
Սրտանց շնորհավորում եմ աշխարհի բոլոր, բոլոր մանուկներին այս գեղեցիկ ու լուսավոր տոնի կապակցությամբ: Աստծո արարչագործության ամենանուրբ ու փխրուն էակները`մանուկները, մեր իրականության մեջ մաքրության, պարզության և խոնարհության խորհրդանիշերն են: Որպես քրիստոնյա ազգ` մենք մեծ կարևորություն ենք տալիս մանկան դաստիարակությանը, կրթությանը: Մեր Տեր Հիսուս Քրիստոսը նկատեց և առանձնահատուկ շեշտեց մանուկների ունեցած անմեղությունը` այն համարելով երկնքի արքայության մուտքի նախապայման: «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ չդառնաք ու չլինէք մանուկների պէս, երկնքի արքայութիւնը չէք մտնի: Արդ ով անձը խոնարհեցնում է ինչպէս այս մանուկը, երկնքի արքարութեան մեջ նա՛ է մեծ: Եւ ով իմ անունով մի այսպիսի մանուկ ընդունելու լինի, ի՛նձ կ՚ընդունի» Մատթէոս 18. 3:5:
Կուզենայի առանձնացնել հայ երեխայի կյանքում ընտանիքի, դպրոցի և եկեղեցու առնաձնահատուկ ու հույժ կարևոր դերը: Հայ մանկան հոգևոր, բարոյական կրթությունը մեր խոստումնալից ապագայի կայուն գրավականն է: Մանուկը մեր միակ հույսն է ու ապավենը` դեպի այդ բաղձալի խոստումնալից ապագան: Պետք է հետևել Տիրոջ պայմանին` մեծագույն կարևորություն տալով մանուկներին, քանի որ մեր ազգի հարատևման, եկեղեցու զորացման և պետության զարգացման հուսալի բանալին նրանց ձեռքերում է:
Թո՛ղ ձեր անմեղ ու հրաշք աչուկները միշտ փայլեն ուրախությունից և երջանկությունից:
Ամենակալ Աստծո օրհնությունը միշտ ձեզ ուղեկից և առաջնորդ լինի: