Խորը կսկիծով տեղեկացա, որ ԱԺ որոշ պատգամավորներ իրենցից հարցազրույց վերցնելու համար լրագրողներից գումար են պահանջում: Այստեղ են ասում՝ սա վերջն է, տեղ հասանք, կարող եք արձակել ամրագոտիներն ու իջնել:

Բայց գուցե փորձենք հասնանա՞լ, թե ինչու այստեղ հասանք:

Որևէ արդարացում չգտնելով մեր հարգարժան պատգամավորների նման վարվելակերպի համար, այնուամենայնիվ, ուզում եմ նշել, որ բա ի՞նչ էիք ուզում լսել, երբ ԱԺ մի նստաշրջանի ընթացքում մի քանի տասնյակ հարցազրույցներ ու նյութեր են հրապարակվում՝ ընդգծելու համար մեկի լֆիկությունը, մյուսի բառադիությունն ու երրորդի խեղկատակությունը: Մի՞թե կարծում եք, որ սահմանամերձ գյուղի տատիկը, ում երեխաներն ու թոռները արտերկրում են, դողացող ձեռքով վերջին 100 կամ 150 դրամը տալիս է, թերթ գնում, որպեսզի կարդա մեկի լֆիկության, մյուսի բառադիության ու երրորդի խեղկատակությա՞ն մասին: Նա իր ընտանիքի հետ լավագույն դեպքում սկայպով է շփվում, բա սկայպով տատութոռի համուհոտ կինի՞, և ուզում է կարդալ ու հասկանալ, թե եթե վիճակներս վատ է, ավելի՞ է վատանալու, ինքն է՞լ գնա իր ընտանիքին միանա, թե՞, այնուամենայնիվ, լավանալու հույսեր կան, և պետք է համբերել, ավելին՝ գնացածներին էլ հորդորել, որ առանձնապես չտնավորվեն, որովհետև հավանական է, որ մի որոշ ժամանակ անց վերադառնան: Մինչդեռ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները նյութ են պատրաստում վերը նշածս բովանդակությամբ կամ էլ այն ուղղությամբ, թե կարևոր օրենքների նախագծերը քննարկվում են կիսադատարկ դահլիճում, և պատգամավորներն առանձնապես հետաքրքրված չեն դրանցով: Հարգելիներս, այդ դեպքում դուք պատշաճ կերպով լուսաբանեք, թե այդ ի՞նչ օրինագծեր են, անհրաժեշտության դեպքում, մեկնաբանությունների համար դիմեք մեր երկրի հայտնի փորձագետների և հանրությանը ասեք, որ ասենք այս օրենքով իրենց կյանքն ավելի է վատանալու, այս մեկով մի քիչ կվատանա, հետո կսկսի աստիճանաբար դրական արդյունք տալ, իսկ այս մի օրենքն էլ հենց հրապարակման պահից իր դրական ազդեցությունը մեզ չգացնել կտա: Ու թող հիմա պատգամավորներն ընկնեն ձեր ետևից, թե ինչո՞ւ եք ԱԺ-ին վերաբերող լուրջ հարցերը «դրսի» փորձագետների միջոցով մեկնաբանում, գուցե իրենք է՞լ ասելիք ունեն: Իսկ եթե, հարգարժան լրագրողներ, այսպես շարունակելու եք հանրությանը մեկի լֆիկությունը ներկայացնել, մյուսի բառադիությունն ու երրորդի խեղկատակությունը, հանրությունն էլ մտածելու է, որ դուք լավ էլ իրար արժեք, ավելի լավ է չխառնվի ձեր հարաբերություններին, ու գնան, այլ տեղ որոնեն իրենց հուզող հարցերի պատասխանները:

Ես չեմ ասում, թե հանրությանը պետք չէ ներկայացնել նաև, թե ովքեր են մեր «ազգընտիրները»: Բարեխղճորեն արեք ձեր գործը, լրջորեն լուսաբանեք ԱԺ օրինաստեղծ գործունեությունը, ձեռքի հետ էլ ձեր համացանցային էջերում իմիջիայլոց նշեք, որ ասենք՝ միջանցքում էլ պատահաբար մի խեղկատակի հանդիպեցիք ու տեսեք, թե ինչ ասեց նա. ցույց տալու համար, որ լուրջ գործին ովքերն են լծվել և ինչ կերպ: Փառք Աստծո, այդ հնարավորությունը համացանցը տալիս է ձեզ, բայց հավատացնում եմ, որ այդ խեղկատակներին անդրադարձը հազիվ մի կեսկատակ-կեսլուրջ կարճ ֆեյսբուքյան ստատուսի է ձգում, ոչ ավելին:

Եվ պետք չէ ցածրաճաշակ սերիալների սցենարիստների նման արդարանալ, թե վատը ցույց ենք տալիս, որպեսզի հասարակությունը տեսնի ու չանի նման բաներ: Կյանքը ցույց է տալիս, որ, երբ մշտապես վատն ես ցույց տալիս, հասարակությունն էլ կարծում է, որ իսկականը հենց դա է, ու ինքն էլ է ընդօրինակում: Կամ էլ պետք չի ասել, թե դե ամենուր վատ բաներ են կատարվում, բա ի՞նչ անենք, որ ցույց չտանք, մենք իրականությունն ենք ցույց տալիս, կամ էլ թե՝ հանրությանը սենսացիաներն են միայն հետաքրքում, դա հասակության պահանջն է:

Մեր հասարակությունը հաստատ լուրջ լրատվամիջոցից չի պահանջում, որ ամեն օր ԱԺ-ից մեկի լֆիկությունը ցուցադրեն, մյուսի բառադիությունն ու երրորդի խեղկատակությունը: Կողմնորոշվեք, հարգելիներս, թե որ կողմում եք և ինչով եք զբաղված, այլապես մեր «արժանավոր» երեսփոխանները ձեզանից ազատվելու համար փող են պահանջելու, թեպետ դրա կարիքը չունեն, որպեսզի իրենցից ձեռք քաշեք ու թողեք` հանգիստ ապրեն, և դրան զուգահեռ նաև մի դրական գործ կանեն. չեն թողնի, որ լուրջ թերթերը դեղին մամուլի վերածվեն, եթե որոշները դեռ չեն վերածվել:      

Հ.Գ. Եթե տեքստում ընդգծված բառերի կրկնությունը ձեզ նյարդայնացրեց, ապա պատկերացրեք, թե որքան է նյարդայնացնում, երբ ամեն օր կարդում ենք ընդարձակ նյութեր՝ մեկի լֆիկության, մյուսի բառադիության ու երրորդի խեղկատակության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել