Ես շտապում եմ եվրատեսիլյան դիտարկումներ անել նախօրոք, որպեսզի հետո չասեն, թե արդյունքների հետ էր դա կապված:
Անկախ այն ամենից, ինչ պատահեց, ես սրտանց մաղթում եմ հաջողություն մեր մասնակցին և սրտի թրթիռով սպասում եմ հաջողության. այնուամենայնիվ, իմ երկիրն է ներկայացվում և խումբ, որին նվիրված եմ եղել տարիներ շարունակ, և արել եմ իմ ուժերի սահմաններում հնարավոր ամեն ինչ նրանց համար...

հուսով եմ,որ կմարսվի այս ոչ պրոֆեսսիոնալ մոտեցումը այս մրցույթին և խմբին...իսկապես հուսով եմ...
Հանրային Հեռուստատեսությանը կխնդրեի, որ հաջորդ անգամ այս թեմայով հաշվի առնեն պրոֆեսիոնալների կարծիքը. բնավ ի նկատի չունեմ ինձ, այլ այն մարդկանց, ովքեր օրնիբուն աշխատում են ժամանակակից համաշխարհային երաժշտության հետ և հիանալի գիտեն, թե կոնկրետ այս հատվածում ինչ է հարկավոր հրամցնել սպառողին. դրանք են երաժշտական հեռուստա և ռադիոալիքների երաժշտական խմբագիրները:
Երգը ներկայացնելուց առաջ հարկավոր է հաշվի առնել ենթախումբը, որում հայտնվել ենք, այնուհետև` որոշել երգի բնույթը:
Եվրատեսիլը երբեք կարևորություն չի տվել հայտնի կամ լեգենդար անուններին. դիցուք` երբ հիրավի լեգենդ Էնդրյու Լլոյդ Վեբերն անձամբ բարձրացավ բեմ (մարդ, որ աշխարհին տվել է Ջիսզ Քրիստ Սուփերստառ), չփրկեց Մեծ Բրիտանիային, Պատրիցիա Կասսն` իր համաշխարհային ճանաչմամբ ու արտակարգ երգով, հազիվ տեղ գտավ 10-յակում: 
Երբեք մի ասեք, որ Եվրատեսիլը միայն քաղաքականություն է, որովհետև ես, անձամբ, դեռ չեմ հիշում որևէ լավ ստեղծագործություն (լավն իհարկե հարաբերական է), որը պարտվել է կամ չի մտել 10-յակ, բացառությամբ` Լաս Կետչափի, Իսպանիա, որ էլի համաշխարհային ճանաչում ուներ... Այլ բան է, որ եվրատեսիլյան սկզբունքներն ուսումնասիրել է հարկավոր, այնտեղ ամեն ինչ օրինաչափ է...
Երբեք մի ասեք, որ ռոքը Եվրատեսիլի համար չէ, որովհետև ես հիանալի հիշում եմ, որ, երբ Ֆինլանդիան ներկայացավ Լորդի խմբով, ես ասացի, որ հաղթելու է, բոլորն ասացին, որ ես խենթ եմ, որ ես երաժշտությունից բան չեմ հասկանում. ես սմս-ներ էի ուղարկում, բոլորը զայրանում էին, բայց հաղթեց... Շարունակելով կհիշեմ Թուրքիան ներկայացնող, հայկական ծագմամբ «Մանգա» խմբին ու Վրաստանին, երգեր, որ մինչ օրս անդադար պատվիրվում են մեր եթերում...
Երբեք մի թերագնահատեք պրոմոտուրերի նշանակությունը. խումբը մեզ համար է որակյալ ու մեծ` մեր չափանիշերով. գրեթե ցանկացած ներկայացող երգիչ իր երկրում նույն նշանակությունն ունի, բայց մեզ վրա կարող է տպավորություն չգործել` մեկ անգամ լսելով, հետևաբար` երգը պետք է «նստեցնել մարդկանց ականջին»:
Ցավոք` այսօր լավը չէ ենթախումբը, որում մենք հայտնվել ենք, այս դեպքում` առաջին լսելուց «ականջին նստող» երգ էր պետք ու որևէ յուրահատուկ ժեստ, որը ակնհայտ ուշադրություն կգրավեր ու կտպավորվեր:
Ամեն դեպքում` տղաները տաղանդավոր են, երգը վատը չէ, հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի... բայց գետն ամեն անգամ չէ, որ գերան է բերում....
Ինձ համար, որպես ռադիոհաղորդավար, հաղթում է միայն այն երգը, որը տարիներ շարունակ հնչում և պատվիրվում է եթերում ու չի կորչում` անկախ իր զբաղեցրած հորիզոնականից...
Բոլորիս մաղթում եմ հաջողություն, իմ սմս-ներն այս տարի ուղղվում են Ուկրաինային, բայց հստակ գիտեմ, որ, ամենայն հավանականությամբ, Դանիան է հաղթելու...
Շնորհակալություն ուշադրության համար:
Հարգանքներով` Լ.Բ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել