեր թշնամուն, դրան զուգահեռ՝ Հայաստան ներմուծվող գազի սակագնի բարձրացումը, «Գազպրոմի» կողմից հայաստանյան մասնաբաժնի 20 տոկոսը զավթելուն միտված գործընթացները և Հայաստանը հայաթափելուն միտված բազում մյուս գործողությունները արթնացրել են հայ մտավորականներին...

Կարդացի նամակի առաջին տողը՝ «2011 թ. ամռանը, ռուսաստանաբնակ Լևոն Հայրապետյանը ձեռնարկեց Գանձասարի վանքային համալիրի պարիսպների սալիկապատման աշխատանքները, որն առաջացրեց մասնագիտական և հանրային վրդովմունք, բարձրացավ քննադատական մեծ ալիք` Հայաստանում և Արցախում...» ու, շատ մեղմ ասած, մնացի ապշած։ Մտածելով, որ երևի տեսողական խաբկանք է, որոշեցի մի նախադասություն էլ ընթերցել «Բաց նամակի» միջնամասից. «Ինչո՞ւ օրենքով սահմանված կարգով չի արգելվում սալիկապատումը… Ինչո՞ւ միջոցներ չեն կիրառվում Գանձասարի վանքային համալիրի պատմությունը ոչնչացնող ձեռնարկումների դեմ»…
Համամիտ եմ, պատվարժան տիկնայք և պարոնայք, պատմաճարտարապետական արժեք ներկայացնող հռչակավոր համալիրի տեսքն աղճատելն անօրինություն է, բայց, հարգելիներս, այսօր ձեզ համար մեր ազգային լինելությանն ու երկրին սպառնացող ամենամեծ վտանգն արդյո՞ք Գանձասարի շրջապարսպի սալիկապատումն է։ Մտավորականի ձեր սուր աչքն առնվազն վերջին 2-3 շաբաթում միայն դա՞ նկատեց։ Ուրիշ համազգային խնդիրներ ու պրոբլեմներ չկա՞ն «Հայաստան՝ երկիր դրախտավայրում»։ Հայոց հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, գիտակրթական ու մշակութային կյանքում ամեն ինչ Ok է, ու մեր հանգիստ, անհոգ ու երջանիկ կյանքին միակ խանգարողը Գանձասարի շրջապարսպի սալիկապատո՞ւմն է։

350 հոգի, ձեր թանկագին ժամանակը զոհաբերել ու բազում վերքերից մահամերձ «հիվանդի» մարմնի վրա գոյացած «գորտնուկի» հա՞րցն եք բարձրացնում...
Հարգելիներս, շատ կներեք, բայց ինձ թվում է, որ դուք և երկիրն ու ժողովուրդն այս պահին միանգամայն տարբեր ժամանակատարածքային «գոտում» եք ապրում։ Ձեզ բարի ժամանց եմ մաղթում ու անկեղծորեն նախանձում, որ ձեր գոյությանն ու երջանկությանը սպառնացող միակ վտանգը Գանձասարի շրջապարսպի սալիկներն են...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել