1999 թ. հոկտեմբերի 27-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալությանը հանգեցրած ընտրակեղծիքի վերաբերյալ Արա Մանուկյանի հոդվածի Epress.am-ում վերահրատարակումից մեկ օր անց` 2013 թ. ապրիլի 20-ին, Ամենայն Հայոց կաթողիկոսի մամուլի խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը հապճեպ պաշտոնական պատասխան է հնչեցրել` հերքելով տվյալ ընտրությունը ստվերած ընտրակեղծիքի մասին Մանուկյանի հայտարարությունները: 

Վահրամ քահանա Մելիքյանը հայտարարել է, որ դա «ստորագույն քայլ է հոդվածագրի կողմից և անարգում հիշատակի Երուսաղեմի Հայոց պատրիարք Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի»:

Դեռ ավելին, քահանա Մելիքյանը «բացարձակ անհեթեթություն» է որակել Մանուկյանի պնդումները:

Փաստորեն ընտրված Գարեգին Բ կաթողիկոսը մերժում է ոչ միայն ընտրակեղծիքի փաստը, այլև այդ մասին Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ Բ Մանուկյանի հետ զրույցը:

Չնայած 1999 թ. կաթողիկոսի ընտրության ժամանակ տեղի ունեցած կեղծիքի վերաբերյալ հայտարարություններ կան համացանցում, Արա Մանուկյանը ընտրակեղծիքը հաստատած երկու իրական աղբյուր է վկայակոչել:

Դժբախտաբար նրանցից մեկը` Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ Բ արքեպիսկոպոս Մանուկյանը, մահացել է 2012 թ. հոկտեմբերին:

Իսկ մյուսը, ինչպես նշվել է ավելի վաղ, ո՛չ համաձայնվում է հանդես գալ հրապարակային հայտարարությամբ, ո՛չ էլ թույլ է տալիս իր անունը նշել որպես աղբյուր:

Այս հանգամանքներում Արա Մանուկյանը ծրագրում է դիմել պոլիգրաֆ սարքի (ստի դետեկտոր) օգնությամբ կազմակերպված հետազոտության` ապացուցելու, որ չի ստում իր հոդվածում 1999 թ. կաթողիկոսական ընտրության վերաբերյալ կատարած հայտարարություններում: Համակողմանի վստահություն ապահովելու նպատակով Մանուկյանը առաջարկում է, որ Գարեգին Բ կաթողիկոսը ևս դիմի պոլիգրաֆի հետազոտության` հերքելու, որ ընտրակեղծիք է տեղի ունեցել իր ընտրության ժամանակ, ինչպես նաև որ այդ մասին խոսակցություն, զրույց է ունեցել Թորգոմ Բ արքեպիսկոպոս Մանուկյանի հետ:

Ինչևէ, մինչև պոլիգրաֆի հետազոտությանը դիմելը Մանուկյանը ցանկանում է կիսվել կաթողիկոսական նախընտրական շրջանի և, մասնավորապես, ընտրողների թվի ճշգրտման հետ կապված որոշ մտահոգություններով:

Ինչպես նկարագրված է հանգուցյալ Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի 1995 թ. հրատարակված «The Catholicoi of Etchmiadzin: an Overview of the Electoral Process» («Էջեր հայ եկեղեցւոյ պատմութենէն. ընտրութիւն Ամենայն Հայոց կաթողիկոսներու մաև եւ հիշատակ», 1994) ընտրական գործընթացի պատմական ակնարկում, կաթողիկոսի ընտրությանը քվեարկելու նպատակով ընտրվող աշխարհիկ և հոգևորական պատգամավորների թիվը որոշվում է տվյալ թեմի բնակավայրի բնակչության չափով, որտեղ ամեն 25.000 հոգուն ընկնում է մեկ պատգամավոր (էջ 135)։

Այժմյան կաթողիկոսի ընտրության գործընթացը ղեկավարվել է նույն կարգով:

Ինչևէ, մեծ խնդիր կա թվաբանության հետ կապված:

Ըստ Հայ առաքելական եկեղեցու պաշտոնական կայքի` 1999 թ. կաթողիկոսի ընտրությանը քվեարկել է 450 պատգամավոր:

Դժբախտաբար այդ նույն աղբյուրը չի նշում, թե նրանցից քանիսն էին եկեղեցական:

Մի հարցազրույցի ժամանակ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանը հայտնում է, որ ընդգրկված է եղել 52 արքեպիսկոպոս, որոնցից 37-ը «կտրականապաես դեմ է եղել Գարեգինին»:

Ըստ մեկ այլ ռուսական աղբյուրի` «Независимое Военное Обозрение» («Անկախ ռազմական հանդես»), եկեղեցականների ընդհանուր թիվը 47 է եղել, իսկ քվեարկողների ընդհանուր թիվը` 452:

Եթե ընդունենք, որ աշխարհականների ընդհանուր թիվը կազմել է 400, ապա ստացվում է, որ Հայ Առաքելական Եկեղեցին ողջ աշխարհում ունի 10.000.000 անդամ: Սա անհավանական թիվ է` հաշվի առնելով, որ նախկին ԽՍՀՄ տարածաշրջանի շատ հայեր անգամ կնքված չէին 1999 թ. դրությամբ:

Ըստ «Независимое Военное Обозрение» հանդեսի` Հայաստանի պատվիրակությունը բաղկացած է եղել 161 պատգամավորից:

Սա նշանակում է, որ Հայաստանում այն ժամանակ բնակվել է 4.025.000 հավատացյալ։

Էջմիածնի առաջարկած թվի համեմատ անգամ տվյալների ուռճացմամբ հայտնի ՀՀ վիճակագրական ծառայության թվերն են գաճաճ թվում։

Պաշտոնական տվյալներով Հայաստանի առկա բնակչությունը` ներառյալ հավատացյալները, անհավատները, այլադավաններն ու ազգային փոքրամասնությունները, 2001 թ. կազմել է ընդամենը 3.213.011։

Ռուսական պատվիրակությունում ընդգրկված է եղել 98 պատգամավոր, ինչը ենթադրում է Հայ Առաքելական Եկեղեցու 2.450.000 հավատացյալ Ռուսաստանի Դաշնությունում:

Մինչդեռ, ըստ Ռուսաստանի 2002 թ. մարդահամարի, Ռուսաստանի Դաշնությունում 2002 թ. դրությամբ բնակվել է 1.130.000 հայ։

Սա նշանակում է, որ Էջմիածինն ավելի քան կրկնապատկել է իրական թիվը։

«Независимое Военное Обозрение» նաև նշում է, որ ամերիկյան պատվիրակությունում եղել է 48 պատգամավոր, ինչը ենթադրում է, որ ԱՄՆ–ում Հայ Առաքելական Եկեղեցու անդամների թիվը կազմում էր 1.200.000։

Այս թիվը համեմատաբար ավելի իրատեսական է թվում։

Այսպիսով, հատկապես Հայաստանին վերաբերող թվերը գրոտեսկային են 1990-ականների զանգվածային արտագաղթի ետնապատկերում։

Կաթողիկոսի ընտրությունից մեկ ամիս առաջ այն ժամանակվա ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը հայտարարել էր, որ անկախությունից ի վեր Հայաստանը միայն օդանավակայանի միջոցով լքել է 600.000 ՀՀ քաղաքացի։

Տեսնես` ինչպե՞ս Էջմիածինը կբացատրի այն թվաբանությունը, որը կիրառվել է Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության համար նախատեսված` աշխարհականների ու եկեղեցականների պատվիրակություններ ձևավորելիս։

Հայ Առաքելական եկեղեցու կողմից քվեարկողների թվի այս մոլեգին չափազանցումը հավանաբար ոգեշնչման աղբյուր է եղել Հայաստանի հանրապետական կուսակցության համար, որը վերջերս տեղի ունեցած ՀՀ նախագահի ընտրության ժամանակ օգտագործել է ուռճացված ընտրացուցակներ որպես ընտրությունը կեղծելու հզոր գործիք։

Այնուամենայնիվ, թվաբանական անհամապատասխանությունը ընտրության գործընթացը ստվերած միակ թերությունը չէ։ Կաթողիկոսական ընտրությունից մեկ ամիս առաջ մի շարք աչքի ընկնող արքեպիսկոպոսներ, ներառյալ կաթողիկոսի թեկնածու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, «Независимое Военное Обозрение»–ի փոխանցմամբ, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ.

«Վերջին դիտարկումները վկայում են այն մասին, որ ՀՀ իշխանությունների ամենաբարձր օղակներում եկել են ընդհանուր հայտարարի հօգուտ թեկնածուներից մեկի և փորձում են նրան գահ բարձրացնել»։ «Независимое Военное Обозрение»–ն նաև վկայակոչում է ընտրության դիտորդների, ովքեր շեշտել են, որ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի թեկնածությունը ոչ միայն առաջ էր մղվում այն ժամանակվա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, այլև նրա օգտին ակտիվ լոբբինգ էր իրականացվում հայկական սփյուռքի «խոշոր ֆինանսական ուժերի» կողմից։

Ռուսական հրապարակման մեջ հիշատակվող «ակտիվ լոբբինգ»–ը կարծես կաթողիկոսական ընտրակեղծիքի մասին իր առաջին հոդվածում Մանուկյանի կատարած հայտարարությունների փափկացված ու գրաքննված տարբերակը լինի։

Խոսքը, մասնավորապես, այն հատվածի մասին է, որտեղ նշվում է, որ այն ժամանակվա վարչապետ Վազգեն Սարգսյանն Ալեքս Մանուկյանի և նրա ընտանիքի անդամների կատարած բազմամիլիոն նվիրատվությունից մոտ 3 միլիոն դոլար օգտագործել է Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանին գահ բարձրացնելու նպատակով քվեներ գնելու համար։

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԺ վրա 1999թ.-ի հոկտեմբեր 27-ին կատարված հարձակման սարսափելի բոթը հայտարարվեց միայն այն բանից հետո, երբ Գարեգին արքեպիսկոպոս Ներսեսյանի հաղթանակն ապահովված էր, և նա հռչակվեց Ամենայն Հայոց նոր կաթողիկոս։

Եթե Վազգեն Սարգսյանի մահվան գուժը ազդարարեին քվեարկության ընթացքում, Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր կարող էր լինել մեկ ուրիշը։

thetruthmustbetold.com

Տեսանյութը` Արա Մանուկյանի

Հրապարակումը` Pressing.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել