Ազգային ժողովը քիչ առաջ ավարտեց հունիսի 17-ից մեկնարկած արտահերթ նստաշրջանի աշխատանքը՝ սպառելով օրակարգը:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին», «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին», «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:

Ըստ այդմ՝ հուլիսի 1-ից Հայաստանում նվազագույն աշխատավարձը սահմանվում է 45 հազար դրամ՝ գործող 35 հազարի փոխարեն:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդգծեց, որ այս փոփոխությունը տարածվելու է շուրջ 160 հազար աշխատողների վրա, որոնց աշխատավարձերը 35 հազար դրամից մինչև 45 հազար դրամի միջակայքում են: Նրանցից 90 հազարը ոչ պետական սեկտորի աշխատողներ են, 70 հազարը՝ պետական: Ընդ որում՝ այս անձանցից շուրջ 60 հազարը ստանում է 35 հազար դրամ աշխատավարձ:

Այս փոփոխության արդյունքում ընթացիկ տարվա 6 ամսվա կտրվածքով լրացուցիչ կպահանջվի 3,7 մլրդ դրամ, որից 2,5 մլրդ դրամը՝ պետական հատվածի աշխատողների, 1,2 մլրդ դրամը՝ համայնքային աշխատողների համար, ինչը կփոխհատուցվի պետբյուջեից:

2014թ.-ի հունվարի 1-ից կբարձրացվեն պետական կառավարման համակարգի բոլոր աշխատողների աշխատավարձերը, ինչն ենթադրելու է շուրջ 50 մլրդ դրամի լրացուցիչ ծախս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել