BlogNews.am կայքի գլխավոր խմբագիր

Վերջին շրջանում հատկապես շատ է խոսվում հայ պաշտոնյաների ու նրանց հետ փոխկապակցված անձանց հայտարարագրած գույքի և եկամուտների չափերի մասին: Անորոշությունները, ցավոք, չափազանց շատ են, ու հայտարարագրերն անգամ հպանցիկ թերթելիս առաջանում են հարցեր, որոնց պատասխանները ո՛չ պաշտոնյաները և ո՛չ էլ բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը տալ կարծես թե չեն պատրաստվում:
Ինչպե՞ս է շուրջ 6 մլն դոլար կուտակել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ինչպե՞ս մեկ տարում բազմամիլիոն եկամուտների տեր դարձավ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ինչպե՞ս են «չոր» աշխատավարձի վրա նստած չինովնիկները Range Rover ու շքեղ առանձանտներ գնում…
Գաղտնիք չէ, որ բարձրաստիճան պաշտոնյաների գույքի ու եկամուտների հայտարարագրման մեխանիզմը, որը մի փոքր այլ ձևակերպմամբ մուտք գործեց մեր իրականություն մոտ 10 տարի առաջ, արևմտյան կառույցների հորդոր-պարտադրանքն էր: Սրա նպատակը, անշուշտ, միանգամայն հասկանալի է ու ընդունելի՝ հասարակությունը պետք է տեղյակ լինի պաշտոնատար անձանց եկամուտներից, որպեսզի հանրային վերահսկողության արդյունքում բացառվի կամ գոնե նվազագույնի հասցվի կոռուպցիան: 
Սակայն ինչպես սովորաբար պատահում է, եվրոպական սոցիումի համար մշակված ու կատարելության հասցրած մեխանիզմները մեզ մոտ լավագույն դեպքում այնքան էլ լավ չեն աշխատում, իսկ վատագույն դեպքում ստացվում է վատ բեմականացված սատիրիկ ներկայացում, որի ժամանակ միայն իշխանավորներն են ծիծաղում: 
Կոնկրետ այս դեպքում ստացվում է, որ բացի այն, որ հանդուրժում ենք, որ պաշտոնատար անձինք թալանում են երկիրը, այլև մի բան էլ տասնյակ միլիոնավոր դոլարներն են հայտարարագրում ու դրանով իսկ մեզ ասում. «Լավ եմ արել՝ թալանել եմ»: Եվ սա հետևանքներ ունենալու փոխարեն անվարժ կերպով փորձում է պարտակվել թե՛ պատկան մարմինների և թե՛ հանցանք գործած պաշտոնյաների կուսակից ընկերների կողմից:
Եթե այս հայտարարագրերը հասարակական վերահսկողության արդյունքում քաղաքական ու իրավական հետևանքներ չեն ունենալու, այդ դեպքում այս միջոցառման իմաստը ո՞րն է: Որպեսզի ժողովուրդն առարկայական տեսնի՞, թե ինչու է վատ ապրում, որ ասենք մարզպետն իր ունեցվածքով ու լկտիությամբ կարող է Օստապ Բենդերի նման ասել. «Փաթաթեք այս մարզը թղթի մեջ, ես այն գնո՞ւմ եմ»:
Մյուս կողմից էլ, իհարկե, մեկ այլ վտանգ կա: Եթե անմիջապես պատկան մարմինները քննության առնեն հայտարարագրերը, դրականի հետ մեկտեղ դա նաև բացասական հետևանք կարող է ունենալ՝ պաշտոնատար անձինք կսկսեն վախենալ իրենց եկամուտները հայտարարագրելուց և դարձյալ կփորձեն իրենց գումարները հանել երկրից:
Իրականում սրա լուծումն էլ կա, որը գտել է մեր գազը թանկացնող դաշնակից բարեկամը, որին մերոնք սիրում են ընդօրինակել, սակայն միայն իրենց ձեռնտու դեպքերում: Պուտինը ՌԴ նախարարներին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներին հրամանագրով արգելել է ունենալ հաշիվներ արտասահմանում, ինչպես նաև՝ ունենալ կանխիկ գումար ու թանկարժեք իրեր երկրից դուրս: Ի դեպ, համաշխարհային փորձը պակաս արդյունավետ մեխանիզմներ չի առաջարկում: Ուղղակի թալանողի ձեռքը բռնելու բարի կամք է հարկավոր դրսևորել, իսկ մեխանիզմներն այդժամ կգտնվեն անմիջապես: 
Այսքանից հետևություն՝ խնդիրները կան, երբ չկա դրանց չլինելու մեջ շահագրգռված իշխանություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել