Լրագրող Գոհար Վեզիրյանի վիճաբանությունը ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի հետ ի չիք է դարձնում հասարակության մեջ ներարկված այն կարծրատիպը, թե պատգամավորներն անձեռնմխելի են և բնակվելով իշխանական Օլիմպում` հանդիսանում են բացարձակ տիրակալներ: Եթե միայն մեր հասարակությունը գիտակցեր, որ այդ պատգամավորներն այնտեղ են գտնվում լոկ այն պատճառով, որ իրենք են նրանց ընտրել, տվել իրենց վստահության քվեն և նրանց ասել՝ «բալա ջան, գնա վերևները մեր խնդիրները ներկայացրու ու դրանց լուծումները վերցրու ու թափով վերադարձի մեր մոտ», ապա հենց այդպես էլ կանեին, ոչ թե ժամերով կկանգնեին կառավարության շենքի մոտ՝ արևի խայթող ճառագայթների տակ, որ իրենց ընտրյալն անցնելիս մի աղերսագին հայացքով աղաղակեին, թե «ջանիդ մեռնեմ, մի վայրկյան կանգնի, հլա լսի աղաչանքս», իսկ պատգամավորը իր կարևորության ու շտապողականության տեմպի մեջ արհամարհական չէր շպրտի, թե ժամանակ չունեմ ձեզնով զբաղվելու: Ասա` բա ինչո՞վ ես զբաղված, սեփական խնդիրներո՞վ: Չեմ քաջալերում նաև լրագրողի պահվածքը, բայց կարելի է եզրակացնել, որ նրանք էլ են մարդ և երբեմն վիրաբույժի լարվածությամբ, սոված, հոգնած, կանգնում՝ սպասում, մի պատգամավորի աշխատասենյակից վազում մյուսինը, որ մի ուշադրության արժանանան, մի նյութ գրեն, որ կարողանան գումար վաստակել, բայց փոխարեն դեմ են առնում արհամարհանքի, գոռոզության, ինքն իրեն կարևոր համարող մեկին: Արդյունքում կա այն, ինչ եղավ՝ մեկը նյարդայնացավ, մյուսը կուտակված բարկությունը դուրս թափեց: Բայց հետաքրքիրն այն է, որ այս վեճը պատմություն սարքեցին, իշխանության տարբեր ներկայացուցիչներ մեղադրեցին ընդդիմադիրներին, որ իրենց լրագրողներին են լարում իշխանությունների դեմ, որ նրանց վատ լույսի տակ ներկայացնեն, լրագրողների էլ սրտերը հովացավ, որ մեկը գտնվեց, որ իրենց՝ բոլորի կողմից, արժանավույնս պաշտպանեց լրագրողների իրավունքներն ու պատիվը: 
Բայց հետաքրքիրն այն է, որ պարզվում է, որ մեր բուհերը թողարկում են կարմիր դիպլոմավոր գռուզչիկներ, և մեծամասամբ հենց այդպես էլ կա, քանի որ կարմիր դիպլոմի առկայությունը փայլուն մտքի կամ գիտելիքի արգասիք չէ, այլ ժամանակին դես ու դեն ցանած դոլարների արդյունք: 
Ինձ համար երկուսի պահվածքն էլ անհարիր էր իրենց, մեկին՝ որպես կին, մյուսին` որպես տղամարդ:
Դրեք ամեն բան իր տեղը, բացարձակապես ամեն բան, և այս քաոսը կկարգավորվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել