«Թուրքիան պետք է ներողություն խնդրի հայերից, ինչպես նաև նրանց փոխհատուցում վճարի պատճառված նյութական վնասների համար` ներքին իրավական ուղիներ ստեղծելով»,-նման տողով է սկսում թուրքական ձախակողմյան «Ռադիքալ» պարբերականի հոդվածագիր Օրհան Քեմալ Ջենգիզն իր «Իրավունքը, փոխհատուցումն ու լուծումը» վերտառությամբ հոդվածը:


«Հնարավոր է արդյո՞ք Թուրքիայի դեմ Հայկական հարցի հետ կապված որևէ դատական գործ բացվի միջազգային դատարաններում և պարտադրվի փոխհատուցում վճարել: Այս հարցին իմ պատասխանը կարճ է և հստակ: Ոչ, հնարավոր չէ»,-նշում է Ջենգիզն, բայց և առաջարկում Թուրքիային ինքնակամ ներողություն խնդրել հայերից և փոխհատուցում վճարել:

Թուրք հոդվածագիրը նշում է մի քանի դատարաններ (Հաագայի միջազգային քրեական դատարան, Մարդու իրավունքների եվրոպական դատարան և այլն) և օրինակներ բերում, թե Հաագայում անհնար կլինի դատական գործ բացել, քանի որ հնարավոր մեղադրյալներից (Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից-խմբ) և ոչ մեկը կենդանի չէ:
Անդրադառնալով ՄԻԵԴ-ին` Ջենգիզը գտնում է, որ եվրոպական դատարանում հնարավոր չէ ցեղասպանությունների վերաբերյալ դատական գործ բացել:

Հոդվածագիրն առաջարկում է խնդրի լուծման իր տարբերակը.

«Թուրքիան ճիշտ ձևով կարող է լուծել այս խնդիրը: Մենք պետք է ընդունեք, որ 1915 թվականի դեպքերը մեծ մարդկային ողբերգություն են: Պետք է քննադատենք այն կազմակերպած «Միություն և առաջադիմություն» կուսակցությանն ու նրա դրածոներին: Այս ողբերգական դեպքերին զոհ գնացած մեր հայ եղբայրներից և նրանց սերունդներից պետք է ներողություն խնդրենք:

Ամեն դեպքում, Թուրքիան միայն ներողություն խնդրելով չպետք է բավարարվի: Թուրքիան պետք է փոխհատուցում տրամադրի նյութական վնասների համար, որոնք կրել են հայեը: Հատուկ օրենքներ պետք է մշակվեն, որոնց միջոցով թուրքական կողմը կվճարի փոխհատուցում Օսմանյան կայսրությունում բնակվող հայերի սերունդներին:

Այս ամենից հետո Թուրքիան, սեղանի շուրջ նստելով Միացյալ Նահանգերի, Եվրամիության և Հայաստանի հետ, կարող է մի միջազգային համաձայնագիր կնքել: Ըստ այդ համաձայնագրի` հայերի կրած վնասների վերաբերյալ գործերը կքննեն միայն թուրքական դատարանները: Հավատացեք` Թուրքիան այս ամենը կարող է հեշտությամբ անել, և հարցը կլուծվի:

Սակայն մենքն ինքներս պարտավոր են դեն նետել ժխտողականությունը և այս երկրից վտարված Օսմանյան կայսրությունում բնակված հայերի մեծ ողբերգությանը նայենք բաց սրտով, պետք է անկեղծ և պարկեշտ լինենք: Համոզված եղեք` մնացածը հեշտությամբ կհաղթահարենք»,-նշում է Ջենգիզը:

Նշեմ, որ ավելի վաղ Ջենգիզը մեկ այլ հոդված էր գրել Հայոց ցեղասպանության մասին: Վերջինս նշել էր, որ Մեծ Եղեռնն աշխարհի մի շարք պետություններ չեն ճանաչում ուղղակի սեփական շահերից ելնելով, այլ ոչ թե Հայոց ցեղասպանության գոյությանը չհավատալու պատճառով: Հոդվածը կարող եք գտնել այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել