Image

Հայաստանում վերջերս ստեղծվել է ռոքի դասավանդման կենտրոն: Այն հետաքրքրել է հատկապես այն երիտասարդներին, որոնք կիթառին տիրապետելու համար ստիպված պետք է սերտեին դասական երաժշտության բարդ համակարգը:

Այժմ նրանց հնարավորություն ընձեռվեց սովորել բոլորի կողից սիրված դասական ռոք ստեղծագործությունները՝ մատչելի եւ բնօրինակային տարբերակներով: Կենտրոնը գտնվում է Ղազարոս Սարյանի անվան թիվ 1 արվեստի դպրոցում: Ռոքի տարածման այս նոր ծրագրի հեղինակը ռոք-երաժիշտ, «Նաիրի» ռոք խմբի գեղարվեստական ղեկավար Արտաշ Դարբինյանն է: Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչը ստիպեց ստեղծել ռոքի կենտրոն: «Նախ ժամանակն է ռոքին մոտենալ դասական սկզբունքներով՝ ուսումնական համակարգին տալով նոր շունչ, երկրորդ՝ ռոքը ոչնչով չի զիջում դասական երաժշտությանը, բացի դրանից, մեր երկրում ռոքի աշխարհընկալումը պետք է ընդլայնվի ու դրական հետեւանքներ ունենա թե՛ երիտասարդների ճաշակի, թե՛ առհասարակ մշակութային զարգացման վրա: Քաղաքակիրթ երկրներում գոյություն ունեն նմանատիպ ուսուցողական կենտրոններ, օրինակ՝ Berkley-ը՝ Բոստոնում, Guitar College-ը՝ Մոսկվայում եւ այլն: Մենք էլ որոշեցինք չզիջել ուրիշներին»,- պատասխանեց երաժիշտը: Արդյո՞ք շատերի երաժշտական ճաշակը կհամապատասխանի իր ծրագրերի իրագործմանը:

«Մենք լավատես ենք, քանի որ հայ երիտասարդների շրջանում իրոք լուրջ հետաքրքրություն կա ռոքի հանդեպ: Չեմ կասկածում, թե մեզնից դուրս կգան հիանալի ռոք երաժիշտներ»,- ասաց մեր զրուցակիցը: Մեր հաջորդ հարցին էլ՝ այսօրվա էստրադան կարիք ունի՞ ռոք երաժիշտների, Արտաշ Դարբինյանը պատասխանեց. «Քանի որ մեր մոտեցումը լինելու է պրոֆեսիոնալ՝ հիմնված դասական սկզբունքների վրա, կարելի է ասել, որ մեր կենտրոնի սաները լինելու են ունիվերսալ երաժիշտներ: Ռոքի շնորհիվ երաժիշտը ստանում է ազատ մտածելակերպ, դասական հիմք եւ սովորում տիրապետել այն ամենին, որոնք մեծ պահանջարկ ունենեն թե էստրադայի, թե ջազի, թե դասական երաժշտության ասպարեզներում»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել