Հիմա էլ հույսները դրել են, թե գյուղացին է իրենց փոխարեն հեղափոխություն է անելու: Նորից սոցիալական բունտ, նորից ամբոխները խելագարված: Մի հատ Լենին լիներ ձեր վրա, մի լավ անուն դներ ձեզ, ասենք` ձախ էմպիրիկներ, կամ իրավիճակային «խվոստիստներ», կամ մանկական ցանկացած հիվանդությամբ հավետ հիվանդ «հեղափոխականներ»: Չեմ հոգնի կրկնել՝ համաշխարհային պատմությանը հայտնի չէ գյուղական կամ առհասարակ հասարակության ստորին շերտերի եւ ոչ մի հաջողության հասած ապստամբություն: Եթե հայտնի է, հուշեք ինձ:  Դեռ ավելին, բազմաթիվ բռնակալություների հիմքը եղել է հենց ստորին խավը, չքավորները, ոչ թե որովհետեւ այդ խավը վատն է, այլ որովհետեւ հասկանալի պատճառներով հնարավորություն չունի կազմակերպվելու, ձեւակերպելու եւ այլն: Մեզ մոտ էլ ՀՀԿ-ի իշխանության հիմքերից մեկը իշխող ուժի կլիենտների վերածված չունևորներն են, որոնց մեր միջին դասը մերթ հայհոյում է որպես ծախված, մերթ աստվածացնում է որպես ուր որ է հեղափոխություն անող շերտ: Մինչեւ պայմանական ասած միջին շերտը չհամախմբվի իր իսկ կողմից ձեւակերպվելիք հայեցակարգի եւ կազմակերպչական ռեսուրսի շուրջ, մինչեւ չսովորի մտածել, խոսել եւ գործել համակարգված, այլ ոչ թե իրավիճակային եւ քաոտիկ, եւ վերջապես մինչեւ չմերկացնի իր իսկ կոռումպացվածությունը, այլ ոչ թե անընդհատ խոսի միայն վերնախավի կամ էլ «հասարակ ժողովորդի» ծախվածության մասին, Հայաստանում ոչ մի որակական քաղաքական եւ հասարակական փոփոխություն չի լինի: Կամ էլ ցույց տվեք ձեր ճանապարհը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել