Թե ինչու է վերջին ժամանակահատվածում Ռուսաստանը նորագույն զինտեխնիկա մատակարարում Ադրբեջանին, բազում հասարակական-քաղաքական գործիչներ տվեցին իրենց ուրույն մեկնաբանությունները, որոնցից թերևս ամենաակնառուն ու համոզիչը այն էր, որ Ռուսաստանը ցանկանում է իր ազդեցությունը մեծացնել Անդրկովկասում՝ ի դեմս ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի, որոնք էլ իրենց հերթին են զինում Մերձավոր Արևելքի մի շարք պետությունների (Եգիպտոս, Իսրայել, Թուրքիա):

Իսկ ի՞նչ արձագանք է ստանում ադրբեջանական մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի հասնող զինտեխնիկայի ձեռքբերումը հայաստանյան հասարակական շրջանակներում, միանշանակ կարելի է ասել, որ ինչ-որ չափով հուսահատեցնող է ռազմավարական դաշնակից կոչված գերտերութան կողմից, ում համար մեր հանրապետությունում միշտ կանաչ փակ դռներ չկան, որ այդպիսի կիսադավադիր համագործակցության մեջ է մտնում Հայաստանին որպես թշնամի համարող Ադրբեջանի հետ:

Մենք մեր հոդվածներից մեկում համառոտ անդրադաձել էինք ՀՀ Զինված Ուժերի տրամադրվածությանը այս խնդրի շուրջ: Եվ ստացանք մեկնաբանություն ՊՆ-ից, որ՝ «Ադրբեջանը իր համար զինվում է, իսկ մենք ունենք զինվելու մեր պլանները, մենք զենքի մրցավազքի մեջ չենք մտել, որ ամեն մի զինատեսակի համար ինչ-որ բան մեկնաբանենք»: Խոսքը «Т-90С» նորագույն տանկի և «Мста-С» ինքնագնացի մասին է:

Վերջում հավելենք, որ հարկ չկա ավելորդ մտորումների և խուճապի մատնվել ադրբեջանական զինված ուժերի զինմամբ, միայն պետք է հիշել պատմությունը և հասկանալ, որ այն կրկնվում է: Քսան տարի առաջ էլ ադրբեջանական ուժերը թե՛ զինտեխնիկայով, թե՛ մարդաքանակով մոտ երեք անգամ գերազանցում էին հայերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել