Շատերին անծանոթ, սակայն բլոգոսֆերայում և սոցիալական ցանցերում հայտնի Իզան երիտասարդ գրող է, բլոգեր, ֆրանսերենի մասնագետ: Որպես անհատ` զբաղվում է ակտիվ հասարակական գործունեությամբ: Որևէ հասարակական կազմակերպության անդամ չէ, ոչ էլ կուսակցական, սակայն վերջերս պարզ դարձավ, որ մուտք է գործում քաղաքականություն. նրա անունը հայտնվեց «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակի 9-րդ տեղում: 

Իզաբելլա Աբգարյանի հետ հարցազրույցի ընթացքում էլ պարզեցինք մի շարք հարցեր: 

- Իզա, ինչո՞ւ որոշեցիք քաղաքականության մեջ մտնել:

- Դեռ ուսանողական տարիներից քաղաքականացված եմ եղել, սակայն ոչ կուսակցականացված: Հետագայում, երբ սկսեցի վարել բլոգս, քաղաքական գործընթացներին հետևելն ու արձագանքելն էլ ավելի մեծ տեղ զբաղեցրեց իմ կյանքում: Ընդ որում, հետաքրքրված էի ոչ միայն ներքին, այլ նաև միջազգային քաղաքականությամբ: Կարծում եմ, որ մտնելով քաղաքականություն, ոչ թե դիտորդի դեր զբաղեցնելով, հնարավորություն կունենամ իմ մասնակցությունը բերելու գործընթացներին` միաժամանակ կամուրջ դառնալով քաղաքացիական հասարակության և քաղաքական գործիչների միջև:

- Ինչո՞ւ հատկապես «Ժառանգություն» կուսակցության հետ համագործակցեցիք: Կուսակցության անդա՞մ եք:

- Կուսակցության անդամ չեմ, սակայն երկրի ապագայի իմ պատկերացումները, առաջնայնությունները, հուզող հարցերը լիովին համընկնում էին հենց այս քաղաքական ուժի դիրքորոշման հետ: «Ժառանգության» անդամներին հանդիպում էի պիկետների, քննարկումների ժամանակ, որտեղ հանդես էի գալիս որպես անհատ-պայքարող, բլոգիս միջոցով քննարկման էի դնում «Ժառանգության» հեղինակած օրինագծերը: Կարծում եմ` ժամանակն էր իմ ներուժն ու հնարավորությունները ներդնելու «Ժառանգության» թիմի կողմից իրականացվող գործին: Միասին ավելի ուժեղ ենք:

- Իսկ քաղաքական դաշտում համագործակցելու առաջարկն իրենցի՞ց  ստացաք, թե՞ Դուք նախաձեռնեցիք:

- Համագործակցության առաջարկը ստացա «Ժառանգությունից»: Անչափ երախտապարտ եմ: Երբ առաջին անգամ հրավիրվեցի «Ժառանգության» գրասենյակ և ստացա համագործակցության և միասնական գործելու առաջարկ, իսկույն համաձայնությունս հայտնեցի: Այն ժամանակ դեռ ընտրություններին իմ մասնակցության վերաբերյալ որևէ խոսակցություն չկար: Իսկ երբ արդեն հարց տվեցին, թե արդյոք կցանկանա՞մ ներգրավվել նախընտրական ցուցակում, անակնկալի եկա` հաճելի անակնկալի:

- Ե՞վ… Միանգամից պատասխանեցի՞ք, թե մտածեցիք:

- Միանգամից պատասխանեցի, որ դա ինձ համար մեծ պատիվ է:

- Ձեր անունը ցուցակում 9-րդն է, և հավանականությունը մեծ է, որ խորհրդարանում կլինեք: Ձեզ պատգամավորի կարգավիճակում պատկերացնո՞ւմ եք:

- Ես ինձ պատկերացնում եմ «Ժառանգություն» խմբակցության ակտիվ անդամի կարգավիճակում: Դրա համար ունեմ վառ օրինակներ` Զարուհի Փոստանջյան, Անահիտ Բախշյան… Միշտ համակրել եմ նրանց և կփորձեմ շարունակել արդեն իսկ որդեգրված աշխատաոճը:

- Շատ թեկնածուներ խորհրդարան գնալուց առաջ հայտարարում են, թե հատկապես որ ոլորտում են բարեփոխումներ անելու: Դուք որևէ ոլորտ նախանշե՞լ եք Ձեզ համար:

- Կարծում եմ` կշարունակեմ ներգրավված լինել այն ոլորտներում, որտեղ արդեն իսկ փորձ և անհրաժեշտ գիտելիքներ ունեմ` սոցիալական ապահովություն, առողջապահություն, կրթություն, բնապահպանություն, միջազգային հարաբերություններ:

- Իսկ այդ փորձը որտեղի՞ց է գալիս:

- Եթե միջազգային հարաբերությունների և կրթության բնագավառներում փորձս կապված է իմ մասնագիտության հետ, ապա սոցիալական ապահովության, առողջապահության և բնապահպանության ոլորտներն ուսումնասիրել եմ` այդ ոլորտների խնդիրներին փորձելով արձագանքել: Օրինակ` որպես բլոգեր, մասնակցել և համակարգել եմ բազմազավակ ընտանիքների բարեկեցության հարցերը, կազմակերպել եմ օգնություն ծանր հիվանդություններով տառապողների և բուժման կարիք ունեցողների համար, որոնք այս կամ այն պատճառով հույսը կտրել էին պետության հովանավորչությունից: Ծառատունկ եմ կազմակերպել, ներկա եմ գտնվել բնապահպանական քննարկումներին և բողոքի ակցիաներին…

- Ինչքան գիտեմ, ֆրանսերենի դասախոս եք, հիմա որտե՞ղ եք աշխատում:

- Ֆրանսերենի դասախոս և թարգմանիչ եմ: Նեղ մասնագիտությունս իրավաբանական թարգմանությունն է: Ֆրանսերեն-հայերեն իրավաբանական բառարանի հեղինակ եմ, նաև ունեմ այդ թեմայով գրված աշխատություններ: Իրավաբանության ոլորտը կապված է նաև իմ այժմյան աշխատանքի հետ` իրավաբանական գրասենյակում համակարգում եմ ԶԼՄ-ների և հանրության հետ կապերը:

Իզա, Դուք հայոց լեզվի պահպանման ջատագով եք, դեմ եք լատինատառ գրառումներին, ֆեյսբուքում մայրենի լեզվի դասեր եք վարել և այլն: Իսկ ինչո՞ւ եք Ձեր բլոգում ռուսերեն գրում:

- Հարգելով բոլոր լեզուները` համոզված եմ, որ մայրենիի պահպանությունն ազգային ինքնության հենասյուներից մեկն է: Իսկ բլոգս ռուսալեզու է ընթերցողներիս լայն շրջանակի պատճառով` ռուսներ, ուկրաինացիներ, վրացիներ… նաև ադրբեջանցիներ, որոնց «լսեցնելու համար» էլ ձգտում եմ ներկայացնել ճշմարտությունը պատմական և քաղաքական տարբեր իրողությունների շուրջ: Մեր շահերից բխող տեսակետի քարոզչության համար անհրաժեշտ էր գրել այն լեզվով, որը կհասկանա առավել բազմամարդ «լսարան»:

- Միգուցե հայերեն գրեիք և թարգմանեի՞ք:

- Կրկնակի աշխատանք կլիներ: Դրա համար շատ ժամանակ է պետք: Բայց ֆեյսբուքս հայերեն է: Այն միայն ընկերներիս համար է:

- Նշեցիք` ադրբեջանցի ընթերցողներ: Որևէ հետաքրքիր միջադեպ եղե՞լ է ադրբեջանցի ընթերցողների հետ կապված. մեկնաբանություններ, բանավեճեր և այլն:

- Ադրբեջանցիներն առավել ակտիվ են «չեզոք» հարթակներում: Հայի բլոգում բանավիճելու համար քաջություն չունեն: Երբեմն մտնում են, մի երկու անհեթեթություն կամ վիրավորանք գրում ու կորչում` վախենալով պատասխան հարձակումից: Իսկ, օրինակ, ռուսական լրատվականների մեկնաբանություններում նրանք ավելի ակտիվ են` երբեմն ներկայանալով հայի անունից և փորձելով հային ներկայացնել իբրև «հրեշ»:

Մի քանի բառով կբնութագրե՞ք այսօրվա հայ  կնոջ կերպարը: Ի՞նչը կուզենայիք փոխել և ի՞նչը պահպանել: Քաղաքականության մեջ հայ կնոջ դերը որքանո՞վ է կարևորվում այսօր:

- Հայ կնոջը չի կարելի ընդհանուր բնութագիր տալ: Ես դեմ եմ ցանկացած ընդհանրացումների: Մարդիկ տարբեր են: Ինչ վերաբերում է հայուհու դերին, ապա համոզված եմ, որ եթե նրա դերը միշտ շատ մեծ է եղել ընտանիքի սյուները ամուր պահելու գործում, ապա նրա վրա կարող է հենվել նաև պետությունը: Այսօր արդեն իսկ ունենք տարբեր ոլորտներում կին գործիչներ, որոնք ապացուցել են կնոջ մեծ հնարավորությունները և կարողությունները: Կցանկանայի, որ այդ կանանց թիվը հետագայում աճեր:

Մի քիչ անձնական կյանքից: Գիտեմ, որ ամուսնացած եք, երեխաներ ունեք, նրանց մասին կպատմե՞ք:

- Ունեմ երկու երեխա, աղջիկս 14 տարեկան է, տղաս` 8: Շատ տարբեր են, կարելի է ասել` հակապատկեր են: Աղջիկս զգացմունքային է, տարված է երաժշտությամբ (նվագում է 3 գործիք, երգեր ու բանաստեղծություններ գրում), տղաս ավելի ամուր է կանգնած հողի վրա` պրակտիկ մոտեցում ունի ամեն հարցում, սիրում է մաթեմատիկա, բարդ հանելուկներ լուծել և իր վրա է վերցնում բոլորիս թույլ տված սխալները մատնանշելը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել