Հայաստանում Արտաշեսյանների արքայատոհմն իշխել է մ.թ.ա. 189-ից մինչև մ.թ. 1 թվականը: Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիրը Արտաշես Ա-ն է: Մ.թ.ա. 189թ. Մագնեսիայի ճակատամարտում Սելևկյան թագավորության պարտությունից հետո նա Հայաստանը հայտարարել է անկախ պետություն:
Արտաշես Ա-ն արձանագրություններում իրեն անվանել է «Երվանդական», որով փաստել է տոհմակցական կապը մ.թ.ա. 590 թվականից Հայաստանում իշխող Երվանդունի արքայատոհմի հետ:
Արտաշես Ա-ն վերամիավորել է Հայաստանից անջատված կամ խլված ծայրագավառները և ստեղծել միաձույլ, համազգային պետություն:
Արտաշեսյան արքայատոհմի ամենաականավոր ներկայացուցիչը Տիգրան Բ Մեծն է, որի օրոք Հայաստանը դարձել է Մերձավոր Արևելքի ամենահզոր պետությունը: Նրանից սկսած՝ Արտաշեսյան արքաները կրել են «արքայից արքա» տիտղոսը, իսկ Տիգրան Բ-ն՝ նաև «Աստված» պատվանունը:
Հռոմի հետ պատերազմներում՝ մ.թ.ա. 69-66 թվականներին Տիգրան Բ-ն կորցրել է նվաճված հողերը, բայց պահպանել Մեծ Հայքի անկախությունն ու ամբողջականությունը:
Տիգրան Մեծի որդին՝ Արտավազդ Բ-ն, և թոռը՝ Արտաշես Բ-ն, զոհվել են Հռոմի կայսրության դեմ մղվող պայքարում:
Տիգրան Բ-ի և նրա հաջորդների պայքարը Հռոմի դեմ ունեցել է նաև հելլենիստական առաջավոր քաղաքակրթությունը պաշտպանելու նպատակ:

  
 Արտաշես Բ-ի մահից (մ.թ.ա. 20թ.) հետո արքայա-տոհմական անկում է ապրել, իսկ մ.թ. 1 թվականից հեռացել է պատմության թատերաբեմից:
Արտաշեսյան տոհմի զինանշանն առկա է այդ արքայատոհմի ներկայացուցիչների կտրած դրամներին՝ թագի վրա: Լավագույն օրինակը պահպանվել է Արտաշեսյան Տիգրան Բ Մեծի թագի վրա: Այն իր արմատներով հարազատ է Արարատյան արքայատան զինանշանին և իրենից ներկայացնում է հետևյալ պատկերը. կենտրոնում ութաթև աստղ է, որը խորհրդանշում է արևը՝ հավերժությունը, նրա աջ և ձախ կողմերում մեկական արծիվներ են, որոնք պոչերով հենված են աստղի հիմքին և գլխով շրջված են դեպի արևը: Արծիվը ուժի և իմաստության խորհրդանիշն է: Եվ այս դեպքում էլ արքայատոհմի ներկայացուցիչները զինանշանը որդեգրելիս համոզմունք են ունեցել, որ հավերժությունը (արև) կարող է գոյություն ունենալ միայն ուժով (արծիվներ):

Ինչպես և այլուր, Արտաշեսյան տարբեր արքաների պարագաներում ևս, առկա են զինանշանային տարբերականեր, օրինակ՝ Տիգրան Բ-ի որդի և հաջորդ Արտավազդ Բ-ն նույն տիգրանյան թագի վրա կրել է միայն աստղի նշանը:
Արտաշեսյան զինանշանը պատկերված է Հայաստանի Առաջին Հանրապետության և Հայաստանի Երկրորդ Հանրապետության զինանշանների վրա (վահանի աջակողմյան ստորին հատվածում):

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել