Արդեն վաղը Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մրցակցի հարկի տակ ուժերն է չափելու Դանիայի հավաքականի հետ և ամեն գնով փորձելու է վերականգնել պատիվը Մալթայի հավաքականի հետ խաղից հետո: Մի փոքր ուսումնասիրելով մեր մրցակից թիմին` նրա մասին կարելի է ասել հետևյալը. դանիացիները խաղում են ուժային ֆուտբոլ, շատ են երկար փոխանցումները թե՛ եզրերում և թե՛ դաշտի կենտրոնական հատվածում, գրոհների ժամանակ լայնորեն օգտագործվում են եզրերը: Հայաստանի հավաքականը պետք է խաղա հետևյալ մարտավարությամբ. պաշտպանությունում Լևոն Հայրապետյանի բացակայության պայմաններում լուրջ խնդիր է ձախ պաշտպանի դիրքը: Այս խաղում ևս ճիշտ կլինի այս դիրքը վստահել Վալերի Ալեքսանյանին, որը, լինելով կենտրոնական պաշտպան, սովոր չէ շատ միանալ գրոհներին, ինչպես եզրային պաշտպանները ժամանակակից ֆուտբոլում, իսկ այս խաղում մեր պաշտպանների հաճախակի միացումը գրոհներին պետք չէ: Հրայր Մկոյանի բացակայությունը նույնպես անցանկալի հետևանքներ կարող է ունենալ մեզ համար: Փոխարինողների բացակայության պայմաններում արդեն էական չէ, թե մեկնարկային կազմում կլինեն Ռոբերտ Արզումանյանը, թե Տարոն Ոսկանյանը, բայց այս խաղում առաջնային անհրաժեշտություն է Արտյոմ Խաչատուրովի տեղը կենտրոնական պաշտպանի դիրքում: Խաչատուրովը բավականին բարձրահասակ է և լավ է խաղում երկրորդ հարկում: Նա մեր պաշտպանական գծում միակ ֆուտբոլիստն է, որ կարող է երկրորդ հարկում պայքար մղել դանիացի ֆուտբոլիստների հետ, ինչի կարիքը մեր թիմը այս խաղում շատ է ունենալու: Ինչ վերաբերում է աջ պաշտպանի դիրքին, ցավոք, այսօր բացի Կամո Հովհաննիսյանից չունենք ավելի լավ այլ տարբերակներ: Հենակետային գոտում, որտեղ հավանաբար այս խաղում ավելի քիչ աշխատանք է իրականացվելու մյուս դիրքերի համեմատությամբ, պետք է տեղ զբաղեցնեն Արթուր Եդիգարյանն ու Կառլեն Մկրտչյանը: Այսպիսի թիմի դեմ խաղում եզրային կիսապաշտպան - հարձակվողներին պետք է հրահանգվի հաճախ նահանջել, խաղալ ավելի խորքից, որպեսզի հնարավոր լինի փակել եզրերը պաշտպանվելիս: Այս առումով մենք խնդիրներ ունենք. աջ եզրում խաղում է Արազ Օզբիլիսը, որը, լինելով հոլանդական դպրոցի սան, այնքան էլ տպավորիչ չէ պաշտպանվելիս, իսկ ձախ եզրը կարելի է վստահել Արթուր Սարկիսովին, որը, սակայն, կենտրոնական հարձակվող է և նույնպես միտված չէ պաշտպանական գործողությունների: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մարկոս Պիզզելին այնքան էլ ուժեղ չէ ուժային մենապայքարներում` Մխիթարյանը չպետք է տեղ զբաղեցնի եզրում, իսկ Մարկոսը կենտրոնում, այլ, ինչպես արդեն նշեցինք, եզրում ցանկալի է Սարկիսովի խաղը, իսկ ենթահարձակվողի դիրքում փլեյմեյքերի պարտականություններն իր վրա պետք է վերցնի Հենրիխ Մխիթարյանը: Իսկ անհրաժեշտության դեպքում երկրորդ խաղակեսի միջնամասում Մարկոսը կարող է փոխարինել Սարկիսովին և ավելի թարմ ուժ հաղորդել հարձակման գծին: Այս դեպքում արդեն Մխիթարյանը կտեղափոխվի ձախ, իսկ Մխիթարյանի տեղը կզբաղեցնի հենց Մարկոսը: Դե արդեն բոլորիս համար էլ պարզ է, որ հարձակման գծում անվիճելի է Յուրա Մովսիսյանի տեղը մեկնարկային կազմում: Մրցակցին ամեն գնով պետք է զրկել ստանդարտների հնարավորություններից: Հինգ խաղում Դանիայի հավաքականը իրացրել է 32 անկյունային և բոլոր խաղերում, նույնիսկ Իտալիայի դեմ խաղում, որտեղ Դանիան պարտվեց 1-3 հաշվով, դանիացիները անհամեմատ մեծ առավելություն են ունեցել անկյունայինների իրացրած քանակով: Մեր թիմը պետք է օգտագործի իր գլխավոր զենքը` հակագրոհների հնարավորությունը, ինչը հաստատապես կընձեռվի այս խաղում: Պետք է ընդհանրապես չլինեն բարձրից փոխանցումներ դեպի մրցակցի տուգանային հրապարակ: Երկու խոսք նաև դարպասապահի դիրքի մասին. այստեղ, իհարկե, կասկած չի առաջացնում Բերեզովսկու առաջատար լինելը, և հենց նա էլ կպաշտպանի մեր թիմի դարպասը այս խաղում: Սակայն դանիացիները կարող են օգտագործել նաև Բերեզովսկու թույլ կողմերը: Բոլորիս քաջ հայտնի է, որ Բերեզովսկին հատկապես թույլ է դարպասից դուրս գալիս, իսկ այս խաղում դրա կարիքը շատ է զգացվելու:
Կարելի է ուշադրություն դարձնել նաև երկու թիմերի վիճակագրությանը. 32 անկյունային իրացրել է Դանիայի հավաքականը, 42` Հայաստանի հավաքականը, որից 13-ը միայն Մալթայի դարպասին, 5 խաղում դարպասին կատարած 27 հարվածից 6-ը ավարտվել է գոլով Դանիայի դեպքում, իսկ մեր տղաները կատարել են 26 հարված, որոնցից արդյունավետ են եղել ընդհամենը 2-ը: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները խաղի կանոնները խախտել են 75 անգամ, իսկ դանիացիները՝ 78 անգամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել