Օրերս Մալայան ակնաբուժական կլինիկայում կատարված միջադեպը ստիպեց վերհիշել ընդհանուր բժշկական մթնոլորտը: Տպավորություն է ստեղծվում, որ բժշկական ոլորտին վերաբերող շատուշատ օրենքներ ուղղակի օրենքներ են, որոնք կյանքի կոչված պահից սկսած շարունակում են մնալ սպիտակ թղթի վրա: Խոսքը վերաբերում է անվճար հիմունքներով բուժվողների հետ կապված միջադեպերին: Այն, որ երրորդ կարգի հաշմանդամը դիմում է բժշկական տարրական օգնության այն մտադրությամբ, որ մատուցված օգնության ծախսերը հոգում է պետությունը կամ Առողջապահության նախարարությունը, տևում է մինչև հիվանդանոց հասնելը: Հիվանդանոցում պատկերն այլ է, նույնիսկ, երբ խոսքը վերաբերում է երեխաներին: Օրեր առաջ Մալայան ակնաբուժական կլինիկայում երեխայի բուժօգնություն ակնկալող ծնողի վրդովված վերաբերմունքը դրա վառ ապացույցն է: Հարցի էությունը կայանում է նրանում, որ պետպատվեր սպասարկվող հիվանդը, քանի որ համարվում է բժշկի սպիտակ խալաթի գրպանը պոտենցիալ փող չդնող, առերեսվելու է տարատեսակ խոչընդոտների, ընդհուպ մինչև անտեսված լինելու: Սուլեյմանյանը, որը համարվում էր անվճար հիմունքներով բուժվող, ստիպված էր միայն 18000 դրամ վճարել զուտ կոնսուլտացիայի դիմաց, իսկ սրա տրամաբանական շարունակությունը շատ ավելի մեծ ծախսեր է ենթադրում: Հատկանշականն այն էր՝ վճարի մասին տեղեկացնում է այն բժիշկ աշխատողը, որի գործառույթների մեջ բացարձակ չի մտնում դա. սրանից բխող եզրակացությունները կարող են լինել բազմազան, բայց հարցը էստեղ ավելի շատ Առողջապահության նախարարության թերացումներն են: Նախարարությունը այն կառույցն է, որը պարտավորված է ապահովել այս ոլորտում տիրող ամեն տեսակ անցուդարձի թափանցիկությունը, կոորդինացնի իր իսկ կողմից սահմանված օրենքները և դրանց ճշգրիտ կատարման գործընթացը և այլն: Բայց իրականությունն ու փաստերը վկայում են հակառակի մասին: Ցանկացած քաղաքացի, ով այս ծառայություններից օգտվելու փորձ է անում, որպես կանոն բախվում է նման խնդիրների հետ: Արդյունքում «պետպատվեր» ասվածը ենթադրում է ծախս, որը գանձվում է դիմողի գրպանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել