Արտագաղթում է, թե´ ծանր սոցիալական վիճակում գտնվող քաղաքացին, թե´ փող ունեցողը. Ռուբեն ՀակոբյանԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը կարծում է, որ «ՀայՌուսգազարդ» ընկերությունում ունեցած Հայաստանի կառավարության 20 տոկոս բաժնեմասը ռուսական «Գազպրոմ»-ին տալու շուրջ բանակցությունները ավելի շատ քաղաքական ենթատեքստ կարող են ունենալ, քան տնտեսական: Սակայն մինչ բանակցությունների ավարտը, պարոն Հակոբյանը ձեռնպահ է մնում այդ հարցի վերաբերյալ որևէ գնահատական տալ: 

«Բայց քաղաքական առումով, պետք է ասեմ, որ այս քսան տարիների ընթացքում մենք էականորեն կորցրինք մեր անկախ պետականության նշաձողը: Մեր պետության կենսագործունեության հիմնական ոլորտները մենք չենք տնօրինում: Իսկ դա ուղիղ համեմատական է քո անկախության չափին: Այս առումով մենք ամեն ինչը զիջելով, ամեն ինչը տալով, անկախ պատճառաբանությունից, զիջում ենք մեր անկախությունը, մեր ինքնությունը», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով բանակցությունների մասին տեղեկությունները ասաց, ԱԺ ընդդիմադիր պատգամավորը:

Ընդհանրապես, վերլուծելով Հայաստանում ստեղծված վիճակը, պատգամավորը եզրակացրեց՝ մեր երկրում տնտեսական ու բարոյահոգեբանական այն ծանր է, և եթե իշխանությունները, նրա խոսքով, չգիտակցեն դա, «տխուր հեռանկար է սպասվում»: «Մեր պետականությունը քայլ առ քայլ զիջեցինք և հիմա մեր երկրի ճշգրիտ գնահատականը արտագաղթի տեմպերն են, որն ուղղակի սպառնում է մեր ազգային անվտանգությանը», -մեզ հետ զրույցում նկատեց պատգամավորը: 

Նրա խոսքով, արտագաղթողներից բացի, Հայաստանում ապրողների շուրջ 60 տոկոսի աչքը դրսում է և հոգեբանորեն իրենք իրենց մեր երկրից դուրս են պատկերացնում: «Այսօր յուրահատկությունն այն է, որ արտագաղթում է թե´ ծանր սոցիալական վիճակում գտնվող քաղաքացին, թե´ փող ունեցողը: Հեռանկար ուղղակի չեն տեսնում: Սա շատ վտանգավոր է: Այդ քաղաքացին իր հետ տանում է այն կապիտալը, որը պետք է ազգային կապիտալ դառնար և վերարտադրվեր պետության, Հայաստանի մեջ: Սա շատ լուրջ հարց է», -հավելեց պատգամավորը: 

Խնդիրը ըստ նրա, նաև արժանապատիվ կյանք չունենալու մեջ է: «Մենք խնդիր ունենք մեր ներսում: Ե՞րբ քաղաքացին կզգա, որ ինքն արժանապատիվ է ապրում Հայաստանում: Հայրենասիրական կոչերով մարդուն դժվար է պահել այստեղ: Հայրենասիրական կոչերը չպետք է ընտրովի լինեն, իսկ երբ հայրենասիրության, ազգի մասին են խոսում, ժողովուրդը պետք է իմանա, որ նրանք, ովքեր խոսում են պետք է իրենց օրինակով, ապրելակերպով ցույց տան, որ իրենք իսկապես, դրա կրողներն են», -եզրափակեց Ռուբեն Հակոբյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել