Սովորաբար իմ բանկային գործարքները կատարում եմ Աբովյան քաղաքում գտնվող բանկային մասնաճյուղերում: Գրեթե բոլոր բանկերում ինձ ճանաչում են և առանց ավտոմեքենայից իջնելու են սպասարկում: Երբ գնում եմ բանկ կամ զանգահարում եմ, որ դուրս գան, կամ հետս մարդ է լինում, ով փաստաթղթերս ներս է տանում, որ ձևակերպեն:
Այսօր չէի կարող գնալ Աբովյան, քանի որ շտապում էի և պետք էր Երևանում ստանայի:
Գործարք կատարելու համար ընտրված բանկի մասնաճյուղին մոտ ծանոթ գտա, խնդրեցի՝ մտնի բանկ և խնդրի, որ ինձ սպասարկեն: Բանկի աշխատող աղջիկը, ով դուրս եկավ, նայեց, նայեց անձնագրիս, հարցրեց իմ անունը, հետո հարցրեց գումարը և ուղարկող անձի անունը:
Անձի անունը չգիտեի, քանի որ նրան խնդրել էին ուղարկել այդ գումարը ինձ: Զանգահարեցի Մոսկվա և պարզեցի անունը: Գումարն էլ իմ ասած գումարից 200 ռուբլով պակաս էր: Դրա պատճառն էլ այն էր, որ գումարը սխալմամբ ուղարկել էր Ռուսաստանի այլ քաղաք և հետո դիմում էին գրել, որպեսզի ուղարկեն Հայաստան և արդյունքում 200 ռուբլի պակաս էր ստացվել:
Բանկի աշխատակիցը վերադարձավ բանկ, ըստ իս,  ձևակերպելու գործարքը, սակայն որոշ ժամանակ անց վերադարձավ և չհասած ավտոմեքենա՝ ինչ-որ բան ասելով փաստաթղթերը վերադարձրեց ինձ օգնող մարդուն:
Երբ այդ տղամարդը մոտեցավ ինձ և վերադարձրեց անձնագիրս, ասաց, որ բանկի աշխատակիցը խորհուրդ է տվել՝ փողը մեկ այլ մարդու անունով փոխանցեն:
Ես իհարկե ահավոր զայրացա և որոշեցի անպայման ստանալ իմ գումարը այդ մասնաճյուղից:
Ես զանգահարեցի եղբորս և խնդրեցի գա, որպեսզի ինձ օգնի մտնել բանկ:
Նա եկավ մեկ ժամ անց և առաջարկեց, որ ես չիջնեմ ու իրեն էլ հնարավորություն տամ խոսելու բանկի աշխատակցի հետ:
Անցավ կես ժամ և եղբայրս փողը ձեռքին դուրս եկավ: Ես շատ զարմացա, հարցրի, թե ինչ է տեղի ունեցել: Ինքը ասաց, որ մտել է ներս, աշխատակցին է տվել իմ անձնագիրը և ասել է, որ մեկ ժամ առաջ խնդիր է ծագել գումարը տալու հետ, այդ աշխատակիցը վերցնելով իմ անձնագիրը սկսել է ձևակերպել գործարքը, հետո փաստաթղթերը տվել է եղբորս ստորագրելու, եղբայրս էլ իմ ստորագրության փոխարեն իր ստորագրությունն է դրել, գումարը վերցրել և դուրս է եկել:
Իմ և եղբորս միջև տարիքային տարբերությունը 2 տարի է: Իհարկե, լինելով եղբայրներ, մենք նմանություն ունենք, բայց ոչ այն աստիճանի, որ բանկի աշխատողը շփոթեր, կամ չի նայում, թե ինչ ստորագրություն է դնում ստացողը, որը անձնագրում եղած ստորագրության հետ չի համընկնում:
Դե արի ու մի ասա, այ ձև բռնած անպատասխանատու պատասխանատուներ, ձեզ բանկին սկի մոտ չպետք է թողնեին, ուր մնաց գործարքներ կնքել են թույլ տվել:
Ես էի, մտնում էի ու պահանջում էի իմ գումարը, ի՞նչ էին անելու:
Եղբորս հետ լավ ծիծաղեցինք, և եղբայրս չթողեց, որ մտնեմ բանկ և նման պահանջ ներկայացնեմ՝ հասկանալով, որ այդ աշխատակցին գործից կհեռացնեն:
Լավ, այս հարվածս էլ բաշխեցի եղբորս:
Բանկի անունն և մասնաճյուղի հասցեն հատուկ չեմ նշել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել