1992 թվականի հունիսի 13:

Այս ամսաթիվը չեն ցանկանում հիշել ԼՂՀ-ում: Այս ամսաթիվը չեն ցանկանում լսել Հայաստանի առաջին, երկրորդ, երրորդ նախագահները: Այս ամսաթիվը չեն ցանկանում հիշել Ադրբեջանում: Չհիշելու գործում բոլոր կողմերը միակարծիք են, բացի շահումյանցուց:

Ինչու՞: Որովհետև այդ օրը մենք կորցրեցինք մի փառահեղ երկրամաս` Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանը՝ իր Ներքին Շեն, Վերին Շեն, Հայ Պարիս, Մանաշիդ, Էրքեջ, Բուզլուխ, Կարաչինար, Գաղթուտ, Գյուլիստան, Խարխափուտ հայկական գյուղերով:
698 ք.կմ տարածք: 20.000 հայ բնակչություն:

Ո՞վ է խոսում այն 289 հոգու մասին, որոնք անհայտ կորան կամ զոհվեցին հունիսի 13-14-ին:

Վերջերս գտել եմ մի ահասարսուռ վիդեո՝ ազերիների նկարած, որտեղ նրանք գերի են վերցնում Կարաչինարի կողմերը հայ տղամարդուն:

Թյուր կարծիքներ կան, որ Շահումյանը ընկել է առանց պայքարի:
Դա սուտ է, քանի որ շահումյանցիները ուղիղ 1000 օր դիմակայել են բլոկադային, Կոլցո օպերացիային, ԽՍՀՄ փլուզմանը, ադրբեջանա-ռուսական ՕՄՈՆ-ի հարձակումներին, հայ կուսակցական խաղերին:
Սփյուռքի մեր հերոս տղաները, տեղացի և Հայաստանից ժամանած ինքնապաշտպանական ջոկատները պինդ էին պահում Շահումյանի պաշտպանությունը:

Սակայն ի՞նչ կատարվեց Շուշիի գրավումից հետո ուղիղ մեկ ու կես ամիս անց: Ինչո՞ւ շատ ջոկատներ լքեցին Շահումյանը՝ անպաշտպան թողնելով դիրքերը: Ո՞վ ականազերծեց Շահումյան տանող ճանապարհները, Գետաշենի իբր սպասվող ազատագարման պատրվակով: Խաղա՞ց իր դերը ՀՅԴ-ՀՀՇ դիմակայությունը:

ՀՀԿ-ի նախագահ Աշոտ Նավասարդյանը «Ազատամարտ» թերթին տրված հարցազրույցում 1992 թվականի ամռանը ասում է` «Կարելի է կարծել, որ ինչ-որ մակարդակներում տեղի է ունեցել ուղղակի փոխանակություն: Շատ դժվար է այդ մակարդակները որոշել: Բայց կան նաև սուբյեկտիվ պատճառներ, հիմնականում` Հայաստանի մեղավորությունը: Դա Արցախի հարցում հստակ դիրքորոշում չունենալու և վատ կազմակերպված լինելու արդյունքն է»:

Շահումյանի հարցերը արդեն բաց են մնում 21 տարի:

Մռավի լեռները անցնող փախստականները

 

Հայստանի ճանապարհներին շահումյանցի փախստականները

 

Երևանի երկաթգծի կայարան: Փախստականները սպասում են Ռուսաստան մեկնող գնացքին

 

Շահումյանցի տատիկը

 

11-ամյա շահումյանցի տղան ինքնապաշտպանության ջոկատի կազմում

 

Մոնթեն 1991թ. սեպտեմբերին Կարաչինարցի պաշտպանների հետ

 

Սերո Խանզադյանը Վերին Շենում

 

Շահումյանի գյուղերը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել