Նախընտրական քարոզարշավն ինչ անակնկալ ասես, որ չի մատուցում մեզ: Ո՞ւմ մտքով կանցներ, որ մեր առյուծ ախպեր պարոն Ծառուկյանը բեմի վրա կչոքի, որպեսզի անմիջական շփման միջոցով հաղորդակցվի հասարակ ժողովրդի հետ: Գաղտնիք չէ, որ Ծառուկյանի մյուս մականունը «թագավոր ջան» է: Դե ամեն ինչ բռնում է՝ առյուծն էլ գազանների թագավորն է չէ՞: Բայց դուք թագավոր կամ էլ գազանների թագավոր, ասել է թե՝ առյուծ, տեսել ե՞ք, որ չոքի նոր հաղորդակցվի հասարակների հետ: Ինչ ուզում է լինի, նա պետք է մնա իր «բարձունքի» վրա: Աշխարհի երեսին չկա մի գայթակղիչ դրդապատճառ, որ ստիպի թագավորին ծնկի գալ. կմեռնի բայց չի անի: Բայց դե որ ամեն ինչ շինծու է լինում, դրա համար մի տեղ այսպես, թե այնպես դուրս է գցելու չէ: Գնալ զենքով-զորքով, թիկնապահների ուղեկցությամբ, Vertu մակնիշի ատրճանակը «քյամարի» տակ՝ հասարակ ընտրողների հետ շփվելո՞ւ: Ախր քեզնից այս ժողովուրդը համեստություն չի ակնկալում, որ դա ուզեր երկրի թիվ մեկ ջութակահարին կընտրեր ՀՀ նախագահ: Ժողովուրդն ակնկալում է, որ առյուծի պես մռնչաս, թագավորի պես ձեռքդ սեղանին խփես, Սասունցի Դավթի պես արժանապատվորեն հակառակորդին հայտարարես, որ գալիս ես ու այս անօրեն վիճակի վերջը տաս: Թե չէ չոքող ինչքան ասես ունենք: Սաղ ազգին էնա չոքացրել են էլի: Դու պիտի մեզ բարձրացնես, ոտքի կանգնեցնես, ոչ թե դու էլ չոքես, որ «համեստորեն» ցույց տաս, որ մեզ հավասար ես: 

Այս անբնական վիճակն ինձ մի հին, սովետական ժամանակների  անեկդոտ հիշեցրեց՝ թյուրըմբռնման պատճառով զավեշտալի իրավիճակում հայտնվելու մասին: «Գաղտնիք չէ, որ Սովետի ժամանակ վրացիները շատ հարուստ էին, ու դրանից ավելի շատ նաև՝ ցուցամոլ: Վրացի մի հարուստ ընտանիքի երեխա սովորում է Մոսկվայում՝ համալսարանում: Մի քանի  օր հետո տուն հեռագիր է ուղարկում, ասելով, որ ինքն այնտեղ իրեն շատ անհարմար վիճակում է զգում, բոլորը տրոլեյբուսով են դասի գնում, մենակ ինքն է Գազ 24 ավտոմեքենայով գնում (այն ժամանակվա բարեկեցության խորհրդանիշ համարվող մեքենայով): Հայրն անմիջապես հեռագիր է ուղարկում. «Տղաս, մենք ումից ենք պակաս, փողն ուղարկել եմ, գնա ստացիր ու գնիր տրոլեյբուս»»:

Հիմա մեր հարգարժան առյուծ ախպորը հավանաբար ասել են, որ անհարմար է, պետք է քեզ մի քիչ համեստ պահես, որ ժողովրդից չտարբերվես, դե ինքն էլ ինչ անի՝ պահելը պահեց, բայց դե ատրճանակը չկարողացավ պահել: Ախր, այ թագավոր ջան, եթե անգամ դա քո անձնական անվտանգության համար է, հասարակ ժողովրդից ո՞վ ռիսկ կանի քո վրա հարձակվի: Իսկ եթե անհանգստանում ես, որ կյանքիդ վտանգ կարող է սպառնալ, ում խանգարում ես, նրանք, եթե քեզ վերացնելու որոշում կայացնեն, Т-90 տանկով էլ, որ գնաս ընտրողների հետ հանդիպման, մեկ է չի փրկի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել