Ավելի ցնցող դեպք, քան այսօր զոհված զինվորի հարազատների՝ զինվորի դիակը կառավարության շենք բերելու նախաձեռնությունն է, պարզապես չեմ պատկերացրել: Պատկերացնու՞մ եք, թե անարդարության զգացողությունը մարդկանց ինչպիսի ծայրահեղությունների է դրդում: Ավելի մեծ հասարակական ճեղքվածք, ավելի շառաչուն հասարակական ապտակ պարզապես անհնար է պատկերացնել: Հասարակական դժգոհությունների ֆոնին նմանատիպ ակցիաները պարզապես սառը ցնցուղ են քաղաքական համակարգին:
Հասարակական տրամադրությունները եռում են: Ամբողջ հասարակությունը հայտնվել է այնպիսի վիճակում, որ ոչ ոք այլևս կորցնելու ոչինչ չունի: Դուք հասկանու՞մ եք հասարակական ուղերձը: Հասկանու՞մ եք, որ ձեր՝ սեփական պատյանից դուրս գործելու անկարողությունը արդեն անկառավարելի է դարձնում հասարակությանը: Հասկանու՞մ եք, որ տարիներ շարունակ համացանցում և այլ հարթակներում արծարծվող և ձեր կողմից անտեսվող թեմաները դամոկլյան սրի նման կախվում են ձեր գլխին...
Գոնե այս սառը ցնցուղից հետո ի վիճակի՞ եք սթափվելու: Մարդիկ, որոնք ձեզ քննադատում են կամ լուծումներ առաջարկում՝ ձեր կամ պետության թշնամիները չեն: Մեծամասնության համար մեծ հաշվով կարևոր չէ իշխողի անձը, սակայն ձեր կողմից դրսևորվող քաղաքական իմպոտենտությունը երկիրը նետում է ծայրահեղ, անվերադարձ, կործանարար պրոցեսների մեջ: 
Հիշեք, այն վերջին հնարավորությունը, որ հիմա գոյություն ունի, կարող է երբեք այլևս չտրվել: Մեր հասարակությունը անհիշաչար, զուսպ հասարակություն է և իրական քայլերի, տեսանելի բարեփոխումների ֆոնին կարող է անտեսել այն բացասական լիցքերը և հակակառավարական տրամադրությունները, որ կուտակվել են տարիների ընթացքում:
Տղերք, սա իսկապես սահմանագիծն է: Սթափվեք: 
Սառը դատեք և սթափ գնահատեք իրավիճակը:
Մեր հասարակությունը պատրաստ է ցավոտ, երկարատև, բայց արդյունավետ փոփոխությունների: Ի վերջո որևէ կետից հարկավոր է սկսել: Իսկ դուք անգամ այդ կետը չեք փորձում որոնել: Օգտագործեք այն մտավոր և ստեղծագործական ներուժը, որ դեռևս մնացել է Հայաստանում: Հակառակ պարագայում կիշխեք մի Հայաստանում, որտեղ իշխվողներ այլևս չեն մնացել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել