Կառավարության առաջնային 3 թիրախներից է աղքատությունը։ Սոցիալական ամենամեծ չարիքը Հայաստանում 38 տոկոս է: Մեր երկրում բոլորն ունեն հարստանալու իրավունք, բայց դրանից օգտվում են ոչ բոլորը: Իսկ մի խումբ մարդիկ օգտվում են չափից շատ: Օրենքից եւ հասարակական հետապնդումներից պաշտպանվելու համար անհիմն հարստացողները ձգտում են իրենց համար քաղաքական պաշտպանություն կազմակերպել՝ դառնալով ավագանի-օլիգարխ, պատգամավոր-օլիգարխ, նախարար-օլիգարխ։ Վերջինը հետխորհրդային աղքատ երկրներում, սոցիալական բեւեռացման ֆոնին ընկալվում է գրեթե որպես սոցիալական չարիք: Օրենքը հարուստին չի արգելում դառնալ պատգամավոր ու նախարար։ Օրենքը նախարարից ու պատգամավորից պահանջում է գործել ի շահ պետության ու համընդհանուր բարեկեցության, ոչ թե հօգուտ ընտանեկան բիզնեսի։ Քաղաքական հարթակներ զբաղեցնելուց հետո նրանք չեն իրականացնում քաղաքական երազանքները, որովհետեւ քաղաքական ծրագրեր ու նպատակներ չունեն եւ քաղաքական գործիչ չեն դառնում ու մնում կես ճանապարհին։ Խոսքն այն օլիգարխների մասին չէ, ովքեր խոստովանում են, որ հանգամանքների բերումով ակամա են զբաղեցնում քաղաքական պաշտոններ։ Խոսքը նրանց մասին է, ովքեր գեթ մի գրամ քաղաքական մտածողություն չունեն, սակայն իրենց երեւակայում են պետական գործիչներ եւ հիմնականում զբաղվում պաշտոնեական դիրքը չարաշահելով, այլ կերպ ասած՝ կոռուպցիայով- ավելի սարսափելի չարիք, քան աղքատությունը։ Աղքատության սարսափելի մեծ ծավալները կրճատելու եւ մի երջանիկ օր իսպառ վերացնելու հարցում լուրջ անելիք ունեն փոքրաթիվ այն մեծահարուստները, ովքեր նվիրված են համընդհանուր բարեկեցության ապահովման աստվածահաճո գործին։ Իսկ ահա մյուսները պետք է հնարավորինս շուտ փրկեն իրենց կերպարը՝ վճռական ընտրություն կատարելով քաղաքական գործչի եւ գործարարի միջեւ։ Միով բանիվ` մերօրյա օլիգարխները հակասական, ինչ-որ տեղ նաեւ ողբերգական կերպարի մեջ են հայտնվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել