Հայաստանում երբեք խոսքի ազատությունն այս աստիճան բարձր չի եղել, իսկ իշխանություններն էլ երբեք այսքան բաց և թափանցիկ չեն վերաբերվել խոսքի ազատությանը: Ես ցավում եմ, որ «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արմեն Դուլյանին աշխատանքից ազատելու խնդիրը դիտարկվում է այն տեսանկյունից, որ իշխանություններն են ճնշում «Շանթ» հեռուստաընկերությանը, որպեսզի նման բարձրակարգ լրագրողն ազատվի աշխատանքից: Խնդիրն այն է, որ հեռուստաընկերությունն ինքն է ազատում աշխատանքից` համարելով, որ պրն. Դուլյանը ոչ կոռեկտ է արտահայտվում հեռուստաընկերության հասցեին: Այստեղ պետք է տարանջատել երկու բան. առաջին` իշխանությունները նպաստում են խոսքի ազատության զարգացմանը և չեն միջամտում որևէ լրատվամիջոցի գործունեությանը. ես դա կարող եմ փաստել որպես այդ ոլորտում աշխատող մարդ: Եվ երկրորդ՝ Արմեն Դուլյանը, աշխատելով «Շանթ» հեռուստաընկերությունում, իրավունք չուներ քննադատելու կամ վիրավորելու հեռուստաընկերության ղեկավարությանը: Եթե որևէ մեկը աշխատում է որևէ վայրում, պետք է հարգի այդ ընկերությունը և ընկերության շահերը համարի առաջնահերթ: Նման դեպք կարող էր լինել աշխարհի ցանկացած գիգանտ ընկերությունում. որևէ մեկը չի կարող աշխատել «Կոկա-Կոլա» ընկերությունում, վարկաբեկել այն և շարունակել աշխատել, կամ որևէ մեկը չի կարող աշխատել BBC-ում, վարկաբեկել այն և շարունակել այնտեղ աշխատել:
Այս տեսանկյունից պետք է նկատել, որ ամեն դեպքում պարոն Դուլյանը շատ բարձրակարգ և պրոֆեսիոնալ լրագրող է, և նա կգտնի իր տեղը 4–րդ իշխանության դաշտում։ Բայց կարծում եմ, որ նա կհասկանա, որ «այնտեղից, որտեղից ջուր ես խմում, այդ աղբյուրը քար գցել պետք չէ»։

Հ.Գ. Այս դեպքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ իրականում ամենաճիշտ ճանապարհն իր համար որդեգրել է Պետրոս Ղազարյանը, քանզի նա, շատ լավ իմանալով, թե ինչ կարող է լինել իր հետ, քննադատում է բոլորին, բայց ոչ երբեք Գագիկ Ծառուկյանին և ԲՀԿ–ին։ Դրա համար, պարո՛ն Դուլյան, Դուք շատ շփվեք Պետրոս Ղազարյանի հետ, և Դուք էլ կսովորեք «իսկական» ու «օբյեկտիվ» լրագրության կանոնները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել