««Գազպրոմի» հետ որեւէ գործարք կատարված չէ, այս պահին բանակցություններ են ընթանում, բանակցությունների սեղանին դրված է 20 տոկոս բաժնետոմսեր տալ-չտալու հարցը, բայց բանակցությունների սեղանին դրված է ոչ միայն այդ հարցը, կան նաև այլ հարցեր»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հարցին ի պահասխան ասաց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Երեկ տեղեկացրել էինք, որ «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Մոսկվայում քննարկել են ռուսական կողմի մասնաբաժինը «ՀայՌուսգազարդում» ավելացնելու հարցը՝ 80%-ից հասցնելով 100%-ի։

Մտահոգությանը, որ այս գործարքի կայանալու դեպքում ռուսական կողմը կարող է արդեն ցանկացած գին թելադրել հայկականին, Արմեն Մովսիսյանը պատասխանել է, թե խնդիրն այդպես չի դրված, որ  «ինչ ուզենան, անեն»։

«Բանակցությունները հենց դրա համար են գնում, որ ինչ ուզեն, այն չանեն, այլ որպեսզի երկարատև ժամանակաշրջանի համար ավելի ապահոված գազամատակարարում ունենանք»,- ասաց նախարարը:

Բանակցությունները կավարտվեն այս ամսվա վերջին, իսկ մինչ այդ Մովսիսյանն այլ մանրամասներ, ասաց, չի հայտնի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել