Այնպես է ստացվել, որ այսօրվա դրությամբ մենք ունենք երկու հայկական պետություն՝ ՀՀ և ԼՂՀ, որտեղ տիրում է լրիվ իրարից տարբեր իրականություն: Ասածիս վառ ապացույցն էլ թող լինի բարձրաստիճան պաշտոնյայի կերպարի օրինակը: Այս կոնտրաստը միտքս եկավ, երբ կարդացի ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հարցազրույցը: 
Մասնավորապես, ամենահետաքրքիր միտքը, որ հնչեցրել է Հարությունյանը, հետևյալում էր կայանում. նա՝ որպես հայ մարդ ու զինվոր, չի կարող պատերացնել, որ ինչ-որ հողեր կարելի է զիջել ու պատրաստ է հանուն դրա զենքը ձեռքին պայքարել:
Միանգամից հիշեցի, թե ինչպես մի քանի տարի առաջ Ստեփանակերտում տեսա այս մարդուն. սովորական 06-ով՝ ինքն էլ ղեկին, եկավ, կանգնեց կենցաղային տեխնիկայի խանութի մոտ, ներս մտավ ու սկսեց ճշտել, թե ի՞նչ փաստաթղթեր է պետք ներկայացնել ապառիկով օդափոխիչ վերցնելու համար...

Ու մյուս պահին մտքիս եկավ մեր տնաշենը՝ Բանկի Տիկոն...
Ես չեմ՝ դուք եք, մի հատ ինքներդ ձեզ պատասխանեք, թե քանի՞սդ եք պատկերացնում Տիգրան Սարգսյանին՝ զենքը ձեռքին ինչ-որ բան, բացի սեփական բանկային հաշվից (որի վրա մենակ օֆիցիալ տվյալներով մոտ 1 միլիոն դոլար կա)...
Կամ մեկնումեկը կպատկերացնի՞, որ Սարգսյանը սովորական ժիգուլիով շրջագայի, այն էլ հենց ինքը ղեկին նստած լինի... Լրիվ ֆանտաստիկ բան եմ հարցնում. մեկնումեկը պատկերացնո՞ւմ է, որ Տիգրան Սարգսյանը ապառիկով օդափոխիչ ցանկանա վերցնել...

Ասածս ի՞նչ է, երկու հայկական պետություն՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններ և այսքան տարբեր չինովնիկներ ու իշխանավորներ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել