«Արմնյուզով» հեռարձակվող «Ա1+»-ը ռեպորտաժ էր պատրաստել Ալավերդի քաղաքում, որտեղ բոլորը բողոքում էին, որ աշխատանք չկա, թոշակները չեն հերիքում, բոլորը երկիրը լքում ու գնում են արտագնա աշխատանքի, մարդիկ արդեն սովից մեռնում են...
Նման դեպքում պետական, մարզային ու տեղական իշխանությունները պետք է լուրջ մտահոգվելու պատճառ ունենային, միջոցներ ձեռնարկեին խնդիրները գոնե մասամբ լուծելու համար, պետական միջոցները, ներդրումները, էլ չեմ ասում միլիոնավոր վարկերը ուղղեին ոչ միայն Երևանի մի քանի փողոցի բարեկարգմանն ու աղբահանության «բարելավմանը», այլև օրեցօր դատարկվող հեռավոր քաղաքներում ու սահմանամերձ գյուղերում գոնե մինիմալ պահանջների ու զբաղվածության խնդրի վերացմանը։ Բայց այդ ամենի փոխարեն Ալավերդիում կառուցվում է նոր դիահերձարան, որը ոմանց հաշվարկներով հավանաբար ավելի մեծ գումարներ կբերի, քան արդյունաբերության մեջ աշխատատեղերի ստեղծումը, չէ՞ որ միևնույնն է մարդիկ մահանում են, իսկ վատ պայմաններում ապրելիս մահանում են անհամեմատ ավելի շատ... 
Մենք և՛ մեզ ենք խաբում, և՛ բանից անտեղյակ զբոսաշրջիկին` նպատակ ունենալով տպավորություն թողնել նրանց վրա... Իրականում Հայաստանը նմանվում է վատ ապրանքի, որը անընդհատ գովազդում են, որ գոնե յուրաքանչյուրը մեկ անգամ փորձի։ Մենք ապրում ենք «դեկորատիվ» պետությունում, որի համար զարգացման իմիտացիան գերադասելի է բուն զարգացումից։
Բայց մինչև ե՞րբ։ 
Հ.Գ. Հավանաբար մեկի մտքով անցել է, որ գերեզմանների, դիահերձարանների ու դագաղի գործը լաավ էլ շահութաբեր կլինի, սպասենք ավելիին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել