Գևորգ ՊետրոսյանՆախօրեին թուրքական լրատվամիջոցներում ակտիվությամբ տարածվում էին պոլսահայ հայտնի գրող, հրապարակախոս, լեզվաբան և գործարար Սևան Նշանյանին ազատազրկման դատապարտելու վերաբերյալ տեղեկությունները:

Եթե նրա անունը ձեզ դեռ ծանոթ չէ, Նշանյանը մերօրյա Թուրքիայի ամենաճանաչված մտավորականներից է, հայտնի է իր սկանդալային և խիզախ հայտարարություններով, բացեիբաց քննադատություններով, հարևան երկրում «հակապետական» համարվող գրքերով և հոդվածներով:

Նշանյանը ոչ միայն հայտնի լեզվաբան է և գրող, այլ նաև շատ հաջողակ գործարար, ով մի ամբողջ պատմական գյուղ էր վերականգնել (Շիրինջե գյուղն Իզմիրում) և վերածել խիստ ակտիվ ու հայտնի զբոսաշրջային կենտրոնի: Այս ընթացքում պետական մարմինները մշտապես խոչընդոտներ էին ստեղծում Նշանյանի գործունեության համար, դատական գործեր բացում նրա դեմ, անգամ որոշում կայացնում քանդել նրա կառուցած զբոսաշրջային գյուղը:

Սակայն հայ լեզվաբանի և թուրքական դատական և պետական համակարգի հետ «ջերմ» հարաբերություններն այսքանով չէին ավարտվում: Նշանյանի դեմ Թուրքիայի կողմից ճնշումներ էին գործադրվում նրա «Սխալ Հանրապետություն. Աթաթուրքի և քեմալիզմի վերաբերյալ 51 հարց» գրքի պատճառով:

Թեև անդադար դատական քաշքշուկներին, մշտական տարաձայնություններին թուրքական պետության հետ, տարբեր ատյանի դատարանները Նշանյանի դեմ ազատազրկման վճիռ չէին կայացնում:

Եվ այսպես, Ստամբուլի դատարանը նախօրեին Նշանյանին մեղավոր է ճանաչում Մուհամեդ մարգարեի հասցեին վիրավորանքներ հնչեցնելու մեջ և դատապարտում 13,5 ամսվա ազատազրկման (դատարանը հրաժարվեց նրա դեմ դրամական տուգանք կիրառել):

Սա վերջին շրջանում Մուհամեդ մարգարեի դեմ վիրավորանքների համար հայտնի անձանց պատասխանատվության ենթարկելու առաջին դեպքը չէր Թուրքիայում:

Ավելի վաղ նման մեղադրանքով դատարանի առաջ էր կանգնել նաև հայտնի թուրք դաշնակահար Ֆազիլ Սայը, ով, ըստ մեղադրող կողմի, թվիթերյան իր գրառումներում վիրավորել էր Ալլահի միակ մարգարեին:

Ի տարբերություն Նշանյանին ազատազրկման դատապարտելու վճռի՝ Սայը դատարանի որոշմամբ միայն խոշոր տուգանքի ենթարկվեց:

Այսօր կարդում էի «Այքըրըդողրուլար» լրատվակայքի հայազգի լրագրող Ջևաթ Սինեթի հոդվածը, որտեղ նա ուշադրության էր հրավիրում, թե ինչպես են թուրքական ազգայնամոլական լրատվամիջոցները սկսել թիրախավորել Սևան Նշանյանին, ինչը հայազգի մտավորականի համար հղի է լուրջ վտանգներով:

Ինչպես հիշում ենք, թուրք ազգայնական երիտասարդների խումբը (ստվերային ուժերի ղեկավարմամբ) «Ակօսի» նախկին խմբագրապետ Հրանտ Դինքին սպանեց այն բանից հետո, երբ մի շարք ազգայնամոլական/ծայրահեղական թերթերում նրա դեմ հոդվածներ հրապարակվեցին, նա որպես «հակաթուրքականության» թիրախ ներկայացվեց, իսկ պետությունն էլ նրան դատում էր ՔՕ-ի տխրահռչակ 301-րդ հոդվածով:

Նշանյանի դեմ գրեթե նույնատիպ արշավ է սկսվել, որում առավելապես ներգրավված են ազգայնամոլական թերթերն ու կազմակերպությունները:

Թեև թուրքական առաջատար լրատվամիջոցները փորձում են չեզոք դիրքից ներկայացնել Նշանյանի դեմ վճիռը, սակայն թերթերի ազգայնամոլական խումբը գործում է իր հայտնի հակահայ ավանդույթներով:

Ի դեպ, Նշանյանի դեմ այս արշավին միացել են նաև թուրքական, անգամ ադրբեջանական փողերով սնվող կազմակերպությունները (օրինակ՝ Իգդիրում գործող ԱՍԻՄ ԴԵՐ-ը):

Կարծում եմ, որ Նշանյանին այս տարիներին համեմատաբար անձեռնմխելի են պահել նրա մեծ հեղինակությունը, ճանաչվածությունն ու վարկը Թուրքիայում, սակայն այժմ նրա դեմ սկսվել է խոշոր արշավ, որին մասնակցում է ինչպես պետությունը (նրա դեմ գործն ու դատարանի որոշումը), այնպես էլ հասարակության ազգայնական/ծայրահեղական հատվածը (խմբին սպասարկող թերթերի հոդվածներ, կազմակերպությունների հայտարարություններ):

Այս ամենը, իհարկե, լավատեսական մտորումների տեղիք չի տալիս: Մնում է հուսալ, որ այս անգամ ևս Թուրքիան տուրք չի տա իր դասական հայատյաց ավանդույթներին, որոնք բավական ակտիվ են նաև մեր օրերում:

Պետք է նաև հաշվի առնել, որ թուրքական հասարակության մեջ «հայը վիրավորում է Մուհամեդին» տարածվող արտահայտությունը կարող է հերթական լարվածությունն ու անհանգստությունը ստեղծել Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել