Երբևէ Հայաստանում նման իրավիճակ չէր ստեղծվել, երբ վարչապետին մեղադրեին մի շարք «մութ պատմությունների» մեջ` սկսած օֆշորային գոտում ծավալած գործարարությունից` մինչև բիոզուգարանների հետ կապված անազնիվ գործարքը... Երբևէ Հայաստանի որևէ վարչապետի անվան շուրջ այնպիսի աղմուկ չէր բարձրացել, ինչպես բարձրացել է հիմա Տիգրան Սարգսյանի անվան շուրջ` մեկ անգամ ևս հաստատելով այն պարզ ճշմարտությունը, որ անընդհատ հանդես գալով խրատաբանական ելույթներով և ստեղծելով «մտավորականի» իմիջը, այս պաշտոնյան, ըստ էության, Հայաստանի տնտեսության ու ֆինանսների ակունքների մոտ նստած այն «գործող անձն» է, որը տարիներ շարունակ, սկսած ԿԲ նախագահի պաշտոնում գտնվելու պահից, զբաղվել է տնտեսության բարելավմանն ուղղված քայլերի զրոյացմամբ, պետական ֆինանսական միջոցների, միջազգային վարկերի և դրամաշնորհների յուրատեսակ փոշիացմամբ` ինչպես հավաստում են շատերը... Տարիներ շարունակ ես գրել ու ահազանգել եմ այն մասին, որ Հայաստանին տրվող միջազգային վարկերը, որոնք հետո ազգովի պիտի վճարենք, Տիգրան Սարգսյանն ուղղորդում է առևտրային բանկերին` այսպիսով երկիրը զրկելով տնտեսական հստակ զարգացման հնարավորություններից: Տարիներ շարունակ ես ահազանգել եմ այն մասին, որ վարչապետը միտումնաբար, անթաքույց ցինիզմով, նպաստում է արտագաղթի ծավալների ընդլայնմանը` հետապնդելով որոշակի շահեր: Տարիներ շարունակ ես աղմկել եմ այն մասին, որ Տիգրան Սարգսյանը անամոթաբար ծաղրում է գիտության, կրթության, մշակույթի գործիչներին` նրանց տանելով աղքատացման ու ստորացման, նրանց ստիպելով ապրել անարժան կյանքով... Սակայն տարիներ շարունակ այս մարդը շարունակել է պաշտոնավարել` արդեն հինգ տարուց ավելի դառնալով մեծագույն պատուհաս երկրի ու ժողովրդի գլխին: Ու չի էլ բացառվում, որ դեռ առաջիկա հինգ տարում էլ նա պիտի ղեկավարի կառավարությունը` ի վերջո դատարկելով երկիրը, երկրում մնացածներին վերածելով մուրացիկների ու թափառաշրջիկների... Անպայմանորեն, վարչապետի այսօրինակ գործունեությունը հովանավորվում է, նրան աջակցում և հուշում են, թելադրում: Անպայմանորեն այս մարդն ինքնուրույն չի գործում` կյանքի կոչելով հակազգային գործելաձևեր: Մեր աչքի առաջ ընդամենը 700 մլն դոլար պետբյուջե ունեցող Վրաստանը թռիչքներ գործեց, հզորացավ, օրավուր հզորանում է Ադրբեջանը, մինչդեռ մենք գլորվում ենք անդունդը` կորցնելով երկիր ու պետականություն, կորցնելով ազգային ու անձնական արժանապատվություն...
Այսօր վարչապետը սպառնում է դատի տալ «Հետք» թերթին: Իր գործն է, իր գործարար համբավն է փորձում փրկել, իսկ չի՞ վախենում «համեստ»-աբար ապրող վարչապետը, որ մի օր էլ մենք ազգովի իրեն դատի կտանք` մեր արժանապատվությունը տրորելու, մեզ աղքատացնելու, մեզ ստորացնելու համար: Չի՞ մտածում, որ հատկապես մտավորականությանը թշվառ դարձնելու իր քայլերը հակաքայլեր էլ ունեն, որ համընդհանուր զայրույթը մի օր կարող է անկասելի դառնալ, ու Տիգրան Սարգսյանին էլ սպառնան Չաուշեսկուի և Լիբիայի նախագահի ճակատագրերը...
Քանի դեռ համընդհանուր ցասումը չի հասել իր գագաթնակետին, քանի դեռ հայաստանցին վերջնականապես երես չի թեքել իր իշխանություններից, երկրի նախագահը պիտի համարձակություն և վճռականություն ունենա և ազատի Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնից: Երբ մի պաշտոնյայի մեղադրում են տարբեր գործարքներում ու պետական միջոցների փոշիացմանն ուղղված քայլերում, նա այլևս չի կարող ունենալ իր հանդեպ վստահություն և հավատ: Ուրեմն, պիտի հեռանա: Որքան շուտ, այնքան լավ` և՛ իր, և՛ երկրի համար...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել