«Հայրենակիցներ» ծրագրով հայերի՝ դեպի Ռուսաստան գաղթի կազմակերպումը, գազի սակագների թանկացումը, Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հայտարարությունը` Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի տարածք լինելու մասին, հայկական դիվանագիտական կորպուսի կողմից մնացին անարձագանք: Մի քանի odnoklasniki.ru-ի մակարդակի տռֆսներից բացի՝ որևէ լուրջ գնահատական մեր դիվանագետների կողմից այդպես էլ չտրվեց: Դրան հետևեց Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վերազինելու մասին սկանդալային տեղեկությունը: Լրատվամիջոցների հրապարակած տեղեկությունների համաձայն՝ խոսքը T-90 C տեսակի 94 տանկի, 100 БМП-3 զրահամեքենայի, 18 հրետանային ինքնագնացի, ևս 18 «Սմերչ» տիպի հրթիռակոծման համակարգի, «Վենա» տեսակի 18 հրետանային ինքնագնաց զենքի և 6 ծանր հրետանային համակարգի մասին է: Սպառազինության ընդհանուր արժեքը մոտ մեկ միլիարդ դոլար է: 
Ուղղակի զարմանում եմ մեր ԱԳՆ-ի ամուր նյարդերի վրա: Կարծես այդ կառույցին այս աշխարհում հետաքրքրում է միայն մոլորակի գլոբալ տաքացման հեռանկարը և չարաճճի երեխաների սանձարձակ գործողությունների հետևանքով դելֆինների մոտ դեպրեսիայի առաջացման վտանգը: Այնպիսի մանր հարցեր, ինչպիսին ռազմավարական դաշնակցի արտաքին քաղաքական ուղեծրի ակնհայտ փոփոխությունը ի վնաս մեր պետականության, մեր դիվանագիտական կորպուսին չի հետաքրքրում: Ոչ միայն չի հետաքրքրում, այլև կարծես նրանց այդ փաստը չի վերաբերում: Նրանք առավել լուրջ գործողություններով են զբաղված՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Սվազիլենդի հետ և պաշտոնական Մբաբանեի հետ երկկողմ թափանցիկ հարաբերությունների կառուցումը (իսկ որ այդ հարաբերությունները գոնե Սվազիլենդի կողմից թափանցիկ են՝ կասկած չի հարուցում` հաշվի առնելով նրանց կենցաղում մերկությունը ծածկող պարագաների մինիմալ օգտագործումը)...
Օրեցօր փոփոխվող արտաքին քաղաքական հետաքրքրությունների պարագայում արտգործնախարարությունը պետք է չբեր կառույցից դառնա մեր պետության գոյության ամենահուսալի երաշխիքներից մեկը: Եթե ինչ-որ քայլեր իմ նշած երևույթները կանխելու կամ մեղմելու շուրջ արվում են, ապա այնքան թաքուն և թափթփված, որ հասարակության մոտ իսկապես լուրջ կասկածներ են ծնվում: Եթե մի պահ ընդունենք, որ ամեն ինչ անկեղծ է արվում, ապա շատ անհարմար դրություն է ստեղծվում՝ երկրի ղեկավարին զեկուցում են, որ Ռուսաստանը մտադրություն չունի թանկացնել գազի սակագները, նա ասուլիսի ընթացքում հստակ հայտարարում է այդ մասին, սակայն բառացիորեն օրեր անց գազի գների թանկացման շուրջ հայտարարություն է արվում: Եվ անգամ այդքանից հետո ԱԳ նախարարը շարունակում է էկզոտիկ հարաբերություններ հաստատել, փոխանակ այդպիսի դիվանագիտական խայտառակության համար պատասխան տա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել