Սա էլ արդեն երկրորդ դեպքն է, որ մենք ականատես ենք լինում, թե ինչպես են մեր լրատվական դաշտի ներկայացուցիչները՝ մասնավորապես լրագրողները, կոպտորեն ու հանրորեն խախտում լրագրողի էթիկայի առանցքային հիմնադրույթները: Առհասարակ, նաև նման վարքի ու գործողությունների շնորհիվ, որոնք դրսևորում են առանձին լրագրողներ, հանրության մոտ տպավորություն է ստեղծվում, որ լրագրող ասվածը գրեթե միշտ ինչ-որ կիսահիստերիկ աղջիկ է/կին է, որի ուշք ու միտքը կոնֆլիկտի մեջ ներգրավվելն ու կոնֆլիկտ հրահրելն է:
Հեռուն չգնանք, մոտ մեկ ամիս առաջ բուռն քննարկվում էր «Հետքի» լրագրողի ու Դոգի միջև տեղի ունեցած հայտնի միջադեպը, որին չեմ ուզում լրացուցիչ անդրադառնալ, քանի որ դրա գնահատականը տրվել է ու կարելի է ասել` այս միջադեպը իրեն ամբողջությամբ սպառել է: Սակայն ինձ այսօր մեծ տհաճություն պատճառեց Վարդան Այվազյան-Արամ Մանուկյան-Գոհար Վեզիրյան կոնֆլիկտի տեսանյութը դիտելը:
Մինչ բուն թեմային անցնելը ասեմ, որ ես բնավ էլ խնդիր չունեմ պաշտպանելու և սպիտակեցնելու իրեն դիպլոմով «գռուզչիկ» հայտարարած Այվազյանին, ավելին, ինքս համարում եմ նրան քաղաքական գործչի այն տեսակի ներկայացուցիչ, որը ապականում է մեր քաղաքական դաշտը, վարկաբեկում է ցանկացած իշխանություն ու նախաձեռնություն, որին ներգրավված է, և ընդհանրապես այն կարծիքին եմ հարում, որ առողջ հասարակության պարագայում Վարդան Այվազյանի նմանների տեղը հաստատ ԱԺ-ն չէ, եթե չասեմ, որ ճաղերով պատուհաններ ունեցող վայրն է… Ինչևիցե, թեման Վարդան Այվազյանը չէ, թեման այլ է, և ես կասեի նույնը, ինչ հիմա եմ ասելու, եթե անգամ Այվազյանի տեղը Աբդուլ Համիդ 2-րդ սուլթանը կանգնած լիներ:
Այսպիսով, մենք ականատես եղանք, թե ինչպես ի սկզբանե Այվազյանի ու Արամ Մանուկյանի վիճաբանությանը ուղղակիորեն խառնվեց, կներեք, բայց 100 տարվա լրագրողական փորձ ունեցող, կներեք, բայց լրագրող, կներեք, բայց էն էլ պատգամավոր դառնալու ամբիցիաներ ունեցող ու գրիչով արվող հեղափոխություններից խոսող, կներեք, բայց Գոհար Վեզիրյանը… Ընդ որում, խառնվելը ո՞րն է, էն շուկայում կանաչի վաճառող կռվարար ու ղժղժ տատիկների պես ասես ցունամի մտավ խոսակցության մեջ և մինչ այդ քիչ թե շատ ցիվիլ, բայց բարձր տոներով ընթացող վեճը վերածվեց հասարակաց տան դիմաց ծավալվող քուչի ռազբորկի՝ փոխադարձ վիրավորանքներով, անձնական որակումներով…
Կրկնում եմ` քննարկում ենք երևույթը: Հարգելի Գոհար Վեզիրյանը երևի չի էլ համաձայնվի, որ էդ մի քանի վայրկյանների ընթացքում ինքն իրանով մարմնավորեց լրագրողին վերագրվող բոլոր բացասական կարծրատիպերը, մոռացավ իր մասնագիտական էթիկայի կարևորագույն դրույթները՝ մասնավորապես անաչառությունն ու դիտորդի կարգավիճակում համառորեն մնալը: Այնտեղ ես լրագրող Գոհար Վեզիրյան չտեսա, այնտես ես լրագրող էլ չտեսա, ես տեսա ուղղակի անհավասարակշիռ ու, ըստ իս, կնոջը ոչ հարիր վարք դրսևորող անձնավորության, բայց սա էլ դեռ ողջ ցավը չէ: Ի վերջո, Վեզիրյանի վարքը ու բարոյահոգեբանական բնութագիրը ոչ իմ խնդիրն է, ոչ էլ կողմնակի դիտողի, ինչպիսին ուզում է թող լինի… Խնդիրը նա է, որ հիմա նույն լրագրողական ճամբարը կբաժանվի մի քանի մասի, և այդ մասերից մեկը համառորեն կպնդի, որ Վեզիրյանը ինչ արեց, շատ ճիշտ արեց, իսկ ով էլ նրան համարձակվում է քննադատել, իշխանամետ ստրուկ է: Սա է մեր լրատվական դաշտը, սրանք են մեր լրագրողները (իհարկե, ոչ բոլորը) ու մեծ հաշվով չի էլ կարելի ակնկալել ավելի քաղաքակիրթ պաշտոնյա ու իշխանավոր, երբ վեզիրյանները ընկալվում են որպես լավ լրագրող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել