Xach

ԽԱՉ, սուրբխաչ, քրիստոնեության խորհրդանշան, պաշտամունքի և երկրպագության առարկա: Հին աշխարհում, հատկապես Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում Խաչը անարգ մահվան, անեծքի, նախատինքի և չարչարանքի գործիք էր: Եղել է ուղիղ (իրար ագուցված ուղղաձիգ և հորիզոնական փայտերից) և լատինական X տառի ձևով: Հռոմեական կայսրությունում Խաչի մահվան են դատապարտել ամենածանր հանցագործներին ու ավազակներին: Խաչելով սպանելը, իբրև ծայրագույն պատիժ, Հռոմեական կայսրությունում կատարվել է մինչև Կոստանդին I Մեծի ժամանակները, երբ նա 313-ին Միլանի էդիկտով (հռչակագրով) քրիստոնեությունը կայսրության տարածքում հռչակել է ազատ կրոն և, ի հարգանք Քրիստոսի Խաչի, պատժի այդ ձևն արգելվել է:

 Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո Խաչը քրիստոնյաների համար վերածվել է փրկության, հաղթանակի և հավիտենական կյանքի նշանակի՝ խորհրդանշելով Գողգոթայի Խաչի վրա Հիսուսի տարած հաղթությունը սատանայի և մեղքի նկատմամբ՝ հանուն մարդկության փրկության:

 Քրիստոնեական (այդ թվում՝ հայ) աստվածաբանության մեջ մեծ տեղ է հատկացվել Խաչի խորհրդաբանությանը և մեկնությանը: Խաչի աստվածաբանական ընկալումն ու գեղարվեստական գնահատումը սնվել է Պողոս առաքյալի մեկնություններից («Սակայն քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար», Գաղատ. 6.14, «Քանի որ ես օրենքի տակ մեռա օրենքի համար, որպեսզի ապրեմ Աստծու համար», Գաղատ. 2.19, «… որովհետև կորստյան մատնվածների համար խաչի քարոզությունը հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծու զորություն», Ա Կորնթ. 1.18):

 Հավատացյալն իր փրկությունը միայն Խաչով կարող է ստանալ, ինչպես բացատրում է Պողոս առաքյալը. «… ու իր խաչով հաշտեցնի երկուսին մեկ մարմնի մեջ Աստծու հետ. քանզի թշնամությունն սպանեց իր խաչով» (Ե-փես. 2.16), կամ «և նրանո՛վ հաշտեցնել ամեն ինչ իր հետ՝ խաղաղություն անելով խաչի վրա թափած իր արյամբ և՛ երկրի վրա, և՛ երկնքում եղածների համար» (Կողոս. 1.20): Խաչի պողոսյան աստվածաբանությունը հիմք է դարձել եկեղեցու հայրերի արժեքաբանական դիտարկումների համար: Խաչը համարվել է Քրիստոսի տնօրինական սխրանքի փառապսակը, «պարծանք պարծանցը», նշանակ «հասարակաց ազատութեան և հեզութեան Տեառն մերոյ» և այլն: Խաչի աստվածաբանությունից են ծնվել նաև Տերունական նշանին տրված գեղարվեստական որակումները. «քրիստոնէից լոյս», «կուրաց առաջնորդ», «մոլորելոց դարձուցիչ», «մանկանց դաստիարակ», «նաւավարաց նաւապետ», «եկեղեցւո հիմն» և այլն:

Բացի ընդհանուր բարոյաբանական գնահատումներից միջնադարի աստվածաբանական գրականությունում Խաչը զուգորդվել է հինկտակարանային կարևոր իրականությունների հետ: Համաձայն մեկնողական աստվածաբանության՝ Խաչը նկատվել է կենաց ծառի, գիտության ծառի, Մովսես նախամարգարեի գավազանի, Զաքարիա մարգարեի տեսած աշտանակի, Նոյի տապանի, Հակոբ նահապետի սանդուղքի, Սաբեկա ծառի և այլնի խորհրդապատկերը:

 Մեկնվել և աստվածաբանական հատուկ իմաստներ են տրվել քառաթևի չորս թևերին: Ըստ այդմ՝ Խաչի վերին մասը ցույց է տալիս երկնային արքայությունը, ստորինը՝ դժոխքի ավերումը, աջը՝ շնորհների բաշխումը, իսկ ձախը՝ մեղքերի թողությունը: Համաձայն Գրիգոր Տաթևացու մեկնության՝ «Քառաթև խաչը խորհրդանշում է նաև չորս առաքինությունները, որոնց վրա պետք է տարածենք մեր ներքին մարդուն. վերին մասը նշանակն է սիրո, ստորինը՝ խոնարհության, աջը՝ հնազանդության, իսկ ձախը՝ համբերության» (Գրիգոր Տաթևացի, «Քարոզ Սուրբ Խաչի մասին», 1995, էջ 6–7):

 Խաչը միշտ առկա է եկեղեցու ծիսական կյանքում, ոչ մի ծես առանց Խաչի չի կատարվում, այն եկեղեցական սպասքի ամենագործածական տարրերից է, հոգևորականի զգեստի կարևոր բաղկացուցիչ (տես Զգեստ եկեղեցական), նվիրական նշան և հատուկ առարկա: Խաչով են նվիրագործվում եկեղեցու սպասքն ու զգեստները: Ըստ կիրառության լինում են՝ մկրտության, խորանի կամ սեղանի (ի հիշատակ Հիսուսի խաչելության), ձեռաց Խ. և այլն: Խաչի նշանը կանգնեցվում է եկեղեցու գմբեթի կամ կաթողիկեի գլխին, զանգակատան գագաթին, եկեղեցու ճակատին: Ըստ Մաշտոց ծիսամատյանի՝ եկեղեցու օծվելիք տեղերում մեկական քարե Խաչ է դրվում, և դրա վրա կատարվում օծումը:
Տարբեր եկեղեցիներում Խաչերն ունեն այդ եկեղեցիներին հատուկ ավանդական ձևեր և անվանվում են հունական Խաչլատինական Խաչհայկական Խաչ:

 Հունական Խաչի չորս թևերը հավասար են, իսկ լատինական Խաչի երեք թևերն են հավասար, ներքևի թևը մյուսներից կրկնակի երկար է: Հայկական Խաչի չորս թևերը հավասար են, բայց թևերի կազմած չորս անկյուններից ելնում են ճառագայթներ՝ կազմելով ճառագայթներով Խաչ: Այդ բոլորը միասին սռնակի շուրջը սփռվող անվի կամ արեգակնակերպ ճառագայթների նմանություն է տալիս, ինչի համար էլ սռնակաձև անունն է ստացել: Սռնակաձևը եղել է (սռնակաձև Խաչ, սռնակաձև քառաթև և այլն) Հայ եկեղեցու ընդունած Խաչի պաշտոնական անունը:
Հայոց մեջ, ի տարբերություն այլ քրիստոնյա ժողովուրդների, առավել տարածված է Խաչի պաշտամունքը՝ խաչապաշտությունըՊատկերների պաշտամունքը Հայ եկեղեցում հիմնականում հանգել է Խաչին և Քրիստոսինական «Յոյն և վիրք պատկերագրութիւն առաւել պատուեն, և հայք՝ զխաչ»(Մխիթար Գոշ, «Թուղթ…», «Արարատ», 1900, նոյեմբ., էջ 562):

 VII–VIII դդ-ից սկսած սրբապատկերների պաշտամունքի հայկականացված ձևը դարձել է խաչապաշտությունը, ինչի սկիզբը դրել է Հովհաննես Գ Օձնեցին: Հայոց մեջ հաստատվել է նաև Խաչի օրհնությունն ու օծությունը, որը հատուկ է միայն Հայ եկեղեցուն: 726-ի Մանազկերտի եկեղեցական ժողովում Հովհաննես Գ Օձնեցին հաստատել է Խաչի օրհնության և օծության կանոնը: Համաձայն դրա, եթե Խաչը չի օրհնվել և օծվել ս. Մյուռոնով, ապա չի կարելի պատվել և դրանով երկրպագություն մատուցել, քանի որ զուրկ է աստվածային զորությունից և «արտաքոյ ավանդութեան առաքելական եկեղեցւոյ»: Մաշտոց Ա Եղիվարդեցին կանոնակարգել է Խաչի օրհնությունն ու օծությունը: Ըստ ծիսական կարգի՝ եկեղեց. պաշտամունքի մեջ գործածվող Խաչը պետք է օրհնվի և օծվի հինգ տեղից՝ կենտրոնն ու չորս թևերը՝ Ակնը, Թագը, Բունը, Աջն ու Ձախը: Հայոց մեջ Խաչի՝ որպես կենաց ծառի, պաշտամունքն արտահայտվել է նաև խաչքարային արվեստում: Խաչին ձոնվել են տաղեր, շարականներ, ներբողներ, որոնցից նշանավոր են Սահակ Գ Ձորոփորեցու՝ Խաչին նվիրված շարականները: Հայ առաքելական եկեղեցին ունի Խաչին նվիրված տոներ, որոնցից Խաչվերացը հինգ Տաղավար տոներից է: Հայոց մեջ տարածված են նաև Ս. Խաչ անունով սրբատեղիներ, ուխտատեղիներ, մատուռներ, վանքեր ու եկեղեցիներ:
Աղբյուր՝ Ք.Հ. հանրագիտարան, հեղինակներ՝ Հակոբ Քյոսեյան, Արտաշես Ղազարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել