«Այսօր՝ ժամը 13:00-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դիմաց նախատեսված էր կազմակերպել բողոքի ակցիա:
Կազմակերպիչները, ովքեր ֆեյսբուքյան օգտատերեր էին, լրատվամիջոցներին տեղեկացրել էին, որ Հայաստանի ազգային հավաքականի և ուկրաինական «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը թույլ չի տալիս տեղափոխվել «Լիվերպուլ» ակումբ, և ակցիայի նպատակն էր պահանջել Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը:

Այդ ժամին նշված վայրում միայն լրագրողներն ու ոստիկաններն էին»:

Փաստորեն ֆարսը սենց տխուր վախճան ունեցա՞վ: Դե զարմանալի էլ չի, եթե հաշվի առնենք, որ կազմակերպիչը «Չեմ ծախվում» անունով օգտատերն էր (նույն հաջողությամբ կարար լիներ Ձկան Աչքը), իսկ Հենրիխն իր խոսքն ասել էր հարցի առնչությամբ:
Ընդհանրապես, ի սկզբան էլ պարզ էր, որ այս ակցիան դատապարտված էր ձախողման, որովհետև ըստ էության ոչ մի լուրջ կարգախոս չկար, առավել ևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ սառույցի վրա է գրված, որ «Լիվերպուլի» տրանսֆերը ձախողված է, կամ էլ այն, որ այդ ձախողման մեջ իմ կողմից բնավ էլ չսիրված ու չհարգված Նեմեցն ա մեղավոր:
Փոխարենը, թացը չորի հետ խառնելը լիքն էր, որովհետև ասում են` գնում ենք Հենոյի շահերը պաշտպանենք, բայց խոսում են ամեն ինչի մասին, բացի Հենոյի շահերից. էլ քեզ Վահե Ավետյան, էլ քեզ օլիգարխ, էլ քեզ Նեմեցը վատ տղա ա, էլ քեզ ավազակապետություն...

Մի խոսքով, բեմականացումն ավարտված է, վարագույրն իջավ, իսկ հանդիսատեսը այդպես էլ չտեսավ այն դերասաններին, ում վրա ուզում էր ձվեր շպրտել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել