Երբ փոքր էի, տանը մենակ շատ էի մնում. մեծեը` աշխատել-սովորել։ Տատիս թախտի դիմացի պատին հայելի կար։
Մի քիչ վերև էր կպցրած. երբ թախտին էի կանգնում, նոր միայն երևում էի։ Ես գլխաշորեր, շարֆեր, ադելաներ, շալեր, գլխարկներ էի քարշ տալիս թախտի վրա ու սկսսում էի կինո խաղալ։  Կինոն միայն այն էր, ինչ երևում էր հայելու մեջ։ Մի քիչ դերակատարների խոսքը ուշանում էր, մինչև պատասխանելու համար ես կռացած կշորափոխվեի, բայց ընդհանուր` հետաքրքիր էր հայելու էկրանս։ 

Դե, եթե տանը շինարարություն էր լինում ու բակում ավազ կար. քչփորում էի քարեր գտնելու։
Էլ։
Մայրս բարձրակրունկներով ֆռֆռալու համար բարկանում էր /կրունկները կոտրվում են` ասում էր/, դրա համար թելերի կոճեր էի հարմարեցնում գուլպաներով։ Հետո չէին հասկանում, թե ինչու են կրունկներս դուրս լցված։ Դե ու` շրթներկ։ Օծանելիքի հոտը անմեղ հայացքով քողարկել չէր լինի։ Չէի էլ փորձում, որ ճիշտն ասեմ, որովհետև երևի ինձ մենակ թողնելու համար խղճի խայթ էին զգում։

Բայց ինչի վրա էին լավ նեղվում` երբ սկսում էի դարակները քանդել։ Մտածում եմ` երևի մեկ-երկու տարեկանում չեմ արել, էդ խաղը պարտքի պես խտացել էր/է վերև...  

Մի անգամ հերթական անգամ քանդելուց տիկնիկ գտա տուփով, շատ սիրուն։ Շատ։  Խոհանոցում լավ բարձր դարակներ կային սարքած, ուր առանձնապես օգտագործվող բաներ չկային, ու դրա համար այն ինձ ավելի հետաքրքիր էր. հին կժեր, նոր կավից ամաններ, որ հայրս առնում էր որտեղից ասես, իսկ մայրս չէր սիրում կավ, պահում էր վերևի դարակներում... Դրանցից մի քանիսը հիմա իմ տանն են Ճ Վերջերս կավե կժերից խնդրեցի, մայրս չտվեց` քաղցրացել են ամուսնու առածները երևի Ճ ... Ինչևէ` աթոռներ դրեցի, բարձրացա, մի կերպ հասա, նոր տուփը տեսա, իջեցրեցի ու... հասկացա, որ իմ համար են առել` մի քանի օրից ծնունդս էր։ Խառնվեցի, տեղը դրեցի ու հուզվում եմ` ախր պիտի ցույց չտամ, որ տեսել եմ։ Հետո մտածում եմ` երկար խնդրել էի տիկնիկ, էլի խնդրեմ, թե՞ չէ՞՞՞ Ոնց պահեմ ինձ, որ չիմանան, որ գիտեմ՞՞ Որ նվիրելու ուրախությունները հարամ չանեմ...

Դժվար էր։
Մինչև հիմա հիշում եմ։ 
Ու հիմա, երբ ասում են` ես քեզ բան չեմ ասել. տես, իբր` չգիտես... Մեռնում եմ։ 
Մի ասեք։ 
Իմ հաշվին կրկնակի մի ուրախացեք. Մի հատ ասելուց, մի հատ իմ տխրելուց... Հա, մի հատ էլ` որ ես չեմ «քցի»...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել