
Ցավում եմ, որ Facebook–ում արդեն վարկաբեկում և քննադատում են նաև Ռալֆ Յիրիկյանին՝ համարելով, որ նա ժողովրդի փողերով է ժողովրդի համար բարեգործություն անում: Պետք է նկատել, որ այո՛, «ՎիվաՍել-ՄՏՍ»–ը մի ընկերություն է, որն աշխատում է քաղաքացիների հետ, և նրա գումարներն ու եկամուտներն առաջանում են քաղաքացիների վճարումներից։ Նմանատիպ կազմակերպությունները բավականին շատ են, բայց այդ կազմակերպություններից ոչ ոք Ռալֆ Յիրիկյանի չափ բարեգործություններ չի իրականցնում։ Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ռուսական ընկերություն է, բայց Ռալֆ Յիրիկյանը կարողանում է համոզել նաև ռուս սեփականատերերին, որպեսզի նրանք լայնամասշտաբ ծրագրեր իրականացնեն ու տարբեր խնդիրներ լուծեն Հայաստանում։ Նման հայրենասեր մենեջերին միայն շնորհակալություն կարելի է հայտնել և ոչ վատաբանել։
Հ.Գ. Մեզանում դառնում է սովորություն, որ ոչինչ չանող մարդիկ ուղղակիորեն քննադատում և վարկաբեկում են այն մարդկանց, ովքեր օրնիբուն ծառայում են Հայաստանի Հանրապետությանը։ Կարծում եմ` հասարակությունը իր գնահատականը այստեղ պետք է օբյեկտիվորեն տա՝ կանգնելով նման հայրենասեր մարդկանց կողքին, հակառակ պարագայում այս մարդիկ ուղղակիորեն մեկ օր կհիասթափվեն և կհեռանան։ Իսկ եթե Ռալֆ Յիրիկյանի կողքին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ղեկավարի ազգությամբ ռուս որևէ այլ պաշտոնյա, ինչի օրինակը մենք ունենք, դիցուք՝ «Բիլայն» ընկերության ռուս մենեջերը, Հարավկովկասյան երկաթուղու ռուս մենեջերը, այս պարագայում մենք կունենանք Հայաստանի ու Հայաստանի քաղաքացու հանդեպ ամբողջությամբ անտարբեր ռուս պաշտոնյա։ Իսկ այս պարագայում մենք ունենք Ռալֆ Յիրիկյան, ում պետք է սիրել, հարգել ու հնարավորություն տալ, որպեսզի նա շարունակի ծառայել մեր հասարակությանը։