Նախապես նշեմ, որ Գագիկ Ծառուկյանի հետ ո՛չ ազգակցական կապ ունեմ, ո՛չ էլ գործնական: Ուղղակի չեմ կարող չգրել և չասել, որ երկու հակասական զգացողություններ ունեցա այսօր: Մոտ մեկ ամիս առաջ կառուցվեց Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Եկեղեցին, և դրա oծման արարողությունից հետո շատ հակասական կարծիքներ լսեցի, կարդացի, և նույնիսկ ես արտահայտվեցի ու ասացի, որ շատ շքեղ է, միայն հեռուստացույցով տեսնելով: Այսօր առավոտյան ընտանիքիս հետ միասին գնացինք այդ եկեղեցին: Հիացմունքս և այն հանգստությունը, որ զգացի մտնելով եկեղեցի, չեմ կարող բացատրել: Եկեղեցում մեր հայկական մանրանկարչության և ճարտարապետության վառ արտացոլումներ կային, շատ գեղեցիկ նկարներ հոգուդ մոտ և հանգստացնող, որ պետք է զգաս յուրաքանչյուր եկեղեցի մտնելիս: Մտնելով առաջացա, որ մոմ գնեմ, հասկացա, որ մոմը անվճար են տալիս: Իմ դիմացը մի կին կար կանգնած, մոմ տվող տղան ձեռքը մեկնելով տվեց մեկ զույգ մոմ այդ կնոջը, սակայն նա պահանջեց ևս 6 զույգ` բարձրաձայն և հրամայական տոնով ասելով, որ հարևանիս կնոջ համար եմ տանելու: Տղան ևս 6 զույգ տվեց, մի փոքր հեռանալով ասաց. «Շանից մի մազ պոկելը խեր ա»: Մոտ 15 րոպե մնալով եկեղեցում՝ հետևում էի և ապշած քարացել էի իմ տեղում, թե որքան կարելի է միմյանց ատել, քարկոծել, սևացնել, ի վերջո մեր նախնիները դարերով պայքարել են մեր կրոնի և մեր եկեղեցիների համար, ինչո՞ւ ենք այդքան չարացել ու մեր սուրբ վայրը համեմատում ենք կազինոյի հետ ու մտածում ենք, որ եթե երկու հատ մոմ ավել վերցնենք, ապա կվնասենք, այն էլ ում` հայը հային, չէ՞ որ Ծառուկյանը դա իր հետ իրենց տուն չի տանում, դա մեզ համար է, գնում ենք աղոթում ենք, սուրբ վայր է՝ Աստծո տուն: Այնքան մարդիկ կան, որ կարող են կառուցել եկեղեցիներ, բայց նույնիսկ մի ծառ չեն տնկում այս երկրում, անկախ նրանից, թե նա մեծահարուստ է, լավ մարդ է, թե վատ: Այն կառուցված է մեր ազգի համար: Հուզմունքս` լավի և վատի նկատմամբ այնքան շատ էր, որ արտասվեցի: Չեմ կարողանում բացատրություն գտնել՝ ինչու մեր այդքան իմաստուն ժողովրդի մեջ այսքան մեծ ատելություն միմյանց նկատմամբ, որտեղից, ինչու մի անգամ էլ չասել շնորհակալություն, որ մեզ համար, մեր ազգի համար, իմ երեխայի երեխայի համար կառուցված է այնպիսի մի սուրբ վայր, որտեղ ուղղակի կարելի է նստել և աղոթել, ասել, որ լավ գործ է արված, մնայուն արժեք է մեր ազգի համար կառուցվել. շնորհակալություն, ինչո՞ւ չասել: Երկու զգացողություն, որ ապրեցի՝ հիացմունք ու հանգստություն, և մեծ հիասթափություն, վախ ու տագնապ, որ իմ ազգը այսքան զրկանքներից ու պայքարներից հետո ատում է միմյանց, որ կարող են երկու մոմի համար իրար կոկորդ կրծել: Իսահակյանը դեռ մեկ դար առաջ ասել է՝ կգա ոգու սով, երևի այդ ժամանակը եկել է. մենք ոչ միայն սոցիալապես ենք աղքատացել, այլ նաև հոգով: Աղոթելով և մոմ վառելով Աստծուն խնդրել եմ ազգիս միասնություն, համբերություն և հոգու հանգստություն տալ, պետք չէ ապրել նախանձով, սիրեք զմիմյանս. չէ՞ որ սերը մարդկային ամենաբարձր հատկանիշն է, որ մեզ շնորհել է Աստված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել