Սյունիքի պատմությունը դեռ չի ավարտվել, ու կարդալով մամուլում տեղ գտնող հրապարակումները՝ մոտս հակասական զգացմունքներ են առաջանում: Մի կողմից, անկասկած է այն հանգամանքը, որ Լիցկան այնքան հանդգնություն ունի, որ լուրջ հույսեր է փայփայում, որ մի որոշ ժամանակ անց նա կարող է վերադառնալ իր պաշտոնին, պարզապես պետք է սպասել, որ այս աղմուկը հանդարտվի: Լիցկայից սա հեռու չէ, իսկ նրա վերանշանակման տարբերակը բնավ էլ պետք չէ բացառել՝ հաշվի առնելով մեր իշխանություններին բնորոշ ցինիզմն ու ողջամտության բացակայությունը:
Մյուս կողմից, ականատես եմ լինում, թե ինչպես են մարդկանց մոտ զարթնում արժանապատվությունն ու քաղաքացիական պարտքը: Այս առումով հատկապես ուսուցողական եմ համարում Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի օրինակը, ով սկանդալային բացահայտումներ էր արել Լիցկայի հերոսական անցյալի մասին, ինչին հետևել էին սպառնալիքներով հագեցած հեռախոսազանգեր ու հանդիպումներ Լիցկայի հարազատների ու մերձավորների կողմից, սակայն նախկին քաղաքապետը, ըստ երևույթին, չի ընկրկել և շարունակում է ճիշտը խոսել.
«Վերջին օրերին ստացել եմ հեռախոսազանգեր, նաեւ եղել են մի քանի հանդիպումեր Սուրիկ Խաչատրյանի մերձավորների կողմից: Ինձ ուղղված խրատաբանական արտահայտություններ են եղել` սպառնալիքի ենթատեքստով: Հայտարարում եմ, որ իմ մեջ շատ վաղուց սպանել եմ վախի, սարսափի անասունը ու նույնը խորհուրդ եմ տալիս անել Հայաստանի բոլոր քաղաքացիներին, մասնավորապես սյունեցիներին եւ հատկապես գորիսեցիներին»,- Aravot.am-ին ասել է Գորիսի նախկին քաղաքապետը` չմանրամասնելով, թե հատկապես ում կողմից եւ ինչ տիպի սպառնալիքներ են հնչել:
Եթե բոլորս էլ չէ, բայց գոնե մեր բնակչության կեսը հետևի քաղաքապետի օրինակին, չվախենա այս 20 տարվա մեջ ջրի երես ելած տականքից ու հետևողականորեն՝ անտեսելով վախն ու ահաբեկումը, դրսևորի իրեն որպես քաղաքացի, ապա, անկասկած, մեր երկիրը ապագա կունենա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել