«Մամ, վերնաշապիկս արդուկի, գնամ մազերս սարքեմ, գամ», «Էսօր կարգին քսվելու եմ», «Էս գալստուկն էլ ներվերիս վրա ազդեց, չեմ կարում կապեմ... մի խոսքով չեմ կապում», «Մամ, շալվարիս գիծը ծուռ ա» , «Արա, զանգը մոռացա կպցնեմ», «Սիրու՞ն եմ», «Վայ, վախենում եմ՝ բառերս մոռանամ»… 
Արտահայտություններ, որոնք լսվում են հայ շրջանավարտների շուրթերից: Բոլոր շրջանավարտները՝ աղջիկ, թե տղա, այնքան խառնված են այդ օրը, տեսնես ի՞նչ կա, որ այդպես խառնվել են: «Ո՞նց թե ինչ կա: Վերջին զանգս ա, էսօր իմ օրն ա, ամբողջ օրը քեֆ ենք անելու»,- կասեին մեր ցնծախառն երիտասարդ շրջանավարտները: Հիրավի, նրանց ուրախությանն ու ոգևորությանը չափ ու սահման չկա, բայց չնայած դրան՝ կանգնում են բեմում, ասում, խոսում, ծիծաղում, վերջում էլ (աղջիկները) «ողբը կապում»: Ու ամենահետաքրքիրն այն է, որ դրանից հետո էլ գնում, այնպես քեֆ են անում, որ չես ասի, թե մի քանի ժամ առաջ նրանք էին հուզվել: 
Ախր այդ օը մեր խեղճ շրջանավարտների մոտ ամեն զգացմունք խառնվում է իրար: Ե՛վ ուրախ են, և՛ ուզում են լաց լինել: Ու բոլորի մոտ տարբեր է… Մեկը լաց է լինում ուրախությունից, մտքում էլ ասում. «Վերջապես պրծա էս անտեր դպրոցից ու դասատուներից», մեկը հուզվում է, որովհետև միայն այդ պահին է հասկանում դպրոցի քաղցրությունը, մյուսը լաց է լինում նրա համար, որ այլևս չի տեսնի իր սիրած տղային, մեկ ուրիշն էլ տեսնում է՝ բոլորը լաց են լինում, ինքն էլ է ամոթից սկսում արտասվել: Ինչևէ, ինչքան էլ հուզվեն, չհուզվեն միևնույն է, դա իրենց տոնն է ու պիտի տոնեն այն: Պետք է այնպես տոնեն, որ ողջ կյանքում չմոռանան: Այդ օրը նաև փոքրիկ խենթություններն էլ են ներելի, բայց այդ ամենն էլ չափ ու սահման պետք է ունենա ու չանցնի սահմանները, որպեսզի օրը ուրախ շարունակվի մինչև վերջ: Այնպես որ, սիրելի շրջանավարտներ, ճիշտ տոնեք ձեր տոնն ու մի ընկեք ավելորդ թիթիզությունների ու ձևերի հետևից, ուղղակի ուրախ եղեք, դա է կարևորը… 
Սիրելի շրջանավարտներ: Սրտանց շնորհավորում եմ ձեզ այս հիանալի օրվա համար: Այս օրը ձեր ուսուցիչների համար այնքան էլ ուրախ չի լինի: Չէ՞ որ նրանք հրաժեշտ են տալիս իրենց սիրելի աշակերտներին: Պարզապես այսօր հիշեք դպրոցում անցկացրած տարիները, ձեր խենթությունները և իմացեք, որ միշտ կարոտելու եք այդ օրերը:
Մաղթում եմ ձեզ փայլուն հաջողություններ կյանքի այս նոր փուլում:
Շնորհավոր Վերջին զանգ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել