Հայաստանի գերխնդիրներից մեկը նրանում է, որ շատ մարդիկ զբաղվում են այնպիսի գործերով, որոնք իրենցը չեն ու արդյունքում թոզմիշ են անում համ գործը, համ էլ երկիրը:
Նշված վիճակի պատկերավոր օրինակը ԲՀԿ-ական Գուրգեն Արսենյանի ու Hayeli.am-ի լրագրողի հարցազրույցն է, որը պարզ ցույց է տալիս, որ Գուրգեն Արսենյանը պատգամավոր լինելու իրավունք չունի, իսկ լրագրոողն էլ խախտում է իր մասնագիտական էթիկայի կանոնները: Մեջբերեմ հարցազրույցն ու շարունակեմ․

- Պարոն Արսենյան, բայց ընտրությունների հաջորդ օրը ԲՀԿ-ի նախնական հայտարարության մեջ նշվել էր, թե լրատվամիջոցների կողմից արձանագրված խախտումները կուսումնասիրվեն կուսակցության կողմից, եւ վերջնական գնահատական կտրվի: Փաստորեն, դուք ուսումնասիրել եք եւ եզրակացրել, որ մամուլը կեղծել է:
- Ես դրանով չեմ զբաղվում: Այդ պատասխանները ԲՀԿ-ից որեւէ մեկից կարող եք ստանալ:
- Թեպետ ինքնաբացարկ եք ներկայացրել, բայց Դուք ԲՀԿ ցուցակում երկրորդն էիք:
- Ես չեմ մոռացել:
- Այդ դեպքում ինչո՞ւ եք նման պասիվություն դրսեւորում:
- Ես պատասխանեցի, որ չեմ մոռացել, եթե ես ցանկություն ունենամ մեկնաբանել, կմեկնաբանեմ:
- Լավ, իսկ ի՞նչ եք կարծում՝ ԲՀԿ-ն ինչո՞ւ ընտրությունների վերջնական եւ հստակ գնահատականով հանդես չի գալիս:
- Երեւի իր արած հայտարարությունն արդեն բավարար է (խոսքն ընտրությունների հաջորդ օրը հրապարակած եւ ոչինչ չասող հայտարարության մասին է՝ Լ. Շ.):
- Այս ամենից հետո Դուք ԲՀԿ-ին քաղաքական դաշտի ո՞ր հատվածում եք պատկերացնում՝ ընդդիմադի՞ր, իշխանակա՞ն, թե՞ այլընտրանք:
- Կապրենք՝ կտեսնենք, ժամանակը ցույց կտա:
- Խոսվում է, որ ԲՀԿ-ն սեպտեմբերից պետք է հայտարարի ընդդիմություն դառնալու մասին, ըստ Ձեզ՝ ԲՀԿ-ն կարո՞ղ է ընդդիմություն դառնալ:
- Իմ կարծիքը թողեք ինձ: Չգիտեմ խի՝ կարծես զանգերի ինչ-որ գործընթաց է սկսվել, առաջին լրագրողը չես այսօր, որ զանգում ես:
…Բացատրություն ես ուզում՝ գնա ԲՀԿ-ից բացատրություն պահանջի, շահագրգռված եք, հասարակությանը ԲՀԿ-ի բանով… ներսը, դուրսը ցույց տալով, էս ի՞նչ ԲՀԿ-ացավ եք կպել սաղդ:
- ԲՀԿ-ացավ չենք կպել, պարզապես նախկինում մի բան եք ասել, այսօր ուրիշ բան եք անում, մենք էլ ուզում ենք հասկանալ՝ ինչո՞ւ:
- Ի՞նչ եք ուզում հասկանաք: Ընտրություններն ավարտվել են, քաղաքական ձեւակերպումով հայտարարություն էլ արվել է, ի՞նչ ես ուզում ասեմ:
- Փաստորեն, ընտրություններն անցել են առանց կեղծիքների, այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանեք, որ ընտրությունների օրը հենց ԲՀԿ-ից էր ընտրատեղամասերում կատարվող «կեղծիքների, խախտումների» մասին ահազանգում: Ի՞նչ նպատակ էին հետապնդում այդ ահազանգերը:
– Հետապնդում էր նպատակ, որ, ասենք, չլիներ էն, ինչը որ տեղի էր ունենում:
- Իրականում չէի՞ն եղել նման բաներ, պարզապես նախազգուշացնում էիք, ուզում էիք այդպիսով կանխել…
- Ես ասում եմ՝ եղել են, եւ այդ հայտարարություններն արվում էին, որ վերացնեին թերությունները:
- Խախտումներ եղել են, բայց ընտրություններն առանց կեղծիքների՞ են անցել…
- Նյութ ես ուզում տպե՞լ, ուրեմն ինքդ քեզ հարց տուր, ինքդ քեզ պատասխանի, տպի, էլ ի՞նչ ես ուզում ինձանից:
- Պարոն Արսենյան, խոսակցություններ կան, որ ընտրությունների օրը Ձեր ընտրատարածքի շտաբից, Ձեր իսկ ներկայությամբ, ոստիկանները երեք պարկ գումար են հայտնաբերել…
- Իմ ներկայացուցիչները դիմել են ոստիկանություն, որպեսզի հայտնաբերեն նման սուտ, զրպարտող տեղեկատվություն տարածողներին:
- Դեռ չե՞ն հայտնաբերել:
- Դեռ՝ ոչ, մենք պարզապես պաշտոնապես դիմել ենք՝ հասկանալի չէ՞…
- Պարոն Արսենյան, մի տեսակ դյուրագրգիռ եք:
- Ոչ, դյուրագրգիռ չեմ, կենտրոնացած աշխատում էի, անջատվեցի նրանից, ինչի վրա կենտրոնացած աշխատում էի, եւ հիմա ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ ա ուզածդ:
Այստեղ պարոն Արսենյանը նորից ճշտեց, թե որ լրատվամիջոցից եմ, ապա ասաց. «Ինչը որ ես քեզ ասել եմ, տպելու ենթակա չի: Համարի, որ Արսենյանից ինտերվյու չես վերցրել»:
- Կարելի՞ է իմանալ՝ ինչու:
- Որովհետեւ չեմ ուզում տպես, ես էլ իմ իրավունքներն ունեմ եւ չեմ ուզում:
- Իսկ ես իմ աշխատանքն եմ կատարում, կարող էիք չպատասխանել իմ զանգին:
- Դե ուրեմն սրանից հետո ինձ չզանգես՝ եղա՞վ, ես ասում եմ, որ չպիտի տպես:
- Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ խնդիր կա:
- Իմացի, որ Արսենյանը քեզ ասեց… Եթե տպես, ուրեմն սրանից հետո հարցերդ գրավոր կուղարկես ինձ, իմ անձնական հեռախոսին էլ չզանգես, լսո՞ւմ ես:
- Դուք պաշտոնյա եք, հանրային դեմք եւ եթե շփվում եք լրագրողների հետ, ապա պարտավոր եք պատասխանել մեզ, ինչպես նաեւ հանրությանը հուզող հարցերին, այլապես մի պատասխանեք Ձեր հեռախոսազանգերին:
- Ուրեմն գլուխդ պատին ես տվել, թե ես պարտավոր եմ պատասխանել, սրանից հետո գրավոր կգրես ու պատասխանը կստանաս գրավոր, ընկել եք ձեր երեւակայության գիրկը, շատ եք մեծամտացել արդեն, ես զգուշացրեցի քեզ:

Ուրեմն, անկախ նրանից, թե ինչքան է նյարդայնացնում լրագրողը իր կրկնվող ու ուղղորդող հարցերով, դա դեռ Արսենյանին իրավունք չի տալիս անցնել կոռեկտության սահմանը ու առավել ևս «Գլուխդ պատով ես» տվել արտահայտություն անել, առավել ևս, երբ հարցազրույցը հեռախոսով է արվում ու հանգիստ կարելի է հեռախոսն անջատել, երբ տեսնում ես, որ լրագրողը արդեն խախտում է լրագրողական էթիկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել